[ARM]     [RUS]     [ENG]

NEWS.am: Հոլանդական գիտահետազոտական կենտրոնի գիտնական․ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր եւ բուժիչ

 Հոլանդական գիտահետազոտական կենտրոնի գիտնական․ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր եւ բուժիչՖլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր, նրա կատարումները տարբերվում էին հայ մյուս երգիչների կատարումներից իդեալական մաքրությամբ եւ կայունությամբ, ասաց հոլանդական Metris BVգիտահետազոտական կենտրոնի տեխնիկական մենեջեր Լեւոն Բաղդասարյանը։

«Տարիներ առաջ ես մի հայտնի երգիչի համար ավտոմատ համակարգ էի մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր ձայնը, եւ երբ զգալի շեղում էր նկատվում, միանգամից միանում էր ձայնագրությունը։ Համակարգն ուներ ձայնի մոտ 400 չափանիշ, յուրաքանչյուրի շեղումը պետք է չգերազանցեր երեք տոկոսը։ Այդ ժամանակ միտք առաջացավ նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Եվ պարզվեց, որ իմ հետազոտած երգիչներից միայն Ֆլորա Մարտիրոսյանի կատարումները բավարարեցին բոլոր չափանիշներին։ Շատերի ձայները 15 ֆիլտրից ավելի չանցան», - պատմեց Լեւոն Բաղդասարյանը։

Տարիներ հետո, շարունակում է Բաղդասարյանն իր մեքենայում էր Metris BV գլխավոր տնօրեն, հոլանդացի Ռոնալդ Բուլթույսը, երբ հնչում էր Ֆլորա Մարտիրոսյանի սկավառակը։ «Ես մտածեցի, որ հայկական երաժշտությունը կարող է ձանձրացնել օտարերկրացուն եւ առաջարկեցի փոխել, սակայն նա ասաց՝ ոչ, թող մնա։ Հարցրեցի, իսկ ի՞նչ է հասկանում այդ երգերից։ Նշեմ, որ հնչել էին «Իմ հասակը» եւ «Դլե Յաման» երգերը։ Եվ հոլանդացին, ով ոչ մի բառ չգիտեր հայերեն, պատասխանեց՝ առաջին երգում նա իր կյանքն է պատմում, իսկ երկրորդը կապված է ձեր ցեղասպանության հետ։ Ես ապշեցի»,- պատմում է Լեւոն Բաղդասարյանը։

Այս դեպքից տասը տարի անց Բաղդասարյանին բախտ է վիճակվում ծանոթանալ Ֆլորա Մարտիրոսյանի հետ եւ պատմել նրան այս ամենը։ Եվ այդ ժամանակ գաղափար է ծագում ձայնի ազդեցության համատեղ հետազոտություններ կատարել։

«Հիմա մեր գիտահետազոտական կենտրոնում կատարվում են նախակլինիկական հետազոտություններ՝ օրգանիզմի վրա մարդկային ձայնի ազդեցության վերաբերյալ, առայժմ միայն կենդանիների վրա։ Հետագայում նախատեսվում է փորձերն անել նաեւ մարդկանց վրա, եւ հենց այստեղ մենք պատրաստվում էինք օգտագործել Ֆլորա Մարտիրոսյանի յուրահատուկ ձայնը։ Ես համոզված եմ, որ այն բուժիչ հատկություններ ունի», -  ասում է Լեւոն Բաղդասարյանը։

«2013-ի սեպտեմբերին մենք նախատեսում ենք գիտաժողով անցկացնել Հայաստանում, նվիրված ցեղասպանությունների, պատերազմների եւ այլ աղետների գենետիկ ազդեցությունների ուսւմնասիրություններին։ Այդ գիտաժողովի ժամանակ նախատեսում ենք նաեւ ներկայացնել ձայնային ազդեցության մեր հետազոտությունների արդյունքները։ Պայմանավորվել էինք Ֆլորա Մարտիրոսյանի հետ, որ եթե կարողանա՝ այդ օրերին Երեւանում ունենա համերգ, որին կհրավիրվեին կոնֆերանսի մասնակիցները», - ասաց գիտնականը։

«Ուզում եմ՝ համերգը շատ լավ անենք, որ տարբերվի մյուս համերգներից, միասին կմտածենք՝ ոնց անենք... Լեւոն ջան, ահագին բան ունենք անելու», - գրել էր Ֆլորա Մարտիրոսյանը Լեւոն Բաղդասարյանին նոյեմբերի 2-ին։

«Ես եւ Metris BV գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոնալդ Բուլթույսը խորին ցավակցություն ենք հայտնում հանճարեղ երգչուհու վաղաժամ մահվան կապակցությամբ», - ասաց Լեւոն Բաղդասարյանը։