comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՎԱՌԵԼԻՔԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Logo
Print this page

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՎԱՌԵԼԻՔԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Սասուն Առաքելյանն  Արցախյան պատերազմի մասնակից է։ Պահեստազորի փոխգնդապետ է: Զորացրվելուց հետո 2011թ. ապրիլից ստանձնել է ՙԱրցախգազ՚ ՓԲԸ Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասի պետի պաշտոնը։

 - Պարոն Առաքելյան, պատկերացնու՞մ  եք շրջանի բնակչության վիճակն առանց երկնագույն վառելիքի։

-Բնական գազը ամուր է մտել մեր կենցաղ, ժամանակի ընթացքում աճել են նրա դերն ու նշանակությունը։ Մարտակերտի բնակչությունն անտառներով շրջապատված լինելով հանդերձ, գերադասում է օգտվել երկնագույն վառելիքից և ինչ` օրեցօր ավելանում է սպառողների թիվը, որն այսօր կազմում է 2250, որից 1140-ը` Մարտակերտ քաղաքում, 1110 սպառողներ էլ ունենք շրջանի 11 համայնքներում, սպասարկում ենք նաև 82 կազմակերպությունների։ Տեղամասն ամեն ինչ անում է անխափան մատակարարելու բնակչության համար կարևոր այդ վառելիքը։

- Որո՞նք են տեղամասի առաջնահերթությունները:

-Ընդհանրապես, տեղամասի աշխատանքներում առաջնահերթությունը բնակչության անվտանգության ապահովումն է։ Բոլորը գիտեն, թե մեր երբեմն անփույթ ու անպատասխանատու վերաբերմունքն ինչի է հանգեցնում, դրա համար էլ ոչ միայն բարձրացրել ենք բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակը, այլ նաև գործնական մի շարք աշխատանքներ ենք կատարում։ Օրինակ, տարին երկու անգամ գազասարքերը ստուգվում են ներտնային ցանցի փականագործի կողմից։ Մտնելով յուրաքանչյուր բնակարան` նա կատարում է գազի ներտնային զննում՝ անվտանգության կանոններին համաձայն գազասարքերի տեղադրման համապատասխանություն, օճառաջրի միջոցով անքիփության փորձարկում և այլն։ Բազմիցս նրա անմիջական հրահանգով փոխվել կամ վերանորոգվել են շատ գազասարքեր։ Քանի որ մեզ է վստահված բնակչի կյանքը, իրավունք չունենք թերացման պատճառով վտանգել այն։ Այնպես, որ առաջնահերթությունը բնակչության անվտանգության ապահովումն է։

- Հաշվեկշռում եղած տեխնիկան  ապահովու՞մ է ձեռնարկության պահանջները։

-Ընթացիկ կամ վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ մեծ թվով աշխատանքներ տեղամասի ուժերով է կատարվում, իսկ տեխնիկայի անհրաժեշտության պարագայում, ըստ պահանջի, ապահովում է գլխամասային կազմակերպությունը։ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ն մշտապես օգնում է մեզ, վերանորոգել է նաև տեղամասի վարչական շենքն ու նրա տանիքը, ապահովել անհրաժեշտ գրասենյակային գույքով։

- Պարոն Առաքելյան, անցած օգոստոսին ի՞նչ հրդեհ էր Չլդրան-Մեհմանա տարածքներում, գազատարը վնասվե՞ց։ 

-Ապրիլյան պատերազմից հետո, 2018թ. օգոստոսի վերջերն ամենադժվար օրերն էին մեզ համար։ Հրդեհ էր բռնկվել, որից տուժել էր նաև միջին ճնշման պոլիէթիլենային գազատար խողովակը, առաջացնելով գազի արտահոսք։ Անմիջապես ՙԱրցախգազի՚ աշխատողների կողմից դադարեցվել է գազամատակարարումը և անձամբ ՙԱրցախգազի՚ տնօրեն Սեյրան Միքայելյանի գլխավորությամբ կարճ ժամկետում վերականգնվել գազի անխափան մատակարարումը։

ՙԱրցախգազի՚ ղեկավարությունը և մեր տեղամասային կազմակերպությունը սերտ համագործակցության մեջ են շրջանի վարչակազմի ղեկավարի հետ, հենց փոխգործակցության արդյունքով էր, որ սեղմ ժամկետում ավարտվեցին վթարավերականգնողական աշխատանքները: 

- Նշեցիք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքները:

-Այո, հակառակորդի կողմից բնակավայրերի հրետակոծության թիրախում էր հայտնվել նաև Մարտակերտ քաղաքի գազամատակարարման համակարգը և կրել շուրջ 2 մլն դրամի նյութական վնաս։ Նման բարդ պայմաններում, տեղամասի օպերատիվ խումբը վերացնում էր վթարի հետևանքները, ինչի շնորհիվ չի դադարեցվել բնական գազով սնուցվող առաջնային կարևորություն ունեցող օբյեկտների գազամատակարարումը: 

Այնպես, որ բնակչությանը երկնագույն վառելիքով անխափան մատակարարումը պատիվ է ու մեր գործը, չէ՞ որ այն, իրոք, կենսական խնդիրներ է լուծում։

 

Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ք. Մարտակերտ

    

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.