[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՍՄՈՒՆՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԸ ՄԻՏՔԸ ՀԱՂՈՐԴԵԼՆ Է՚

Ասմունքը թե՜ խորհրդային, թե՜ հետխորհրդային տարիներին Արցախում միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում։ Հիշենք շրջանային և հանրապետական փուլերով փառատոները ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ 
Սակայն դրանք թե՜ բովանդակային, թե՜ ձևաչափի առումներով հեռու էին վերջին 5 տարիներին արդեն ավանդույթ դարձած ասմունքի մրցույթ-փառատոներից, որոնք  անցկացվում են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Այն, որ Արցախում ասմունքի փառատոները հեռու են ձևականությունից ու պայմանականություններից, վկայում է թեկուզ այն փաստը, որ երևանյան եզրափակիչ փուլում  արցախցիները երկու անգամ շահել են Գրան-պրի և այլ մրցանակներ ու պատվոգրեր։ Իսկ ասմունքի հանդեպ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում տարեցտարի ավելանում է,  դա ցույց տվեց նոյեմբերի 6-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցած մրցույթ-փառատոնի արցախյան փուլը՝ նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին և Եղիշե Չարենցի 115-ամյակին։
Հանդիսատեսների հետաքրքրությունը ևս մեծ էր, որը վկայեց լեփ¬լեցուն դահլիճը և ոգևորությունը։ Ասմունքի ոլորտում արձանագրված   ձեռքբերումներում հարկ է նշել հայոց լեզվի և գրականության ուսուցիչների  ջանքերը, կատարած մեծ աշխատանքն աշակերտների հետ։ Այս փառատոնը վկայեց, թե դպրոցականները որքան լավ են նախապատրաստվել և որքանով են տեղյակ հայ պոեզիային, հայ դասականներին։ Փառատոնի 32 մասնակիցներից 7 հոգի իրավունք ստացան մասնակցելու երևանյան եզրափակիչ փուլին, որին Հայաստանից, Ջավախքից, Արցախից ընտրված 100 մասնակիցներից 20 լավագույնները կարժանանան մրցանակների։
Մրցույթ-փառատոնի այս փուլի առանձնահատկությունը, որը նշեցին նաև Երևանից եկած հանձնախմբի պատվավոր ու ճանաչված անդամները, այն էր, որ ասմունքը դադարել է քաղաքի դպրոցների ՙմենաշնորհը՚ լինելուց. այս անգամ մրցանակակիրների մեծ մասը շրջաններից ու գյուղական դպրոցներից էին։ Նկատելի էր հանձնախմբի ոգևորությունը, երբ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի դպրոցի աշակերտուհի Հասմիկ Բարսեղյանը (15-17 տարեկանների խումբ) արտասանում էր Սայաթ-Նովա ու Չարենց,  գրավեց առաջին տեղը։ Պետք է հատուկ նշել այս աշակերտուհու հետ զբաղվող ուսուցչուհու՝ Արևիկ Շումանյանի ջանքերն ու աշխատանքը։ Ի դեպ,  Այգեստանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու սաները նախորդ մրցույթների ժամանակ մարզային փուլերում ևս մրցանակային տեղեր են գրավել։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փառատոնի մասին արտահայտած իր գնահատականում ընդգծեց համահայկական շրջանակները, տարեցտարի ավելի ու ավելի  շատ մասնակիցներ ընդգրկելը։ ՙԱսմունքի միջոցով մենք ձգտում ենք բարձր պահել մեր ազգային նկարագիրը,-ասաց ԱԺ նախագահը։¬ Հայերեն խոսքով, հայերեն երգով պահպանենք մեր  ազգային ավանդույթները և հայ դասականների  հարուստ ժառանգությունը՚։
Մրցույթի ավարտից հետո իր ասմունքի դիտարկումները ներկայացրեց փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա ՄԱԿԱՐՅԱՆԸ.
- Նախ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, պատգամավորներին, դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին, որ 5-րդ անգամ սիրով արձագանքեցին հայաստանյան միջոցառմանը։ Ուրախությամբ նշեմ, որ ասմունքի այս փառատոնին ընդգրկված  230 դպրոցներից մասնակցել են  15 հազար աշակերտներ։ Բավականին երկար ժամանակ, գրեթե երեք տասնամյակ, ասմունքի  փառատոն չի կազմակերպվել, և մեզ համար էլ սկզբում տարակուսելի էր՝ արդյո՞ք պատշաճ արձագանք կգտնի, բայց սա հրաշալի առիթ է մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։ Փորձեցինք, և երբ առաջինը հաջողություն ունեցավ, գործը թափ առավ, այն դարձավ ավանդական։ 
 
Գուժ ՄԱՆՈՒԿՅԱՆ, 
ՀՀ ժողովրդական արտիստ.
 - Այսօր ես ուզում եմ Արցախի մասին խոսել, և մեծ ցավով եմ նշում, որ լավերն ու բարձր միավորներ հավաքածներն այնքան շատ էին, որ մենք՝ հանձնախմբի անդամներս, ընտրության հարցում դժվարանում էինք։ Անցած անգամ էլ մենք այստեղի ելույթներից շատ գոհ էինք։ Երեխաներն այնքան ճիշտ են զգում խոսքի հմայքը, մանավանդ որ շատ դժվար է Սայաթ-Նովա և թիֆլիսահայ բարբառային խոսքը հաղթահարելը։ Եվ հաղթահարեցին։ 11-14 տարիքային խմբի երեխաները, բնականաբար, դժվարանում էին Սայաթ-Նովայից, բայց Չարենց լավ էին արտասանում։
Ամենադժվար բանը, որ չէին կարողանում շատերը հաղթահարել, դա ՙերգեցողությամբ՚ արտասանելն էր, շատ դեպքերում պակասում էր կենդանի խոսքը, նրանք տողեր են կարդում, այսինքն՝ կարծես ուզում են ցույց տալ, թե իրենք որքա՛ն  լավ գիտեն ոտանավորը, անգիր անելը։ Իսկ մենք գնահատում ենք ոչ թե անգիր խոսքը, այլ՝ այն, թե երեխան որքանով է ըմբռնել հեղինակին, տեքստը և ինչպես է փոխանցում դահլիճին։ Իհարկե, երկչոտ երեխաներ էլ կային, բայց կարևորը դա չէ։ Շատ երեխաներ աշխատում են դերասանական հնչերանգներով խոսել, որը սխալ է։ Ձեռքերի անիմաստ շարժումները և, այսպես ասած՝ դերասանությունն իջեցնում են գնահատականը, փչացնում՝ տպավորությունը։ Ես այս 5 տարիներին գրեթե  միշտ ներկա եմ եղել արցախյան փուլին և գոհ եմ եղել։ Շարժը կա, նկատվում է, մրցանակներ են շահում երևանյան փուլում։ Անցած տարի, երբ արևմտահայ պոեզիայի փառատոն էր, մենք զարմացանք Արցախի դպրոցականների արևմտահայ լեզու հաղթահարելուց, հասկանալուց։ Ես նաև զարմացած էի երեխաների համարձակությունից. չէ՞որ բեմը նաև կաշկանդում է։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ