comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՈՐԾ ՄԻՇՏ ԷԼ ԿԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾ ՄԻՇՏ ԷԼ ԿԱ

2018 թվականի հունվարի 1-ից Ասկերանի շրջանում գործում է ՙԽաչենշին՚ փակ բաժնետիրական ընկերությունը, որի գործառույթները բավականին լայնամասշտաբ ու բազմազան են։

Չնայած այս կարճ ժամանակաշրջանին, ընկերությունը կարողացել է արժանանալ շրջանի բնակիչների վստահությանն ու հարգանքին, դառնալով հուսալի գործընկեր ու ծառայությունների որակյալ մատուցող և սպասարկող։ Կարծում ենք՝  շատերին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպիսի ծառայություններ և սպասարկման ինչ ոլորտներ է ընդգրկում ընկերությունը։ Այս և նման հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ընկերության տնօրեն Արմեն ԲԱԽՇԻՅԱՆԻՑ։ 

-Պարոն Բախշիյան, նախ սկսեք նրանից, թե ինչ գործունեություն է ծավալում շրջանում ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերությունը։ 

- Ընկերությունը ստեղծվել է 2018թ. հունվարի 1-ին`ընդգրկելով ՙԱսկերանի կոմունալ տնտեսություն՚ ՓԲԸ,  ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ  Ասկերանի տեղամասը, ՙԱրցախուղի՚ ՓԲ ընկերության մեկ ճանապարհային բրիգադ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 1-ից միացել է նաև ՙՋրահեռացում և ջրամատակարարում՚ ՓԲ ընկերության Ասկերանի տեղամասը (վերին ենթատեղամասով), որի սպասարկման ոլորտում ընդգրկված է շրջանի 24 համայնք։ Արդյունքում ստացվել է բազմապրոֆիլ հիմնարկությունը, որը զբաղվում է սանմաքրման և կանաչապատման, աղբահանման, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրերի մատակարարման ծառայությունների մատուցմամբ։ 

- Այս ժամանակամիջոցում ի՞նչ աշխատանքներ են իրականցվել։

- Ստեղծման առաջին իսկ օրվանից սանմաքրման և կանաչապատման բաժնի աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում են եղել ինչպես Ասկերան քաղաքի սանմաքրման և աղբահանության, այնպես էլ շրջանում առկա ասֆալտապատ ճանապարհների, մայթեզրերի մաքրման և սպասարկման աշխատանքները։

Մեծ աշխատանքներ են տարվել կանաչապատման ուղղությամբ։ Շրջվարչակազմի աջակցությամբ Ասկերան-Ակնա տանող ճանապարհի երկայնքով տնկվել է շուրջ 1200 նոր տնկի։ Պարբերաբար խնամվում են նախկինում տնկված ծառերը։ Ասկերանի որոշ հատվածներում իրանակացվել են դեկորատիվ ծաղիկների սածիլների տեղադրման աշխատանքներ։ Ամառային տաք եղանակով պայմանավորված՝ կանաչապատ տարածքները պարբերաբար ջրվել են։ Ասկերան-Ստեփանակերտ ավտոմայրուղու մայթեզրերը և հարակից տարածքները մաքրվել են խոտերից, թփուտներից և չորացած ծառերից։ Արդյունքում առաջացած վառելափայտն օգտագործվել է բարեգործական նպատակներով. այն բաժանվել է առավել կարիքավոր և անապահով ընտանքներին։ Այս ժամանակաընթացքում մի քանի անգամ իրականացվել են Ասկերան քաղաքի որոշ փողոցներում և շրջանի վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ճանապարհների մայթեզրերում առկա մոլախոտերի և թփուտների մաքրման աշխատանքներ։ Սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ ուշադրության կենտրոնում ենք պահում բազմահարկ շենքների նկուղային հարկերի մաքրությունը։

-Ճանապարհաշինության բաժնի կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

-Պետք է նշեմ, որ ճանապարհաշինության ոլորտում բավականին աշխատանքներ իրականցվել են շրջվարչակազմի ֆինանսավորմամբ։ Կատարվել են տասնյակ համայնքներ տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։ Ներկայում աշխատանքներ են ընթանում Վերին և Ներքին Սզնեքների համայնքներ տանող ճանապարհների բարեկարգման ուղղությամբ։ Քանի որ ընկերության իրավասությունների մեջ չի մտնում ճանապարհների ասֆալտապատումը, ուստի մեր ձեռքի տակ եղած միջոցներով ժամանակ առ ժամանակ ավազով կամ խիճով լցնում ենք առաջացած փոսերը։ 

- Պարոն Բախշիյան, ի՞նչ կասեք ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման բաժինների կատարած աշխատանքների մասին։

-Այս ժամանակահատվածում ոռոգման ծառայությունից օգտվել է 426 հողօգտագործող, արդյունքում ոռոգվել է 4020հա ցանքատարածություն։ Ոռոգման շրջանում հիմնական դժվարությունը ջրի սակավությունն էր: Ներկայում աշխատանքներ են իրականացվում ջրանցքների մաքրման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ջրամատակարարմանն ու ջրահեռացմանը, ապա այս ծառայությունից շրջանում օգտվում է 3260 բաժանորդ: Հարկ է նշել, որ ամառային ամիսներին ջրի սակավության պատճառով որոշ համայնքների լրացուցիչ ջրամատակարարում ենք իրականացրել ջրատար մեքենայով։ 

-Հիմնարկության տեխնիկական հագեցվածության մասին ի՞նչ կասեք։

-Պետք է նշեմ, որ հիմնականում առկա շարժական տեխնիկական միջոցները բավականին մաշված են, սակայն դեռևս թույլ են տալիս լուծել ներկա պահին մեր առջև ծառացած խնդիրները։ Անհրաժեշտությունից ելնելով ընթացքում պլանավորում ենք ձեռքբերել լրացուցիչ տեխնիկական միջոցներ։

- Ապահովվա՞ծ եք համապատասխան մասնագետներով և ինչպիսի՞ հիմնախնդիրներ ունի ընկերությունը։

-Պետք է նշեմ, որ ինձ համար բավականին հեշտ է ղեկավարել նման բազմաֆունկցիոնալ հիմնարկը, մանավանդ որ աշխատողների մեծ մասն ունի նշված համակարգում աշխատելու երկարամյա փորձ։ Նման մարդկանց հետ միշտ էլ կարելի է լուծել ցանկացած խնդիր։

 

Հարցազրույցը` 

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ