Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

altՂՀ համախառն ներքին արդյունքի կառուցվածքում 2011թ. հաշվարկով արդյունաբերության չափաբաժնի նվազումը հիմնականում հիմնավորվում է հանքագործության  նվազման փաստով։ Այդքանով հանդերձ` տնտեսության այս ճյուղն Արցախում շարունակում է պահպանել իր կարեւորությունը: Ավելին, բոլոր հիմքերը կան՝ համոզված լինելու, որ առաջիկա տարիներին հայկական երկրորդ հանրապետությունում հանքագործությունը ոչ միայն կվերականգնի նախկին դիրքերը, այլեւ կգերազանցի սեփական ռեկորդները:
 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով օրերս նոր հանքադաշտում իրականացվող աշխատանքները տեղում գնահատելու առիթ է ունեցել, չի  թաքցնում ՝ ակնկալիքներն ավելի մեծ են:
Այդ ակնկալիքների մեծ մասը  ՙՎալեքս՚ ընկերությունների խմբի անդամ ՙԲեյզ Մեթըլս՚-ին են հասցեագրված: Ընկերությունն արցախյան տնտեսական դաշտում հայտնվել է 2002 թվականին: 2003 թվականին սկսել է կանոնավոր աշխատանքները` բավական համեստ ցուցանիշներով` 789 մլն դրամի համախառն արտադրանք եւ պետբյուջե մուծված 197 մլն դրամ: Տասնամյակի նախօրեին` 2011թ., ՙԲեյզ Մեթըլս՚-ի համախառն արտադրանքը կազմել է 17 մլրդ 800 մլն դրամ: Ընկերությունը պետբյուջե է մուծել մոտ 5 մլրդ դրամ, վճարել 3 մլրդ դրամ աշխատավարձ` ապահովելով արդյունաբերական արտադրանքի 40 եւ արտահանման ծավալի ավելի քան 70 տոկոսը: 
ՙԲեյզ Մեթըլս՚-ն այսօր էլ շարունակում է մնալ Արցախի ամենախոշոր հարկատուն: Սակայն Դրմբոնի հանքավայրի պաշարներն անսպառ չեն: ՙՄնացել է երեք տարի, մինչեւ օգտագործենք Դրմբոնի հանքավայրի վերջին պաշարները,- չի թաքցնում ՙՎալեքս՚ ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը:- Բացի դրանից, ամբողջ պոչամբարի ծավալները երկրորդ անգամ` օժանդակ կվերամշակվեն: Այդ նպատակով Դրմբոնում ոսկու կորզման նոր, ժամանակակից ֆաբրիկա ենք կառուցել, որն իր աշխատանքներն կսկսի հենց այս օրերից: Դա էլ կպահանջի մոտավորապես 5-6 տարի:  Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք երեք-չորս տարի, որի ընթացքում  Դրմբոնի ցուցանիշները, բնականաբար նաեւ`  դրանց հաշվարկով հարկային մուտքերը ԼՂՀ պետբյուջե, կտրուկ չեն նվազի՚: Սա՝ դեռ Դրմբոնի մասով: Հիմքեր կան վստահ լինելու, որ մոտ ապագայում հայկական երկրորդ հանրապետությունում լեռնահանքային արդյունաբերության ծավալները ոչ թե կկրճատվեն, այլ կավելանան։ 
Արդեն ութ տարի է` Արցախում շարունակվում են երկրաբանահետախուզական աշխատանքները: ՙՏպավորիչ արդյունքների ենք հասել Կաշենի հանքային դաշտում,- մանրամասնում է Վալերի Մեջլումյանը:- Արդեն իսկ հաշվարկվել եւ հաստատվել է  այս տարածքում մոտ 17 մլն տոննա հանքաքարի առկայության փաստը` մոտավորապես 0,6 տոկոս պղնձի պարունակությամբ: Դա թույլ է տալիս ծրագրեր կազմել այդ պաշարների շահագործման մասին՚: Այստեղ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Հիմքեր կան հուսալու, որ հարեւան տարածքներում գրեթե նույն քանակի եւ որակի հանքաքարի պաշարներ էլ կան: 
Վալերի Մեջլումյանը դա  համարում է բավարար՝ այստեղ նոր արտադրամաս հիմնադրելու համար: Դրմբոնից 25 կմ հեռավորությամբ` Կաշենում, նոր արտադրամասը կսկսի գործել մոտ 3 տարի անց: ՙԱռաջին փուլում կառուցվելիք կոմբինատը տնտեսական եւ ֆինանսական տեսակետից կգերազանցի Դրմբոնի ամենաբարձր ցուցանիշները, որ մենք ունեինք երկու տարի առաջ՚,- ասում է  ՙՎալեքս՚ ընկերությունների խմբի ղեկավարը:
Նոր հանքավայրը եւս գտնվում է Մարտակերտի շրջանում` գյուղական բնակավայրերի հարեւանությամբ: Այդ համատեքստում բնապահպանական խնդիրների կշիռն  ավելի է աճում: ՙԴա այն հարցն է, որի դեպքում մենք պետք է հատկապես զգույշ լինենք, դեռ քննարկումներ եւ հաշվարկներ կլինեն, եւ մենք աշխատանքները կսկսենք միայն դրական արդյունքների դեպքում,- խոստանում է Վալերի Մեջլումյանը:- Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ վնասը լինի նվազագույն, եւ որ այդ նախաձեռնությունից ակնկալվող տնտեսական եւ հարկային ցուցանիշներն անհամեմատ ավելի մեծ լինեն, քան այն վնասը, որ կարող ենք պատճառել` այստեղ կառուցելով լեռնահանքային նոր արտադրամաս՚:
Ինչ վերաբերում է Դրմբոնին, ապա այնտեղ առաջիկա տարիներին արտադրության ծավալները կկրճատվեն մեկուկես-երկու անգամ: Պոչամբարի պարունակության օժանդակ վերամշակումից հետո կսկսեն վերամշակել հարեւանությամբ գտնվող Մեհմանայի ստորգետնյա հանքի համեստ պաշարները: Դա էլ կտեւի մոտ 10 տարի: Իսկ դրանից հետո նախատեսում են շահագործել այն պաշարները, որոնք տարիների հետ կարող են ոչ թե սպառվել, այլ ավելանալ: Խոսքը  Դրմբոնի զբոսաշրջային ներուժի մասին է: Հանքարդյունաբերական կենտրոնից գյուղը կարող է զբոսաշրջության  կենտրոնի վերածվել: ՙԳտնում ենք միանգամայն ընդունելի Սարսանգի ափին ունենալ հանգստյան գոտի` հենց մեր ունեցած տարածքների վրա,- ծրագրերը մասամբ գաղտնազերծում է ՙՎալեքս՚-ի ղեկավարը:- Առավել եւս, որ ունենք ե՜ւ տարածքները, ե՜ւ այնտեղ պահանջվող ենթակառուցվածքները` ճանապարհներ, էլեկտրաէներգիայի մատակարարում, ջրամատակարարում ջրահեռացում եւ այլն՚:
 
 Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ