[ARM]     [RUS]     [ENG]

ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ

DSC04853.jpgՆոյեմբերի 11-ին Ստեփանակերտում առաջին անգամ անցկացվեց կիոկուշին կարատե մարտարվեստի հայաստանյան բաց առաջնություն, որին մասնակցեցին Արցախի և Հայաստանի մարզերի շուրջ 150 սաներ։ 
Այն անց է կացվել կատա և կումիտե ձևերով. առաջինի դեպքում մարզիկը մենամարտում է իրական, երկրորդի՝ երևակայական հակառակորդի դեմ։ Ընդհանրապես, կիոկուշինը կարատեի տեսակ է, ճապոնական ոճ, սակայն հիմնադիրը կորեացի է։ Կարատե մարտարվեստում գոյություն ունի երկու հիմնական ուղղություն՝ կոնտակտային և ոչ կոնտակտային։ Կիոկուշին կարատեն հենց կոնտակտ է ենթադրում։ ԱրՊՀ մարզադահլիճում տեղի ունեցած՝ ՀՀ կիոկուշինի այս բաց առաջնությունում անցկացված 5 տարիքային  խմբերից (8-9, 10-11,12-13,14-15,16-17) յուրաքանչյուրում ընդգրկված էին 3 քաշային կարգեր։ Ամեն մի մասնակից հնարավորություն ունեցավ մենամարտելու 3-4 անգամ։ Այս մրցաշարը Ստեփանակերտում կազմակերպվել է ԼՂՀ և ՀՀ կիոկուշին կարատեի ֆեդերացիաների համատեղ ֆինանսավորմամբ, ինչպես նաև ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ։
Արցախում արդեն 10 տարի է, ինչ գործում է կիոկուշին կարատեի խումբը, իսկ ֆեդերացիան ձևավորվել է 2 տարի առաջ։ Ու ամեն տարի արցախցի մարզիկները մասնակցում են ԼՂՀ, ՀՀ և արտերկրում կազմակերպվող մրցաշարերին և ունենում բարձր արդյունքներ։ ԼՂՀ կիոկուշին-կան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Կարինե Մուսայելյանը նշանակալի իրադարձություն համարեց Արցախում Հայաստանի բաց առաջնության կազմակերպումը։ Այս տարի Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիան բավականին լուրջ հաջողություններ է արձանագրել։ Տարվա ամենամեծ հաջողությունը Իտալիայում կայացած Եվրոպայի առաջնությանը արցախցի Արթուր Առուշանյանի հաղթանակն էր։ Նա դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Տասնյակ պետություններից հանդես եկող մարզիկների շարքում սեպտեմբերի 22-23-ին կայացած Եվրոպայի առաջնությանը մեր վեց մարզիկներից երեքը՝ Գոռ և Գառնիկ Ադամյան եղբայրները, Դավիթ Կարապետյանը կարողացել են գրավել մրցանակային տեղեր։ Կ. Մուսայելյանի խոսքերով՝ ֆեդերացիայի սաներն արձանագրում են բավականին լավ արդյունքներ, չնայած չունեն արհեստավարժ պարապմունքներ անցկացնելու պայմաններ. նրանք չունեն մարզադահլիճ ու պարապմունքներն անց են կացնում հ.1 դպրոցի մարզադահլիճում, չունեն նաև տատամիներ (մարզագորգ)։ ՙԿարծում եմ, եթե մեր սաներն ունենան մարզվելու բոլոր հնարավորությունները, ապա  ցուցանիշները կլինեն կրկնակի։ Ընդհանուր պարապմունքներին մասնակցում են 50-ից ավելի սաներ, ու նախատեսում ենք կիոկուշին կարատեի խմբեր ունենալ նաև Շուշիի և Ասկերանի շրջաններում։ Մեր մարզիչներից երկուսը ծառայում են ԼՂՀ ՊԲ շարքերում, հուսով ենք, որ զինվորական ծառայությունից հետո կշարունակեն Արցախում զարգացնել կարատեն՚,-ընդգծեց Կ. Մուսայելյանը։ 
Հայաստանի կիոկուշին կարատեի համահայկական ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի պարզաբանմամբ՝ ներկայումս ԼՂՀ-ում կան մեծ թվով պատրաստված մարզիկներ, ովքեր բարձր արդյունքներ են ունենում միջազգային տարբեր առաջնություններում։ Արցախն ունի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ, ու այդ բոլոր ցուցանիշները նպաստեցին, որ Արցախում առաջին անգամ անցկացվի ՀՀ-ի կիոկուշին կարատեի բաց առաջնություն։ Այս մրցաշարից հետո պարզ կդառնան արտերկրի առաջնություններին մասնակցելու մեր մարզիկների անունները։ Փաստորեն սա վարկանիշային առաջնություն էր։ ՙՀՀ-ում կիոկուշինի ֆեդերացիան ձևավորվել է 2005 թվականին, որից հետո այն իրավունք է շահել մասնակցելու միջազգային մրցաշարերի։ Արցախցի մարզիկներն իրենց հերթին մասնակցում են և հատկապես Կովկասի առաջնություններում միշտ հաղթանակներ են ունենում։ Դրանում մեծ ներդրում ունեն ԼՂՀ ԿԱ սպորտկոմիտեի նախագահ  Ռազմիկ Հովսեփյանը, Կարինե Մուսայելյանը, մարտարվեստի մարզիչները՚,- նշեց Ա.Հակոբյանը։ 
Համառ պայքարից հետո արցախցի 33 մարզիկներից 50 կգ քաշային կարգում Վարդան Կարապետյանը (12-13 տ.) զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը։ Երկրորդ մրցանակային տեղեր են զբաղեցրել30 կգ քաշային կարգում՝ Հարութ Կարախանյանը (10-11 տ.) և 60 կգ քաշային կարգում՝ Արման Սարգսյանը (14-15 տ.)։ Երրորդ տեղեր են զբաղեցրել 40 կգ քաշային կարգում Արման Գրիգորյանը (10-11 տ.), 45 կգ քաշային կարգում՝ Ռուսլան Բերջանյանը (14-15 տ.), 50 կգ՝ Արտակ Հակոբյանը (12-13 տ.), 55 կգ և ավելի քաշային կարգում՝ Արթուր Գրիգորյանը (12-13 տ.)։ Մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դիպլոմներով։
Կիոկուշին կարատեի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի խոսքերով՝ սաների պատրաստվածության մակարդակը համապատասխանում է իրենց գոտիների որակավորմանը։ Առաջնությանը մասնակցեցին նաև սկսնակներ, որոնցից, իհարկե, չի կարելի պահանջել այն հմտություններն ու տեխնիկական պահանջները, որոնք ցուցաբերում են բարձր գոտիներ ունեցող մարզիկները, սակայն կարողացան ցույց տալ արցախցուն բնորոշ ոգու ուժ, խիզախություն։ ՙՈւնենում ենք պարտություններ, հաղթանակներ, սակայն ես երբեք կարատեում մեդալներն ու գավաթներն առաջնություն չեմ համարում, ամենագլխավորը երեխաների առողջությունն է, նրանց պատրաստվածությունը, ունակությունները մարտի վարման մեջ, ինչպես նաև ավանդական մարտարվեստի օրենքների պահպանումը։ Ու մեր մարզիկները վերջին 5 տարիների ընթացքում ձեռք են բերել ավելի քան 175 մեդալ և գավաթ արտերկրից, իսկ մեր չեմպիոնների թիվն էլ աստիճանաբար աճում է՚,- նշեց ԼՂՀ հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի և կիոկուշին կարատե ֆեդերացիայի մարզիչ Արմեն Պետրոսյանը։ 
Դեկտեմբերին Մոսկվայում կկայանա պատանիների միջև կիոկուշին կարատեի աշխարհի առաջնություն, որն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում ՌԴ մայրաքաղաքում։ Արցախի Ֆեդերացիան ունի երկու թեկնածու, ովքեր էլ կմասնակցեն առաջնությանը։ Դրանք այն մարզիկներն են, ովքեր մրցանակային տեղեր են զբաղեցրել ՀՀ և Կովկասի առաջնություններում։ Այս մարզիկները նոյեմբերի 11-ի ՀՀ կիոկուշինի բաց առաջնությանը չեն մասնակցել, որպեսզի իրենց ուժը ներդնեն աշխարհի առաջնությանը և վերադառնան հաղթանակով։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ