[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ ԵՎ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ

Նոյեմբերի 6-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ Սայաթ¬Նովայի 300-ամյակին և Եղիշե Չարենցի 115¬ամյակին նվիրված ասմունքի մանկապատանեկան հանրապետական 5-րդ մրցույթ ¬ փառատոնի արցախյան փուլը։ 
Փառատոնը, որն արդեն ավանդական է դարձել, անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևանում, Արցախում, Թբիլիսիում և Ջավախքում։ Նշենք, որ ասմունքի մրցույթ ¬փառատոնն անց է կացվում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Ի դեպ, ՀՀ ԱԺ խոսնակը նաև փառատոնի պատվավոր նախագահն է։ Փառատոնի հանձնախմբի նախագահը ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն է, իսկ կազմում ընդգրկված են խորհրդարանի պատգամավորներ, անվանի  գրականագետներ, դերասաններ, ասմունքի վարպետներ, արվեստագետներ ու երաժիշտներ։ Հանրապետական մրցույթ ¬ փառատոնն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ։
Փառատոնի առաջին փուլն անց է կացվել ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 5-ը, երկրորդ՝ մարզային փուլը, հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 5-ը, երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ գալա¬համերգ և մրցանակաբաշխության արարողություն, տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատի թատրոնում։
Մրցույթ ¬ փառատոնի նպատակը մատաղ սերնդի ուշադրությունը բևեռելն է հայ ասմունքի հարուստ ավանդույթների վրա, նորից ու նորից անդրադառնալը հայ պոեզիային ու գրականությանը, մասնավորապես Սայաթ ¬ Նովայի և Եղիշե Չարենցի երաժշտական և գրական բացառիկ ժառանգությանը։
Այս մրցույթ - փառատոնի ծրագրում ընդգրկված էին ինչպես Սայաթ ¬ Նովայի ստեղծագործությունները, այնպես էլ նրան նվիրված ձոները։ Մասնակիցները բաժանված էին 2 տարիքային խմբի՝ 11-14 և 15-17 տարեկաններ։ 11-14 տարիքային խմբի ելույթի համար պարտադիր էր կատարել Եղիշե Չարենցի երկու ստեղծագործություն, ըստ ցանկության՝ նաև Սայաթ-Նովա, իսկ 15-17 տարեկանների համար պարտադիր էին  Սայաթ ¬Նովայի ստեղծագործությունները, ըստ ցանկության՝ Եղիշե Չարենց։ Ամեն մասնակից ելույթի համար պարտադիր ընտրում էր 2 ստեղծագործություն, տևողությունը՝ մինչև 2 րոպե։ Նախորդ մրցույթների մրցանակակիրները չեն կարող մասնակցել փառատոնին։
Մրցույթ ¬ փառատոնի այս փուլին մասնակցեցին 32 հոգի, ովքեր հաղթել էին շրջանային փուլում։ Փառատոնի մասնակիցներին պարային կատարումներով ողջունեցին Ստեփանակերտի հ. 2 մանկապարտեզի սաներն ու Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի պարային համույթը։
Մրցույթ ¬ փառատոնը ողջույնի խոսքով բացեց  ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը։ ՙԱյս հողը պահելով՝ դուք պահում եք Հայաստան  աշխարհը։ Անկոտրում կամքի տեր արցախցիներն ապացուցեցին, որ թույլ չեն տա թշնամուն ասպատակելու իրենց երկիրը, իսկ այսօր ելույթ ունեցողներն ապագան կերտողներն են. այսօր խոսքով, վաղը՝ գործով՚,- ասաց նա։  
Այնուհետև Մ. Մակարյանը ներկայացրեց հանձնախմբի կազմը. ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահինյանին, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կարո Վարդանյանին, աշուղական երգերի լավագույն կատարող Սիրանուշ Գալստյանին, Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասան Բորիս Ստեփանյանին, դերասանուհի Ջուլիետա Բաբայանին, ասմունքող Սարգիս Նաջարյանին, Արցախից՝ ԼՂՀ ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական  հանձնաժողովի փոխնախագահ, գրող ¬ հրապարակախոս Վարդգես Բաղրյանին և ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանին։
Մրցույթ ¬ փառատոնին մասնակցեցին Ստեփանակերտից 10 հոգի, Ասկերանից՝ 7, Մարտունուց՝  6, Մարտակերտից՝ 4, Հադրութից՝ 6, Շուշիից՝ 2, Քաշաթաղից՝ 4 հոգի։
Մի քանի ժամ տևեց մրցույթ ¬ փառատոնը. այն չէր հոգնեցրել ո՜չ մասնակիցներին, ո՜չ հանդիսատեսներին։ Ասմունքի ավարտից հետո դահլիճը ջերմությամբ ու ոգևորությամբ ընդունեց Ստեփանակերտի Սայաթ ¬ Նովայի անվան երաժշտական քոլեջի սաների, ՙԱմադեուս՚ մրցույթի դափնեկիր Պողոս Աբելյանի (Սայաթ ¬ Նովա) և Արթուր Մկրտումյանի (դուդուկ) ազգագրական երգերի կատարումները։
Փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու Մարիետա Մակարյանն ամփոփեց արդյունքներըը. 11-14 տարեկանների խմբում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել էին Տիգրանուհի Խաչատրյանը (Քաշաթաղի շրջան, Վարդուտ), Լիլիթ Ավանեսյանը (Շուշի), Սմբատ Հովհաննիսյանը (Քաշաթաղ, Կովսական), 15-17 տարեկանների խմբում առաջին տեղը՝ Հասմիկ Բարսեղյանը (Ասկերանի շրջան, Այգեստան), 2-րդ և 3-րդ տեղերը՝ Թովմաս Առաքելյանը (Քաշաթաղի շրջան, Գետամեջ), Հասմիկ Հարությունյանը (Մարտունի)։
Երևանյան փուլին մասնակցելու լրացուցիչ իրավունք ստացավ Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի սան Անի Բաբայանը։
Մրցանակակիրները ստացան դրամական պարգև և դիպլոմներ։
ԼՂՀ ԿԳ նախարարության պատվոգրի և նվերների արժանացան Օքսաննա Բալայանը և Անի Հարությունյանը (Ստեփանակերտ), Միլենա Ավանեսյանը (Ասկերան), Արաքս Բաղդասարյանը (Մարտունի)։
Փառատոնի անակնկալներից էին ասմունքող Սարգիս Նաջարյանի և աշուղական երգերի լավագույն կատարող Սիրանուշ Գալստյանի կատարումները. բեմի վրա հերթագայվում էին երգն ու ասմունքը, իսկ դահլիճի ոգևորությանը չափ ու սահման չկար։
Ասմունքի մրցույթ¬փառատոնին ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։