[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՆԵՆՔ ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ

Նոյեմբերի 9-11-ը Արցախում էր գտնվում Հայաստանի Հանրապետության  պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ` գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանի գլխավորությամբ, ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, մշակույթի փոխնախարար Ա. Պողոսյանը, փորձագետներ: Պատվիրակության այցի նպատակն էր երկու հայկական պետությունների խորհրդարանների նշված մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումներ անցկացնել ոլորտներում առկա հրատապ հարցերի շուրջ:
 Արցախյան կողմը ներկայացնում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ԿԳ նախարար Ս. Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանը, պատգամավորներ, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մշակութային պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նոյեմբորի 10-ին Շուշիում` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության վարչական նոր շենքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ընդլայնված նիստը, որի քննարկման թեման էր՝ ՙԿրթության և մշակույթի ոլորտներում ընթացող բարեփոխումները` որպես ազգային հզորացման և միջազգային ճանաչման նախապայման. օրենսդրական հնարավորություններ ու խոչընդոտներ՚: 
Նիստը վարում էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը, որը կարևորեց առաջին անգամ կիրառվող այս փորձը:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը: ՙԱռաջին անգամ ենք խորհրդարանական և միջխորհրդարանական կարգի միջոցառումներ անկացնում Շուշիում, և այս պարագայում կարևոր է ինչպես անցկացման վայրը, այնպես էլ ընտրված թեմաները, որովհետև այս ձևաչափով մենք լավագույնս կարող ենք արժևորել այն դերակատարությունը, որն ունեցել է հայոց հինավուրց Շուշին` թե՜ նախկինում և թե՜ վաղվա զարգացումների կտրվածքով՚,- ասաց նա: Քննարկումների այս ձևաչափը հնարավորություն է տալիս գործնականում արդյունավետ դարձնել մեր փոխգործակցությունը, օգնում գտնել օրենսդրական խնդիրների առավել իրատեսական լուծումներ:  Անդրադառնալով նիստի թեմատիկ հարցերին՝ Ա. Ղուլյանը հավաստիացրեց, որ կրթության և մշակույթի ոլորտներում ընթացող բարեփոխումները՝ որպես ազգային հզորացման և միջազգային ճանաչման նախապայման իրոք հրատապ են և, որպես այդպիսիք, հնարավորինս օպտիմալ ժամկետներում լիարժեք լուծում ստանալու կարիք ունեն: Անհերքելի է, որ ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու այդ գործընթացում իրենց առանձնակի առաքելությունն ունեն կրթության և  մշակույթի ոլորտները։ Եվ դրանց զարգացումը, շեշտել է բանախոսը, պայմանավորված է իրականացվող բարեփոխումների արդիականությամբ և արդյունավետությամբ, ինչպես դա ցույց է տալիս աշխարհի առաջավոր ու նաև զարգացող երկրների պատմական փորձը։ Խոսքն այդ ոլորտների ազդեցության  մասին է ամենատարբեր ասպարզներում` սկսած պետական կառավարման համակարգից, մինչև անվտանգության ապահովում, տնտեսության զարգացում, սոցիալական կյանքի բարելավում, կրթական, գիտական, հոգևոր առաջընթաց, պետության ու ժողովրդի, միջազգային հեղինակության աճ, Արցախի պարագայում նաև Լեռնային Ղարաբախի Հանրապետության դե յուրե ճանաչում և այլն: Անշուշտ, այդ թիրախային խնդիրների լուծումը մեզնից պահանջում է նշված ոլորտներում իրագործվող պետական քաղաքականության մեջ ճկուն մոտեցում,  հետևապես և, գործող օրենսդրական ու նորմատիվ ակտերի խմբագրում՝ հիմք ընդուներով մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման հրամայականը, ապա՝ պետականաշինության անցած երկու տասնամյակներում ունեցած ձեռքբերումներն ու թերացումները, և վերջապես՝ միջազգային առաջավոր փորձը: ԱԺ նախագահը համոզված է, որ թե՜ Հայաստանի և թե՜ Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունները պատրաստ են քննարկելու այս նիստի հնարավոր իրատեսական եզրակացություններն ու առաջարկությունները` համարժեք, գործնական քայլերով դրանք կյանքի կոչելու համար:
ՙՄշակույթի ոլորտի զարգացման հեռանկարները որպես միջազգային ճանաչման նախապայման, ոլորտի հիմնախնդիրները՚ զեկույցում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը ներկայացրեց և մեկնաբանեց ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր զարգացումները: Նախարարը մեծ խորհուրդ գտավ այն բանում, որ առաջին անգամ կազմակերպված այս նիստն անց է կացվում մի շենքում, որը 100 տարի առաջ կառուցվել է  մեծահարուստ բարերար, նավթաարդյունաբերող Պողոս Ղուկասյանի ֆինանսավորմամբ` օրիորդաց դպրոց հիմնելու նպատակով` ի նպաստ Արցախ աշխարհի հայկական մշակույթի և կրթության զարգացման: Եվ այսօր էլ շենքը` վերակառուցված մոսկվաբնակ բարերար Կոնստանտին Մանուկյանի ֆինանսավորմամբ, ծառայում է նույն նպատակներին, գոհունակությամբ նշել է նախարարը: 
Մշակույթի ոլորտը կարգավորող օրենքը` ընդունված 2003թ., չի համապատասխանում ժամանակի պահանջներին, մատնանշել է ոլորտը կարգավորող կառույցի ղեկավարը, ինչն էլ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, ուստի դա վերանայման կարիք ունի: Անհրաժեշտ է ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործընըացում ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակութային դիվանագիտությանը, որի հնարավորությունները գրեթե չեն օգտագործվում թե՜ ԼՂՀ-ում, թե՜ ՀՀ-ում: Անգամ երկու հայկական պետությունների միջև մշակութային երկխոսության գործընթացն է պահանջում ավելի ակտիվ ու գործնական քայլեր կիրառել, ինչն առանց ՀՀ պետական աջակցության հնարավոր չէ իրականացնել, ասաց Ն. Աղաբալյանը: 
ՙՄշակութային օրենսդրությունը և միջմշակութային հաղորդակցման հեռանկարները՚ զեկույցով  հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Կ. Աճեմյանը: Նա համաձայնեց, որ ոլորտում առկա խնդիրները շատ են, հիմնականում՝ չլուծված, այդուհանդերձ, չպետք է շտապել և չմշակված ու չքննարկված նոր օրենք ընդունել: Եվ այս ընդլայնված նիստը կոչված է համատեղ քննարկումներով ճիշտ լուծումներ գտնել, իր միտքը եզրափակեց նա՝ նշելով, որ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն, իր թերություններով հանդերձ, ստեղծագործող մարդուն, կազմակերպությանը իրեն  ազատ դրսևորվելու հնարավորություն տալիս է, պարզապես նոր մարտահրավերների պայմաններին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությունն է առաջ գալիս:
Ի մի բերելով ելույթներում հնչած մտքերը, առաջարկությունները, զեկուցողներին ուղղված հարցերն ու պատասխանները՝ Ա. Դավթյանը կոչ արեց կաղապարները մի կողմ դնել ու նոր լուծումներ ընկալել  առկա խնդիրների վերաբերյալ: Մեկնաբանելով մշակութային դիվանագիտությանն ուղղված ծրագրերի մասին հնչած առաջարկները՝ նա մասնավորապես ասաց. ՙՄենք կարող ենք, ինչու չէ, նաև մշակութային դիվանագիտությամբ հասնել ԼՂՀ ճանաչմանը՚։ 
Նիստի բոլոր մասնակիցները գոհունակությամբ նշեցին նման հանդիպումների անհրաժեշտությունը: Հնչեցին կարծիքներ, առաջարկություններ, որոնք, ինչպես խոստացել են ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները, հաշվի կառնվեն օրենքներն ընդունելու, դրանք մշակելու գործընթացում:
Եզրափակելով նիստը՝ ԱԺ խոսնակ Ա. Ղուլյանը համաձայնեց, որ ոլորտում ցավոտ խնդիրները թեկուզ շատ են, բայց բոլորն էլ ուշադրության կենտրոնում են։  Խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ դրանք փորձում են լուծել տարեցտարի ավելացվող բյուջետային հատկացումներով: ՙԱյո, պետականորեն մենք չենք կարող այսօր մշակույթի ոլորտի բոլոր պահանջների բավարարումը գտնել՚,- խոստովանեց  նա: Սակայն պետք է ներգրավել անհատ բարեգործներին, հիմնադրամներին, այդ թվում՝ նաև միջազգային, որոնք զբաղվում են մշակութային ծրագրերին աջակցությամբ: Այս ձևաչափը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք տեսնենք այն շրջանակը, որ թույլ է տալիս ներգրավել, միավորել` մշակութային ժառանգությունը պահպանելու և դրանք աշխարհին ներկայացնելու համար: Բոլոր հարցերն էլ կարևոր են, համաձայնեց Ա. Ղուլյանը, այնուամենայնիվ, պետք է կարողանանք տարբերել գլխավորը երկրորդականից: Եկեք կենտրոնանանք ռազմավարության վրա, ասաց նա: Որպեսզի մշակույթի ոլորտն ավելի համակարգված զարգանա, պետք է միասնական ծրագիր լինի և պետական մշտական հոգածություն, որը միշտ էլ եղել է ու տարեցտարի մեծանում է, բայց պետք է լինի ավելին, ու ամենակարևորը՝ միջոցներն օգտագործվեն ավելի ռացիոնալ ու նպատակաուղղված, ինչն, անկասկած, կախված է մեզանից, մեր վերաբերմունքից:
Ընդլայնված նիստից հետո ՀՀ պատվիրակությունն այցելեց զինվորական մաս։  
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ