Logo
Print this page

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ

Հուլիսի 10-ին  ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն (ԳԳԱՀ) Տիգրան Ծատրյանի ուղեկցությամբ այցելեց Մարտունու շրջան՝ ծանոթանալու հացահատիկայինների մթերման աշխատանքների ընթացքին և բերքահավաքին առնչվող մի շարք այլ հարցերի: 

 Նախ նրանք եղան Բերդաշենի վարչական տարածքում գործող՝  հնդկացորենի վերամշակման արտադրամասում, որը հիմնադրվել է ՙԷլիզ գրուպ՚ ՍՊԸ-ի կողմից։ Ինչպես ներկայացրեց ընկերության տնօրեն Սերգեյ Գրիգորյանը, արտադրամասի օրվա հզորությունը կազմում է 15 տոննա։ Ճիշտ է, ներկայում դրան համապատասխան հնդկացորենի մշակության ծավալներ Արցախում չկան, սակայն վերամշակման այս հնարավորությունն արդեն-իսկ կարևոր նախադրյալ է հանրապետությունում մշակելու ավելի շատ հնդկացորեն և մի շարք այլ գարնանացան մշակաբույսեր, ինչը ցանքաշրջանառության ապահովման  միջոց է։

Պատասխանելով լրագրողների հարցերին, ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը նշեց, որ հացահատիկայինների մթերումն իրականացվում է Հիմնադրամի՝ Մարտունիում, Շուշիում, Ասկերանում, Մարտակերտում և Հադրութի շրջանում գտնվող պահեստներում,  ինչպես նաև՝ Երևանում։ Հուլիսի 9-ի դրությամբ Հիմնադրամի պահեստներում մթերվել է ավելի քան 13 հազ. տոննա ցորեն,  6692 տոննա գարի, 118 տոննա հնդկացորեն։ Ինչպես հայտարարվել էր բերքահավաքի մեկնարկից առաջ, մթերված հացահատիկի դիմաց վճարումներն իրականացվում են երկու փուլով՝ գումարի 50 տոկոսը տրվում է մինչև 5 օրը, իսկ մյուս 50 տոկոսը՝  մինչև նոյեմբերի 1-ը։ Մթերված հացահատիկի դիմաց ներկայումս կատարվել է շուրջ 377.602 հազար դրամի վճարում, իսկ  278.578 հազար դրամի չափով կատարվել է հաշվանցվում՝ Հիմնադրամի հանդեպ առկա ֆինանսական պարտավորությունների դիմաց։

Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Մարտունու շրջվարչակազմն էր. շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի աշխատասենյակում քննարկվեցին օրախնդիր մի շարք հարցեր՝ հիմնականում կապված համայնքները սպասարկող գյուղատնտես-մասնագետների աշխատանքի արդյունավետության բարձրացման և շրջանում ոռոգման համակարգի մի շարք թերությունների շտկման հետ։

Այնուհետև հանդիպման մասնակիցներն այցելեցին շրջկենտրոնի Կարվին թաղամաս, որտեղ Հիմնադրամը կառուցել է մոտ 1500քառ.մ մակերեսով պահեստ։ Ինչպես տեղեկացրեց պահեստային տնտեսության աշխատակից Նելսոն Թովմասյանը, տեխնիկական հագեցվածության  և աշխատանքային պայմանների շնորհիվ մթերման գործընթացն այստեղ անխափան է։ 

Շրջայցի մասնակիցները եղան նաև դաշտերում, որտեղ ընթանում է հունձը։ Ինչպիսի՞ն է այն. դա երևում է գյուղնախարարությունում գրանցվող ամենօրյա տվյալներից։ Իսկ թե ինչու են արդյունքները մեկի համար լավ, մյուսի համար վատ, երևում է տեղում: Իրար հարևանությամբ դաշտերից մեկը հեկտարից  տալիս է 60, իսկ մյուսը՝ 15 ցենտներ բերք։ Պատճառն այն է, որ տնտեսվարներից մեկն աշխատում է ագրոկանոնների, ցանքսերի ու սերմերի   որակի պահպանմամբ, իսկ մյուսը՝ ոչ։

Աշխատանքային շրջագայության վերջում Ամարաս վանքի մոտ, դաշտում կազմակերպվեց գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում շոշափվեցին լրագրողներին հուզող բազմաթիվ հարցեր։ Գյուղնախարարը հանգամանալից խոսեց հիմնականում երկրագործության բնագավառին առնչվող հարցերի շուրջ` մատնանշելով առաջնահերթությունները, լուծման հնարավորություններն  ու  առաջիկա ծրագրերը։ 

Նելսոն  ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.