[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐԵՆՑ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ

Մրցույթ ¬փառատոն՝ միտված հայ երգի  պահպանմանն ու տարածմանը 
Նոյեմբերի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցավ ՙԶվարթնոց՚ խորագրով հայ երգի մրցույթ-փառատոն: Միջոցառումը կազմակերպվել էր ՙԶվարթնոց վերածննդի՚ հիմնադրամի նախաձեռնությամբ, որը ստեղծվել է 2011թ. մայիսին: 
Հիմնադրամի նպատակն է ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, ակնածանքի արմատավորումը,  երիտասարդության ուղղորդումը դեպի հայ մշակույթը, մասնավորապես, հայ դասական ու ժողովրդական երգը: Ծրագրով նախատեսված է ստեղծել անհրաժեշտ հարթակներ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան լսել  հայկական երգը, զգալ նրա իրական ուժը։ Նպատակներից մեկն էլ Արցախում, սփյուռքահայ համայնքներում հայ դասական, հոգևոր և ժողովրդական երգի մրցույթ¬փառատոների կազմակերպումն է։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հայաշատ քաղաքներում, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ 
Համաձայն ծրագրի համակարգողների մտահղացման, սկզբում անց են  կացվում լսումներ, որոնցում կարող են ընդգրկվել 15-36 տարեկաններ։ Նրանք պետք է ներկայացնեն հայ երգի ժանրերից որևէ մեկը՝ դասական, հոգևոր, ժողովրդական։ Մոտ հարյուր երիտասարդներից կընտրվեն 30 լավագույնները՝ առաջին փուլի համար։ Մրցույթի առաջին փուլում մասնակիցը պետք է ներկայացնի երեք երգ՝ պարտադիր  դասական, ժողովրդական կամ հոգևոր։ Երկրորդ փուլ անցած մասնակիցներին կկցվեն մասնագետ մանկավարժներ, որոնք խորհուրդներով և հատուկ պարապմունքներով մասնակիցներին կնախապատրաստեն երկրորդ փուլին։ 
Երկրորդ մրցութային փուլը կանցկացվի Երևանում ու կտևի չորս օր։ Մրցույթ-փառատոնի արդյունքներով կընտրվեն 10 լավագույնները, ովքեր հետագայում  կմրցեն սփյուռքահայ երիտասարդների հետ։ 
ՙԶվարթնոց վերածննդի՚ հիմնադրամն ունի կայքէջ (www.zvartzen.am), որտեղ տեղադրված է հայ դասական և ժողովրդական երգերի մեծ ցանկ։  Մասնակիցը կարող է ընտրություն կատարել այդ ցանկից, կամ էլ ներկայացնել հայտ մեկ այլ երգի համար, կստանա դեռևս կայքում չներգրավված, իր ընտրած երգը։ 
Հիմնադրամը ծրագիրը մարզերում իրականացնում է մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների աջակցությամբ։ Երևանում աջակցություն է ցուցաբերվում բարձրագույն ուսոմնական հաստատությունների կողմից։ Արցախում կազմակերպչական մասը կապահովվի ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
Հիմնադրամը համագործակցում է Հայ Առաքելական եկեղեցու, ՙՀայաստանի պետական ֆիլհարմոնիա՚ և ՙԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՚ ՊՈԱԿ-ների հետ։
Ստեփանակերտում լսումներն անցկացվեցին  փոքր¬ինչ անկազմակերպ։ Պատճառն այն էր, որ Հիմնադրամի կողմից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը վաղուց ուղարկված էլեկտրոնային ծրագրի տարբերակը չի հասել հասցեատիրոջը, և միայն երկու օր առաջ է իրազեկվել նման ծրագրի գոյության մասին։ Ներկա գտնվող մասնակիցներին ՙԶվարթնոց վերածննդի՚ հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանի կողմից ներկայացվեցին Հիմնադրամի ծրագրային սկզբունքները, մրցույթի անցկացման ընթացակարգը։ Լսեց և ընտրություն կատարեց Երևանի պետական կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Գայանե Մելքումյանը։ Մասնակիցները քիչ էին, ուստի  որոշվեց, որ Սայաթ- Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրենությունը դասատուների հետ մեկտեղ կընտրի  լավագույններին, կաշխատի նրանց հետ՝ պատրաստելով ծրագրի պահանջներին համապատասխան երեք երգ, որով և ընտրվածները կմասնակցեն առաջին փուլին, որը կկայանա 15 օր անց։ 
Օր առաջ լսումները տեղի ունեցան Շուշիում։ Նոյեմբերի 11-ին կազմակերպիչները մեկնեցին Մարտակերտ, որտեղ  և անցկացվեց լսումների փուլը, ընտրվեցին լավագույնները։ 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ