[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՐՔԸ՝ ԳՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔ

SAM_4116.jpgՍտեփանակերտի՝Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանում կայացավ բանաստեղծ Ռոբերտ Եսայանի նոր՝ թվով 26-րդ՝՝ ՙԿենսագրության եռանկյունի՚, գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, բանաստեղծներ Սոկրատ Խանյանը, Դավիթ Միքայելյանը, Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լեոնիդ Հարությունյանը, գրողներ, մտավորականներ և մանուկ ընթերցողներ:
Բացելով միջոցառումը՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ Ռոբերտ Եսայանն այսօր իր ուրույն տեղն ունի ոչ միայն արցախյան, այլ հայկական գրական իրականության մեջ, նա  ունի իր յուրահատուկ գրական  ոճն ու մտածողությունը, կարողանում է բանաստեղծությունը տանել դեպի մարդը, դեպի այն ընթերցողը, ում համար պոեզիան արժեք է:
- Ռոբերտը գրում է հակիրճ պատկերավորությամբ, նրա բառերն ընդհանրապես ունեն ներքին պատկեր, ինչը բևեռների կոնֆլիկտ, հակասություն է,- ասաց Վ. Հակոբյանը։- Բանաստեղծը ծնում-ստեղծում, նկարում է իր ժամանակը: Այս առումով Ռոբերտ Եսայանը բռնել է ժամանակի քննությունը: Այս փոքրիկ ժողովածուն ասվածի վկայությունն է:
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը նկատել տվեց. 
- Ռ. Եսայանն ինքն իրեն չի կրկնում, նա ինքն իրենից ծնվում է: Այսքան գույները, մարդկային հոգու ելևէջներն ու թրթիռներն այսպես խորությամբ և նրբանկատ տեսնելը և պոեզիա բերելը հատուկ է իսկական բանաստեղծին: Այս գրքում ես Ռոբերտին նաև մի այլ հարթությունում, մի այլ հորիզոնում տեսա. այստեղ կան և՜ ազգայինը, և՜ համամարդկայինը: Ու կա նաև ժամանակը:
Բանաստեղծ Դավիթ Միքայելյանը նշեց, որ Ռ.Եսայանն իրենց  սերնդի բանաստեղծների մեջ առանձնանում է:
Ընդգծվեց նաև գիրքը ձևավորող նկարչի՝ Ռաֆայել Պետրոսյանի ներդրումը:
Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի տնօրեն Լեոնիդ Հարությունյանը (ով բեմադրել է Ռ. Եսայանի ՙՀարության ժամանակը՚ գրքի մոտիվներով ներկայացումը) կարևորեց մեր ժամանակներում բեմից պոեզիան ներկայացնելու իրողությունը և հույս հայտնեց, որ դեռ էլի առիթ կունենանք դերասանների ներկայացմամբ նոր գրական-գեղարվեստական կոմպոզիցիաներ ունկնդրելու, որոնց հիմքում  կլինեն նաև Ռ. Եսայանի նոր գործերը:
Անդրադառնալով մեր բանաստեղծների և թատրոնի այս տեսակ համագործակցությանը՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ առանձնահատուկ կարևորում և  ողջունում է այն:
Ռ. Եսայանի նոր ժողովածուի մասին դրվատանքի խոսքեր ասաց նաև վաստակաշատ մանկավարժ Միքայել Բալյանը:
Երեկոն առանց ասմունքի թերի կլիներ, և ներկաներին հաճելի անակնկալ մատուցեցին Շուշի թատրոնի դերասաններ Անի Կապլանյանն ու Նվեր Ղարաբեկյանը, ովքեր արտասանեցին օրվա հերոսի բանաստեղծություններից:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Ռ.Եսայանը նշեց, որ բանաստեղծելն այնքան դժվար չէ, որքան որ բանաստեղծական անհրաժեշտ մթնոլորտ, իրականություն ունենալը:
Նա այս հարցում կարևորեց Արցախի ԳՄ վճռորոշ դերը:
Ռ. Եսայանը նաև շնորհակալություն հայտնեց Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին, որ շարունակում է անհրաժեշտ և առարկայական համագործակցությունը մեր գրական իրականության հետ:
 
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ