[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ ԻՐ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԱ

Օրերս մայրաքաղաքի  մշակութային միջոցառումներից  մեկի ժամանակ  ծանոթացա մոսկվաբնակ  հայ գրող,  ՙՄեցենատ ի միր՚ (ՙՄեկենասը  և աշխարհը՚),  ՙԱռագաստ՚  հանդեսների  հրատատակիչ ու գլխավոր խմբագիր և ֆոտոգեղանկարիչ (Պրոֆեսիոնալ  նկարիչների  ստեղծագործական  միության անդամ) Լևոն ՀՈՎՍԵՓՅԱՆԻ   հետ։  
Հիշեցնեմ, որ նրա  ՙՄեր շրջապատի  աշխարհը՚ անհատական ցուցահանդեսը անցյալ  տարի կայացել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության  պալատի ճեմասրահում։ Լևոն  Հովսեփյանի  լուսանկարները  պահվում են աշխարհի զանազան երկրներում ապրող  անձանց մասնավոր  հավաքածուներում։ 
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը նրա հետ։ 
- Ձեր գալուստը կապվա՞ծ  է, արդյոք, Ղարաբաղի  վերաբերյալ  նոր  նախագծերի հետ։ 
-Վերջին ժամանակներս  ես հաճախակի եմ լինում Արցախում, և  ամեն անգամ նա ինձ ուրախացնում է նոր  կառույցներով,  վերակառուցված  ուսումնական  ու մշակութային հաստատություններով։ Ինձ վրա ուժեղ  տպավորություն թողեց Գանձասարի վանքը, որը ես 2008 թ. այցելեցի  Հայաստանի գրողների միության  պատվիրակության հետ միասին։ Ցանկանում եմ  հրատարակել  ՙՁոն Ղարաբաղին՚ լուսանկարային   ալբոմ  և այդ նույն  թեմայով լուսանկարային  ցուցահանդեսներ կազմակերպել  աշխարհի տարբեր  երկրներում։  Գտնում եմ, որ  լուսանկարների  միջոցով ծանոթացնելը  երկրամասի, նրա ժողովրդի, մշակույթի, հոգևոր  արժեքների  հետ  քարոզչության  բավականին ներգործուն և արդյունավետ  տեսակ է։  Քանի  որ չի  ստացվում  առավել հաճախակի գալ և ավելի երկար  մնալ, լուսանկարային նյութերի նախապատրաստման գործընթացը  ձգձգվում է։ Բայց  դա նաև  իր  դրական կողմերն ունի. ամեն անգամ  ինչ-որ նոր ու  հետաքրքիր  բան եմ  հայտնագործում ինձ համար։ 
Այս  անգամ ես հաճելի զարմանք  ապրեցի Շուշիում նախկին Մարիամյան օրիորդաց դպրոցի  վերակառուցման  նկատմամբ  շինարարների ցուցաբերած  արհեստավարժ  վերաբերմունքից, որտեղ  տեղավորվել  է ԼՂՀ  մշակույթի  և երիտասարդության  հարցերի  նախարարությունը։ Այցելել եմ Շուշիի գորգերի թանգարանը  և ցնցված  էի  բացառիկ  ցուցանմուշներով, որտեղ,  հայկական  սքանչելի  ու ինքնատիպ  գորգերից բացի,  ցուցադրված են  արևելյան  ուրիշ  ժողովուրդների  գորգեր։ Շուշիի  գորգերի  թանգարանից ստացած իմ տպավորությունները  շատ ավելի  ուժեղ էին, քան Լեհաստանի թագավորական պալատից ստացածս, որտեղ  արևելյան  գորգերի  բաժնում  ցուցադրվում էին  նաև հայկական  գորգեր։  Այդ  հավաքածուն թանգարանին  է նվիրել  բելգիացի  հայի՝ ազգությամբ  լեհուի այրին։ Այդ ամենի  մասին  ես կպատմեմ իմ հայերեն հանդեսում  և համոզված եմ, որ դա շատերին  կհետաքրքրի, և նրանք  կայցելեն  Ղարաբաղ, իրենց  աչքով կտեսնեն  այդ սքանչելի գորգերի  ցուցադրանքը, ինչպես նաև  երկրամասի  պատմամշակութային  հուշարձանները։ 
-Իսկ այդ ի՞նչ գիրք է Ձեր ձեռքին։ 
-Սա բանաստեղծությունների բավականին հետաքրքիր ժողովածու է։ Հեղինակը Ելենա Տամբովցևա ¬ Շիրոկովան է, գիրքն անվանված է ՙՀույսի ծիածան. Մոսկվայից մինչև Երևան՚։ Ինչպես կռահեցիք, բանաստեղծությունները նվիրված են և՜ նրա հայրենիքին, և՜ Հայաստանին, որի նկատմամբ նա առանձնահատուկ վերաբերմունք ունի։  Իր հայ բարեկամների շնորհիվ նա Հայաստանն իր համար հայտնագործել է արդեն հասուն տարիներին և շատ է սիրել այդ քարաշատ երկիրը (Քարաստանը), ինչպես նա է այն անվանում իր բանաստեղծություններում։ Նա նաև Արցախում է եղել։ 
Ելենա Տամբովցևա ¬ Շիրոկովան հանդիսանում է Ռուսաստանա¬Սլովակյան բարեկամության ընկերության փոխնախագահը, Մշակութային աջակցության միջազգային ասոցիացիայի և Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության անդամ, Մոսկվայի գրողների միության անդամ, ՙՄեցենատ ի միր՚ միջազգային հասարակական ¬ քաղաքական և գրական ¬ մշակութաբանական հանդեսի ՙՍլովակիա՚ բաժնի հոգածու ¬ խմբագիրը, իսկ հանդեսի գլխավոր խմբագիրը ես եմ։  Նա ինձ խնդրել է պատկերազարդել գիրքը, և ես մեծ պատրաստակամությամբ եմ կատարել նրա խնդրանքը։ Գրքում զետեղված են նաև ժամանակակից հայ բանաստեղծների գործերի թարգմանություններ։ Երևանում, իսկ ապա և Ստեփանակերտում պետք է տեղի ունենար այս գրքի շնորհանդեսը, բայց բանաստեղծուհին հիվանդացել է և գալ չի կարողացել։ Նա ինձ խնդրել է գրքերը նվեր տալ Հայաստանի ազգային գրադարանին, Սլավոնական և Երևանի համալսարաններին, ինչպես նաև Արցախի հանրապետական գրադարանին։ 
-Իսկ ե՞րբ է նախատեսվում Ձեր հաջորդ այցը։ 
¬Այն նախատեսվում է գալիք տարվա մայիսին գեղանկարչության թանգարանի բացմանը, որի վերակառուցումը ֆինանսավորում է մեր գաղափարական ընկեր, մեր հանդեսների հովանավոր, ներկայումս ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը։ Նա այն քչերից մեկն է, ովքեր հանուն հայրենիքի բարօրության լուրջ գործունեությամբ են զբաղված։ Վստահ եմ, որ իմ հույսերը կարդարանան և իմ հաջորդ ժամանմանը, առավել ևս, որ ես արդեն որոշ պատկերացումներ ունեմ նրա մասին։ Գ. Գաբրիելյանցի հետ միասին զննել ենք գեղանկարչության թանգարանը, որը հիմա վերակառուցվում է, և այն ինձ շատ դուր եկավ։ Չեմ կասկածում, որ Շուշիի երկրորդ թանգարանը՝ երկրաբանականը, որի վերակառուցումը ևս ֆինանսավորում է Գ. Գաբրիելյանցը և որի հիմքում դրված կլինի նրա երկրաբանական հավաքածուն, նույնպես  լավ տպավորություն կթողնի։ Իշխանությունների այդպիսի աջակցությունը, որոնք շահագրգռված են մշակութային ավանդույթների վերածննդով, անպայման իր բարի պտուղները կտա։ 
-Որքանո՞վ է համախմբված մոսկովյան սփյուռքը։
-Մոսկվայում բավականին շատ կան հայկական խմբեր, որոնք միավորված են այս կամ այն սկզբունքով։ Օրինակ, մենք միավորված ենք Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության մեջ։ Մեր հրատարակած հանդեսները նպաստում են լուսավորչական աշխատանքին և Հայաստանի պատմության ու մշակույթի քարոզչությանը։ Կազմակերպում ենք ռուսաստանցի գրողների ուղևորություններ Հայաստան ու Ղարաբաղ, որտեղ նրանք կարող են անձամբ տեսնել և ուսումնասիրել հայկական մշակութային ավանդույթները։ Այդ ամենը ռուսաստանյան ինտելեկտուալ շրջաններում իրական պատկերացում է ստեղծում մեր երկրի, մեր հարուստ մշակութային արժեքների մասին։ 
-Որպես կանոն, մոսկվաբնակ հայերը չգիտեն կամ վատ գիտեն հայերենը։  Արդյո՞ք դա չի խանգարում իրենց լիարժեք հայ զգալուն։
-Շատ բան մարդուց  է կախված, իր ներաշխարհից, ձգտումներից։ Եթե նա իրեն որպես հայ է զգում, լեզուն չիմանալը չի խանգարի իր հնարավորությունների շրջանակներում, իսկ երբեմն էլ հնարավորությունների սահմաններից դուրս, հայրենիքի համար օգտակար որևէ բան անել։ Պատահում է, որ մարդ տիրապետում է լեզվին, բայց հայրենիքին օգնելու մասին չի մտածում։
-Իսկ այդ հիմնախնդիրն ինչպե՞ս կանդրադառնա հաջորդ սերնդի վրա։
-Համաձայն եմ, դա լուրջ հիմնախնդիր է, որը լուծել կարելի է միայն ամբողջ հայության համատեղ ջանքերով։ 
 
 Էմմա ԲԱԼԱՅԱՆ