[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԸ՚

Նոյեմբերի 15-ին մեկնարկում է ռուսաց լեզվի ՙՌուսական արջուկ՚ միջազգային խաղ-մրցույթը: ՀՀ-ում գործող ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի միջոցով այն Արցախում անցկացվում է երկրորդ, Հայաստանում` երրորդ անգամ: Իսկ ընդհանրապես, այս խաղ-մրցույթը հիմնադրվել է Ռուսաստանում և անցկացվում է արդեն տասներկու տարի: 
ՙԿենգուրու՚ մաթեմատիկական խաղ-մրցույթի կրտսեր եղբայրը համարվող ՙՌուսական արջուկին՚ մասնակցում են ոչ միայն նախկին ԱՊՀ երկրներից, այլև Եվրոպայից, Ասիայից, ԱՄՆ-ից: Անցյալ  տարի միջոցառմանը մասնակցում էր ավելի քան  2 մլն 844 հազար հոգի, այդ թվում Հայաստանից ու Արցախից` 9192 հոգի, որոնք ներկայացնում էին ՀՀ 312 և Ստեփանակերտի 13 դպրոցներ: 
Խաղ¬մրցույթի  գլխավոր նպատակն է  ռուսաց լեզվի հանդեպ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ` ցույց տալով ռուսերենի ողջ հմայքը և գեղեցկությունը: ԼՂՀ  կրթության  և գիտության  փոխնախարար Միքայել Համբարձումյանի տեղեկատվությամբ՝ այս տարի ևս ՙՌուսական  արջուկին՚ մասնակցում են միայն Ստեփանակերտ քաղաքի դպրոցականները: Զուտ կազմակերպչական առումով առայժմ հնարավորություն չկա շրջանների երեխաներին ևս մասնակից դարձնել, բայց չի բացառվում, որ ապագայում դա կարվի, ինչպես արդեն ՙԿենգուրու՚¬ի դեպքում է։  Ինչպես գիտենք, վերջինս ևս  Արցախում նույն ճանապարհն է անցել և այսօր արդեն ընդգրկել է հանրապետության շրջանները: 
Այսպիսով, այս տարի ևս,  անցյալ տարվա պես, ՙՌուսական արջուկին՚ մասնակցում են Ստեփանակերտի հանրակրթական 13 դպրոցների  2-12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ: Մրցույթի անցկացման կարգն անփոփոխ է` տարիքային համապատասխան բարդություններով տրված առաջադրանքների համար հատկացվում է 75 րոպե։ 
Մինչև մյուս տարվա փետրվարի 5-ը դպրոցներ կուղարկվի մասնակիցների արդյունքների մասին տեղեկանքը: Բոլորը կստանան հավաստագրեր, իսկ լավագույնները` մրցանակներ: Անցյալ  տարի ՀՀ –ն ունեցավ ՙՌուսական արջուկի՚ 487 մրցանակակիրներ, որից 50-ը, այդ թվում՝ Արցախից մեկ հոգի, արժանացան պատվոգրի: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ