[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՀՂԻ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐՈՎ

Krtutyun.jpgՔննարկվեցին համակարգում իրականացվող բարեփոխումները
ՀՀ և ԼՂՀ ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ընդլայնված նիստի երկրորդ մասը վերաբերում էր կրթության ոլորտի խնդիրներին։ 
Նիստին, որին ներկա էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ համապատասխան հանձնաժողովների անդամներ, կրթության և գիտության ոլորտների  պատասխանատուներ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժներ։ Այն վարում էր Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը։ 
ՙՀանրակրթության ու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտների բարեփոխումները ՀՀ-ում և ԼՂՀ-ում. պարտադիր կրթության նախապայմանը և կրթական ծրագրերի կազմակերպման այլընտրանքային հնարավորությունը ավագ դպրոցում, քոլեջում, արհեստագործական ուսումնարանում՚ քննարկվող թեմայով նիստի բանախոսները ԼՂՀ և ՀՀ կրթության և գիտության նախարարներն էին։
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանն իր ելույթի սկզբում ողջունեց նման ձևաչափով հանդիպումը՝ նշելով, որ քննարկումների արդյունքում ոչ միայն ի մի կբերվեն կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքները, այլև կհստակեցվեն հետագա անելիքները։ Գտնվելով միևնույն կրթական դաշտում, երկու երկրները, բնականաբար, պետական նույն քաղաքականությունն են իրականացնում։ Ս. Ասրյանի խոսքերով՝ Արցախում տեղայնացնում են ՀՀ-ում ընդունված որոշումների փաթեթը՝ որոշակի վերապահումներով։ ՙԱյն հանգամանքը, որ կրթության ոլորտի բարեփոխումներն անհրաժեշտ են՝ ինքնին հասկանալի է։ Խորհրդային դպրոցի փորձը և այն ավանդույթները, որ տարիներ ի վեր ստեղծվել էին՝ պարտադիր 100¬տոկոսանոց առաջադիմություն և այլն, այդ ճգնաժամային վիճակը փոխանցվել էր հանրակրթական դպրոցներին։ Այստեղից էլ առաջ  եկան խոչընդոտներ, որոնք արգելակում էին կրթության ոլորտի զարգացմանը՚,- ասաց ԼՂՀ ԿԳ նախարարը։ 
Բարեփոխումների հիմնական առանցք դարձավ համակարգի, այսպես կոչված,  գերակա՝ հանրակրթության բնագավառը (այն հիմք է հանդիսանում կրթության մյուս օղակների լիարժեք գործունեության համար)։ Ներդրվեցին նոր ծրագրեր, նոր դասագրքեր, կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ. սկզբում անցում 11-ամյա, ապա՝ 12-ամյա ուսուցման, ինչը ինքնըստինքյան առաջ է բերում օրենսդրական բնույթի խնդիրներ։
Խոսելով նախակրթարանների՝ մասնավորապես մանկապարտեզների մասին, ԼՂՀ կրթության և գիտության նախարարը  նշեց, որ ցանցը համալրման լուրջ կարիք ունի։ Խորհրդային տարիների  99 պետական մանկապարտեզի փոխարեն այսօր հանրապետությունում գործում է ընդամենը 40 պետական և ոչ պետական նախադպրոցական հիմնարկ։ Բացը լրացնելու նպատակով դպրոցներին կից ստեղծվեցին նախադպրոցական խմբեր, որոնց առաքելությունը երեխաներին նախապատրաստելն է դպրոցին։ Առաջնորդվելով նախակրթարանների մասին ՀՀ ԿԳ նախարարության հետ մշակված ծրագրով՝  հաջողվել է ոլորտը փոքր-ինչ ոտքի  կանգնեցնել։     
Ավագ դպրոցի հետ կապված խնդրի առնչությամբ Ս. Ասրյանը նշեց, որ հանրապետությունում առկա 216 դպրոցներից որպես ավագ առանձնացված են երեքը՝ երկուսը Ստեփանակերտում և մեկը Շուշիում։ Առկա են նաև հոսքային կրթությամբ  հինգ դպրոցներ շրջկենտրոններում և Ճարտարի համայնքում։ Մնացածը միջնակարգ կամ հիմնական դպրոցներ են, որտեղ ուսուցումն իրականացվում է ընդհանուր հոսքի ծրագրերին համապատասխան։ Նախարարի հավաստմամբ՝ ավագ դպրոցը տվել է իր արդյունքը։ Այն, որ դա կատարվում է երեխաների ընտրությամբ, որ յուրաքանչյուր աշակերտ հիմնական դպրոցն ավարտելուց՝ ավագ դպրոցին զուգահեռ նաև կարողանում է ստանալ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն՝ խոսուն փաստ է։ Եթե սկզբնական շրջանում երեխաներին մեխանիկորեն տեղափոխում էին ավագ դպրոց՝  ապա ներկայում արդեն այդպես չէ։ 50-60  տոկոս է կազմում ավագ դպրոց գնացողների թիվը, քանզի շատերը գիտակցում են, որ այնտեղ պահանջներն ուրիշ են։ 
Ս. Ասրյանն անդրադարձավ նաև համակարգում առկա մյուս խնդիրներին։ Ավագ դպրոցների ստեղծմամբ չդադարեց կրկնուսուցման գործընթացը. այն գործում է զուգահեռ։ Եթե ավագ դպրոցն անհրաժեշտ բարձրության վրա գտնվի՝ այդ խնդիրը կլուծվի, համոզված է ԼՂՀ ԿԳ նախարարը։ 
Քննարկման  առարկա դարձան  նաև արհեստագործական, միջին մասնագիտական կրթության ոլորտների խնդիրները։ Նախարարի կարծիքով՝ այստեղ նույնպես դրական տեղաշարժ կա. ավագ դպրոցի ստեղծմամբ սպառվող օղակը կարծես վերականդանացել է։ Այսուհանդերձ՝ նշված ոլորտներում անելիքները դեռևս շատ են, պետք է ներդրվեն ուսուցման մոդուլային մեթոդը, նոր ուսումնական պլաններ։
Դառնալով բարձրագույն ուսուցման բնագավառին՝ ԼՂՀ ԿԳ նախարարը նշեց, որ Արցախում գործող բուհերն ընդլայնել են համագործակցության շրջանակները՝ կապեր ստեղծելով արտերկրի բուհերի հետ, ընդօրինակում են միջազգային փորձը՝ ինտեգրվելով եվրոպական կրթական համակարգին։ Արցախի պետական համալսարանում արդեն հինգ տարի է՝ ներդրվել է կրեդիտային համակարգը, իսկ այս տարվանից սկսած՝ առաջին կուրսերում բոլոր մասնագիտությունների գծով քննությունները կազմակերպվում են համալսարանում ստեղծված՝ գիտելիքների գնահատման կենտրոնում՝ թեստային առաջադրանքների միջոցով։ Այսինքն՝ այս ձևով երկրորդ պլան է մղվում ուսանող-դասախոս գործոնը։ Նշված մեթոդը հետագայում կկիրառվի ամբողջ համալսարանական գործընթացում, փաստեց Ս. Ասրյանը։ Այդուհանդերձ՝ Արցախի բուհերը չլուծված խնդիրներ շատ ունեն. բոլոր մասնագիտությունների գծով չէ, որ ապահովված են որակյալ դասախոսական կազմով և համապատասխան նյութական բազայով։ Իսկ ընդհանուր խնդիրը ՀՀ բուհերի հետ համահունչ որակյալ կադրեր պատրաստելն է։ 
Զեկուցման ավարտին ԼՂՀ ԿԳ նախարարը հանդես եկավ որոշ առաջարկություններով, որոնք, իր իսկ հավաստմամբ, կնպաստեն համակարգի կայացմանը խոչընդոտող երևույթների վերացմանը։ Այսպես, օրինակ, նա առաջարկում է տարրական դպրոցի առաջին դասարան ընդունել մինչև սեպտեմբերի 1-ը  5 տարին լրացած երեխաներին և նրանց պարտադիր ուսուցումը կազմակերպել մանկապարտեզներում կամ դպրոցներում՝ ապահովելով նախադպրոցական ավագ խմբի որոշակի պայմաններ։ Շնորհիվ նման մոտեցման՝ 12-ամյա կրթությամբ միջնակարգ դպրոցի ավարտման տարիքը մեկ տարով կնվազի, այսինքն՝ սովորողները դպրոցը կավարտեն 17 տարեկանում՝ 18-ի փոխարեն։ Ս. Ասրյանը նաև առաջարկում է 12-րդ դասարանում ուսումնական պարապմունքներն ավարտել մայիսի 10-ին և միասնական քննություններն սկսել մայիսի 15-ին և մինչև հունիսի 25-ը լրիվությամբ ավարտել լրացուցիչ փուլը և կենտրոնացված քննությունները, ինչը հնարավորություն կտա ըստ բուհերի ընդունելության բնականոն կազմակերպմանը և տղաների զորակոչի խնդիրների լուծմանը։ Նախարարի հաջորդ առաջարկությունները ատեստավորման կարգում և ուսուցիչների որակավորման տարակարգերի շնորհման պահանջներում կատարվելիք փոփոխությունների մասին էին։ Ինչ վերաբերում է ընդունելության քննություններին՝ Ս. Ասրյանն առաջարկեց պահպանել բուհերի ընդունելության համար միասնական քննության համակարգը։ Սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ է վերանայել ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկը. օրինակ, հանել գծագրություն առարկայից քննությունը, քանզի որպես ինքնուրույն առարկա այն այլևս չկա։ Նախարարի կողմից այլ առաջարկություններ ևս եղան, այդ թվում՝ բուհերի շրջանավարտներին կրկնակի դիպլոմներ տալու առումով։            
ՙՊարտադիր կրթության նախապայմանը և կրթական ծրագրերի կազմակերպման այլընտրանքային հնարավորությունը՝ ավագ դպրոցում, քոլեջում և արհեստագործական ուսումնարանում՚ թեմայով զեկուցման մեջ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես խոսել է համակարգում նախատեսվող հետագա անելիքներից։ ՀՀ նոր կառավարության նոր ծրագրի համաձայն՝ կրթության ոլորտին վերաբերող հիմնադրույթով 12-ամյա կրթությունը համարվում է պարտադիր, ընդ որում՝ մասնագիտական։ Սա նշանակում է, որ այսօր գործող համակարգն իրեն սպառել է, ասաց նախարարը։   Վիճակագրական տվյալներն ավելի քան անհանգստացնող են։ Հայաստանում տարեկան շուրջ 5000 աշակերտ 9-րդ դասարանից հետո չի գնում ո՜չ ավագ դպրոց, ո՜չ ուսումնարան և ո՜չ էլ քոլեջ։ Այսինքն՝ տարեկան նույնքան երեխա դպրոցից դուրս է գալիս և այլևս որևէ հաստատությունում կրթությունը չի շարունակում։ Ակնհայտ է, որ այդ երեխաներն ապագայում դատապարտված են ավելի վատ սոցիալական պայմանների, ավելի ցածր աշխատավարձի, նույնիսկ՝ աղքատության, ասաց Ա. Աշոտյանը։ ՙ9-րդ դասարանից հետո աշակերտը պետք է կարողանա գնալ այն ճանապարհով, որը, նախ, ինքն է ուզում, և, երկրորդ՝ որը մենք թույլ ենք տալիս, - ասաց ՀՀ ԿԳ նախարարը։- Ցածր միավորներով աշակերտը չի կարող անարգել գնալ ավագ դպրոց։ Ներկայումս կտրուկ կանոններ չկան դաշտը կանոնակարգելու համար, բայց ակնհայտ է, որ շեմը պետք է հստակեցվի՚։
Նախարար Աշոտյանը խոսեց  նաև մասնագիտական կրթությունն այն համայնքներում կազմակերպելու խնդիրներից, որտեղ չկան արհեստագործական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ ՙՄեր խնդիրը երեխային պարտադիր ավարտեցնելը չէ. սա պետք է ի սկզբանե հասկանանք։ Խնդիրը՝ երեք  տարի ևս երեխային պահել կրթության համակարգում, տալ մասնագիտական հմտություններ (որևէ մասնագիտությամբ)՝ հետո նրան  բաց թողնել կյանք, աշխատաշուկա՝  նրան շանս տալով  վաղը, մյուս օրը հավակնել ավելի բարձր սոցիալական դերակատարության՚,- ասաց Ա. Աշոտյանը։ Նրա խոսքերով՝ միակ տարբերակը, որի վրա այսօր կանգ են առել ոլորտի պատասխանատուները, դա արհեստագործական հոսքով ավագ դպրոցների ծրագրի իրականացումն է, որի միայն անվանումն է ավագ դպրոց, իսկ ավելի շատ միտված է լինել արհեստագործական ուղղվածության։ Նման պիլոտային ծրագիր թույլատրվել և արդեն երեք տարի է՝ իրականացվում է ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրում։ Եվս մեկ տարի, ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարարը, կամփոփվեն արդյունքներն, ու շտկումներից հետո այդ մոդելը կտարածվի հանրապետությունում։  
ՀՀ ԿԳ ոլորտի  թիվ 1 պատասխանատուն անդրադարձավ գործընկերոջ՝ Արցախի կրթության և գիտության նախարարի կողմից բարձրացված խնդիրներին ու առաջարկություններին, որոնց մի մասի հանդեպ նա ակնհայտորեն հայտնեց  իր համաձայնությունը։ Հարցերի մյուս մասը քննարկվեց նիստի ընթացքում։ ՙԿրթության ոլորտի հիմնախնդիրները մշտապես հղի են քաղաքականացման ռիսկերով, և պետք է փորձել այնպես անել, որ կեղտոտ ձեռքեր այս համակարգին չկպչեն։ Այս համակարգը նախընտրական շագանակներ հանելու համակարգ չէ՚,- ասաց Արմեն Աշոտյանը։   
Երկու երկրների կրթության և գիտության նախարարները պատասխանեցին նաև ներկաների հարցերին, որոնք նույնպես վերաբերում էին համակարգում իրականացվող բարեփոխումներին։ 
Ընդմիջումից հետո ծավալված շահագրգիռ քննարկումների արդյունքում ելույթներով հանդես եկան և իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՙԴպրոց¬ կենտրոնների միություն՚ իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ, Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը, ԼՂՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի համար 1 դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը։  
Նման ձևաչափով անդրանիկ հանդիպումը, բնականաբար, կունենա իր շարունակությունը, համոզված էին նիստի մասնակիցները։
ՙՄենք ամեն ինչ կանենք, որպեսզի ԼՂՀ մեր գործընկերների ձայնը լսելի դարձնենք միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր ներկա կլինեն մեր հանձնաժողովի կողմից կազմակերպվող քննարկումներին՚,- նիստի ամփոփման ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը։
ՙՔանի որ գտնվում ենք նույն կրթական դաշտում, մի շարք օրենքների առնչությամբ մենք առաջարկել ենք, որպեսզի Հայաստանում նախքան դրանք ընդունելը՝ քննարկումներ անցկացվեն երկու հանձնաժողովների միջև։ Նրա համար, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել նաև մեր առաջարկները։ Սա է թելադրում պրակտիկ, ճիշտ համագործակցությունը։ Ես լավատես եմ, և ըստ իս՝ այս ձևով նոր աստիճանի կհասցվի մեր համագործակցությունը՚,- ասաց Սլավա Ասրյանը։
Համատեղ նիստի ավարտին հայկական երկու երկրների Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով հստակեցվում են հետագա անելիքները։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ