[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՈՒՍԱՆՈՂ

altՏոնը Արցախի պետական համալսարանում նշվեց յուրովի։ ԱրՊՀ ուսանողության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանի և ուսանողական վարչության ջանքերով մշակված ծրագրի համաձայն՝ մի շարք միջոցառումներ են նախատեսվել՝ տոնը պատշաճ ձևով անցկացնելու համար։ Նոյեմբերի 16-ին կազմակերպված միջոցառմանը ներկա էին համալսարանի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր՝ այդ թվում հանրապետության Զինված ուժերից։ 
Մայր բուհի ուսանողները մշտապես եղել և մնում են երկրի ամենաակտիվ, եռանդուն և նախաձեռնող խավը՝ գործուն մասնակցություն ունենալով նրա զարգացման գործին։ Համալսարանի լավագույն ուսանողները ջանք ու եռանդ չեն խնայում լավ սովորելու, ակտիվ կենսադիրք ձևավորելու՝ դրանով իսկ համալսարանի վարկանիշը բարձր պահելու, մեր երկրի կայուն առաջընթացն ապահովելու համար։ 
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում նահատակված ուսանողների հուշակոթողին։ Այնուհետև մայր բուհի նիստերի լեփ-լեցուն դահլիճում անցկացվեց հանդիսավոր արարողություն. ուսանողներին առաջինը շնորհավորեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը։ Հաստատության ղեկավարը կարևորեց ուսանողության դերը հասարակական կյանքում. ուսանողն առաջինն է արձագանքում հասարակության մեջ տեղի ունեցող երևույթներին, նրա առջև ծառացած խնդիրներին։ Ռեկտորի խոսքերով՝ երբ սկսվեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողներն առաջինը դուրս եկան հրապարակ։ ՙՑանկացած հարցի նկատմամբ ուսանողն իր յուրովի մոտեցումն ունի։ Իսկ երբ խնդիրը վերաբերում է հայրենիքի ազատությանը՝ նա նույնիսկ պատրաստ է զոհաբերել կյանքը։ Դրա վառ ապացույցը Արցախյան գոյամարտում զոհված՝ մայր բուհի մեր ուսանող-ազատամարտիկներն են։ Մենք հպարտանում ենք մեր շրջանավարտներով, ովքեր բարձր են պահում բուհի պատիվը։ Եվս 10-15 տարի, և դուք կլինեք մեր արժանի հերթափոխը՚,- ասաց Ստեփան Դադայանը։ 
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի անունից տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանը։ Վերհիշելով իր ուսանողական տարիները և պահի տակ ունեցած ապրումները՝ նա մասնավորապես ասաց. ՙԴուք մեր ապագան կերտողներն եք, երկիրը շենացնողը։ Հայրենասերը միայն նա չէ, որ կանգնած է սահմանի վրա կամ կռվում է զենքը ձեռքին։ Հայրենասեր է նաև նա, ով այսօր ուսանողական նստարանին բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, ձգտում ձեռք բերել կայուն գիտելիքներ և դառնալ որակյալ մասնագետ՚,- ասաց Պաշտպանության բանակի սպան։ 
Ուսանողների պատրաստած անակնկալը հիրավի հիացրեց ներկաներից յուրաքանչյուրին։ Տոնական համերգի ժամանակ հնչած երգն ու պարը, ասմունքը, երգիծանքը… Ամեն մեկը փորձում էր ցուցադրել իր շնորհքը, և կարծես թե վատ չէր ստացվում։ Արցախի պետական համալսարանի ուսանողների տեղն ու դերը  ավելի կարևորելու, նրանց ուսման որակը բարձրացնելու, նախաձեռնողականությունը խթանելու նպատակով և Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ռեկտորի հրամանով մի շարք ուսանողներ ուսման բարձր առաջադիմության, անձնական կարգապահության և ակտիվության համար արժանացան պատվոգրի, խրախուսվեցին նյութապես։
Տոնն առիթ էր ամփոփելու ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման և Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ստեղծագործական մրցույթի արդյունքները։ Մրցանակային առաջին տեղը գրավեց և 15000 դրամով պարգևատրվեց հայոց լեզու և գրականություն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Վարսինե Հայրապետյանը, 2-րդը՝ հայոց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Բալայանը (12000 դրամ) և 3-րդը՝ նույն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Արմինե Սևումյանը (10000 դրամ)։ Մրցույթի  ակտիվ մասնակիցներն արժանացան պատվոգրերի։
ԱրՊՀ ռեկտորի հրամանով մեկ կրթաթոշակի չափով պարգևատրվեցին նաև այն ուսանողները, ովքեր հաջողությամբ մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից Սարդարապատում կազմակերպված՝ գեներալ Մ. Սիլիկյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը։    
Վերջում օրվա միջոցառման ակտիվ մասնակիցներն արժանացան ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի խրախուսանքին ու նվերների։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ