[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԿԱՊԻ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ

Շարունակվում են  Հայաստանի Հանրապետության նախարարությունների պաշտոնական պատվիրակությունների այցերն Արցախ: Օրերս այստեղ էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ:

 Հուլիսի 12-ին կայացել է պատվիրակության անդամների հանդիպումը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ու գերատեսչության աշխատակիցների  հետ: Տեղի է ունեցել  համատեղ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են   երկու գերատեսչությունների հետագա համագործակցության  մի շարք մանրամասներ: 

Ողջունելով հյուրերին` Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և կարևորել երկու նախարարությունների փոխգործակցությունը: Թիմերն արդեն իրար հետ աշխատելու  որոշակի փորձ ունեն: ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի ՀՀ համապատասխան կառույցների հետ, առկա են դրական փորձ, համատեղ իրականացված աշխատանք:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ գործունեության դաշտը փոքր չէ, աշխատանքի ծավալը` նույնպես: Խորհրդակցության ընթացքում առանձնացվեց  երեք կարևոր ուղղություն,  որոնք վերաբերվում են միջպետական ուղևորափոխադրումներին, փոստային առաքումներին և ռադիոհաճախականությունների մոնիթորինգին: Նշվեց, որ միջպետական ուղևորափոխադրումների մասով  որևէ խնդիր չկա,  և  Արցախի կամ Հայաստանի ուղևորափոխադրողները չեն  տարանջատվելու: Երկրորդ ուղղության հետ կապված՝ ՙՀայփոստ՚ և ՙԱրցախփոստ՚ ընկերությունների հարաբերությունները  կարգավորելու կարիք ունեն: Բանն այն է, որ Արցախ առաքումները կատարվում են ՙՀայփոստ՚-ի միջոցով, իսկ ծանրոցը Ստեփանակերտ հասցնելուց հետո հասցեատիրոջն հանձնելու ծախսը մնում է արցախյան կողմի վրա: Ներկա փուլում բանակցություններ են  ընթանում հարցի կարգավորման շուրջ, և փոխզիջումային ծրագիր է մշակվում: Ինչ վերաբերում է  ռադիոհաճախականությունների մոնիթորինգին, ապա շարժական կայանները Հայաստանից են ուղղարկվում Արցախ, և եռամսյակը մեկ է կատարվում ռադիոհաճախականությունների մոնիթորինգ: Ա. Հակոբյանը նշեց, որ առայժմ  վաղաժամ է մտածել  նոր տեխնիկայի ձեռքբերման մասին, քանի որ այն շատ թանկարժեք է, բայց  պլանավորում են  առավել հաճախակի դարձնել ռադիոհաճախականությունների մոնիթորինգի պարբերականությունը: Նրա խոսքով` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  նախաձեռնել է նաև օրինագծերի մշակում, որոնք կառնչվեն   տաքսամոտորային ավտոմեքենաներին, քաղաքային ուղևորափոխադրումներին, գազաբալոնային սնուցման համակարգերով տրանսպորտային միջոցներին և  օրենսդրական կարգավորման ենթակա այլ ուղղությունների:  Դրա կարիքն  առկա է նաև Արցախում, և աշխատանքներ պիտի տարվեն նաև այստեղ՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները: Նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի  Արցախը խնդիրներ չունենա  դեպի  այլ երկրներ ուղևորափոխադրումների ժամանակ. խորհրդակցության ընթացքում դրան առնչվող մի շարք ընթացակարգային հարցեր ևս քննարկվեցին: Համաձայնագիրը, որ  կնքվեց երկու նախարարությունների  միջև, համագործակցության առավել շատ կետեր է պարունակում, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստման, փորձի փոխանակման և այլն: Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա երկու գերատեսչությունների միջև աշխատանքին պաշտոնական ընթացք տալուն, բայց կողմերը պատրաստակամ են իրար աջակցել նաև անձնական շփումների տեսքով, քանի որ Հայաստանն ու Արցախը միայն իրավական տեսանկյունից են տարանջատ, իրականում  տնտեսական  նույն դաշտում են գտնվում, և  աշխատանքները պետք է իրականացվեն համատեղ: Ստորագրված համաձայնագիրն կատարված աշխատանքների գնահատման և նոր նախաձեռնությունների ընթացքավորման հնարավորություն  կտա: 

Համաձայնագրի կնքման արարողությանը ներկա էր  ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ի թիվս այլ պայմանավորվածությունների,  կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում քայլերի ակտիվացումը, հայաստանյան ընկերությունների ներկայացվածության ապահովումն Արցախում, քանի որ Արցախի քաղաքական կարգավիճակի պայմաններում հենց տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են օգնության հասնել տնտեսության համար կարևոր մի շարք խնդիրների լուծման գործում: 

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ