[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Օրերս այս թեմայով գիտագործնական կոնֆերանս էր կազմակերպել ՙԳրիգոր Նարեկացի՚  համալսարանը: Ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ, բուհի դասախոսներ, ուսանողներ: Այն բացեց համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: 
Նշելով, որ որակյալ մասնագետների պատրաստումը բուհերի առաջնային նպատակն է, Վ. Հակոբյանն ասաց, որ թեման որոշակի խնդիրներ է առաջադրում բոլորին: ՙՄասնագետ՚ հասկացությունը չի ենթադրում միայն ոլորտի որոշակի իմացություն: Այն  բազմաթիվ խնդիրների ամբողջական համալիր է, որտեղ շատ կարևորվում են նաև մասնագետի մարդկային հատկանիշները: Ուստի բոլոր բուհերի առաջնահերթ խնդիրն է դաստիարակել բազմակողմանի զարգացած մարդիկ: Բանախոսի խոստովանությամբ` բազմաթիվ բուհերի առկայությունն առաջացնում է  մրցակցային դաշտ, և այդ մրցակցությանը դիմակայելու համար պետք է դիմել ուսուցման արդյունավետ միջոցների: Այդ  ամբողջ գործընթացը խարսխված է դասախոսի իմացության վրա: 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը ողջունեց նման թեմայով քննարկում կազմակերպելը, հատկապես որ դա արվում է ուսանողների մասնակցությամբ: Փաստորեն նրանք իրազեկվում են, թե ինչ արդյունավետ մեթոդներով պետք է դասախոսներն աշխատեն իրենց հետ, և կարող են գնահատական տալ` այդպե՞ս են, իրոք, նրանք աշխատում: Նախարարը ներկայացրեց բուհական և միջին մասնագիտական համակարգում կատարվող բարեփոխումները: Այսօր պետության կողմից հավասար դաշտ է ստեղծված պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի համար: Մասնավորապես, ՙԳրիգոր Նարեկացի՚  պետարտոնագրված համալսարանն էլ  տալիս է պետական նմուշի դիպլոմ,  ուսանողները հավասար իրավունքներով կարող են շարունակել հետբուհական կրթությունը: Այսինքն` լավ մասնագետ դառնալու բոլոր պայմանները ստեղծված են, և քրտնաջան  աշխատանքի արդյունքում, կատարելով նաև ինքնուրույն  աշխատանք` ուսանողները   կարող են  շոշափելի արդյունքների հասնել: 
Բուհի դասախոսներ` ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Անուշավան Պողոսյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Հարությունյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Լիլիկ Հակոբյանը, Տաթևիկ Սողոմոնյանը հանդես եկան զեկուցումներով, որոնց մեջ մասնագետների պատրաստման գործում կարևորեցին դասախոսի իմացության աստիճանը, նրա մանկավարժական վարպետությունը, տակտը, խոսքի մշակույթը, ուսանողի նկատմամբ ճիշտ մոտեցումը, ուսանողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպումը և այլն:
Իր դիտարկումները ներկայացրեց ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանը: Նա խրախուսեց ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի  գիտագործնական կոնֆերանսի անցկացման նախաձեռնությունը` նշելով, որ հաճախակի են կազմակերպվում գիտաժողովներ, բայց ուսումնագիտական հավաքներ` ոչ: Նրա դիտարկմամբ՝ ելույթների մեծ մասը բխում էր ոչ թե ներկա բարեփոխումների, այլ խորհրդային համակարգի պահանջներից:   
Կոնֆերանսը եզրափակեց համալսարանի ռեկտոր Վ. Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով հնչած կարծիքների համար և արտահայտելով  այն միտքը, որ ավանդականի վրա հենվելով` պետք է կարողանալ կառուցել նորը` ժամանակակից պահանջներին համապատասխան: Ըստ նրա, բոլոր դեպքերում ուսուցման ելակետային փուլը լսարանում է, և այն պետք է կազմակերպել պատշաճ մակարդակով: ՙՈրքան էլ  էկրաններից, թերթերում գովազդենք մեր գործը, մեր առաջին գովազդը սկսվում է մեր լսարանից. դասախոսը մատյանը ձեռքին մտնում է լսարան, և հենց այստեղ է  հաղորդակցություն սկսվում դասախոսի և ուսանողի միջև՚,- ասաց նա: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ