[ARM]     [RUS]     [ENG]

ԾՐԱԳԻՐԸ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎՈՒՄ

untitled_1.jpgՀայաստանի  Հանրապետության  մարզերի  և  ԼՂՀ  շրջանների  միջև  կրթամշակութային, մարզական, տուրիզմի  և  հանգստի  կազմակերպման  բնագավառում  2012թ.  նախատեսված  միջոցառումների  և  փոխայցելությունների  ծրագրի   շրջանակներում  դեռևս   հունիս  ամսում  շրջան է  այցելել  Արագածոտնի մարզի  մարզպետ  Ս.  Սահակյանը, որը  Հադրութի  շրջվարչակազմի  ղեկավար  Վ. Գևորգյանի  հետ  մեկտեղ  ստորագրել է   Արագածոտնի  մարզի  և   Հադրութի  շրջանի  միջև փորձի  փոխանակման հուշագիր։ 
 Ծրագրի  շրջանակներում  վերջերս՝ նոյեմբերի  8-10¬ը, Հադրութի  շրջան  է  այցելել  Արագածոտնի  մարզի  դպրոցների  շախմատի  հավաքական  թիմը: Այցի  հիմնական  նպատակը  ծանոթությունն  էր հադրութցի   դպրոցականների  հետ  և  շախմատի  մրցույթի  անցկացումը: Արագածոտնի  մարզի    հավաքականը  հանդիպում  ունեցավ  Հադրութի, Տողի, Ազոխի, Մեծ Թաղերի  միջնակարգ  դպրոցների  հավաքական  թիմերի  հետ: Հաջողությունը մեկ այս, մեկ այն կողմն էր, բայց  կարևորը դա չէր, այլ  այն, որ իմաստուն խաղի նկատմամբ  երեխաների   հետաքրքրությունն ավելի խորացավ։ 
Հյուրերը շախմատի  հավաքական  թիմի  ներկայացուցիչ  Աշոտ  Թամազյանի, մարզիչ  Էմիլ  Մարկարյանի  և  ծնողների  հետ  եղան  Հադրութի  Արթուր  Մկրտչյանի   անվան  հայրենագիտական  թանգարանում,  մանկապատանեկան  մարզադպրոցում, մանկապատանեկան  ստեղծագործության   կենտրոնում: 
Արագածոտնի դպրոցականներն  այցելեցին նաև Հադրութի  հուշամալիր  և  ծաղիկներ ու ծաղկեպսակներ  դրեցին արցախյան  գոյամարտում  զոհված  ազատամարտիկների  հուշարձանին:
Նման շփումները բավականին  կարևոր և ուսանելի են. Մեծ Թաղերի  միջնակարգ դպրոցում անցկացվեց  շախմատի  մրցություն, որը երեխաների  մեջ  մեծ  հետաքրքրություն առաջացրեց  շախմատի  նկատմամբ։ ՙՑանկալի է, որ  նման  հանդիպումներ լինեն  նաև  թե՜ կրթության և թե՜ սպորտի  տարբեր  ձևերից՚, - նշեց  դպրոցի  տնօրեն  Բիոլետա  Դանիելյանը: Ըստ  Հադրութի  միջնակարգ  դպրոցի տնօրեն  Արթուր  Մինասյանի՝ նման  հանդիպումները  փոխըմբռնման  ջերմ  մթնոլորտ  կստեղծեն: 
ՙՆման  միջոցառումները  հոյակապ  են  բոլոր  առումներով: Միջոցառման  կարևոր  գրավականն  այն է, որ  երեխաները  ձգտում  են  ընդօրինակել  լավը, ուսանելին, ինչը խթանում է դպրոցականների զարգացումը՚,¬ նշեց  Ազոխի  միջնակարգ  դպրոցի  տնօրեն  Իլյաս  Պողոսյանը:
Պատմական  Տողը  նման  հանդիպումներ  շատ է  ունեցել: Բայց  այս  հանդիպումը  տարբերվում է  բոլորից, այն  կայացավ   փոխադարձ  հարգանքի  պայմաններում: 
Արագածոտնի  մարզի  դպրոցականների շախմատային թիմը շրջանում այդ մարզաձևի պրոպագանդման և դերի  բարձրացման ուղղությամբ կատարած աշխատանքների համար պարգևատրվեց Հադրութի շրջվարչակազմի  ղեկավարի  պատվոգրով: 
Ըստ  կազմված  հուշագրի  և  հաստատված  ժամանակացույցի՝  նախատեսված միջոցառումների  շրջանակներում  փոխայցելությունները  կշարունակվեն:
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ