comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. Ե՞ՐԲ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՆ ՓՈՇԻԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. Ե՞ՐԲ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՆ ՓՈՇԻԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Մեզնից շատերն են հիշում, թե ինչպես խորհրդային տարիներին քաղաքացիներին քաջալերում էին իրենց ավանդները ներդնել խնայբանկում, և քանի որ ապրանքների առատություն այն տարիներին չկար, շատերն այդպես էլ անում էին։

Մի մասն էլ, իրենց զրկելով ամեն տեսակի շռայլությունից, բարեկեցության հաշվին տարիներ շարունակ ՙգումար էր հետ գցում՚՝ մտածելով երեխաների ապագայի մասին։ Մարդիկ կասկած չունեին իրենց խնայողությունների ապահովության առումով, քանզի վստահում էին բանկերին և, առավելապես Երկրին։ Բայց եղավ անսպասելին. 1991-ին փլուզվեց խորհրդային երբեմնի հզոր պետությունը, ինչի արդյունքում սկսված հիպերինֆլյացիայի հետևանքով ռուբլին արժեզրկվեց, իսկ ավանդատուների բանկային հաշիվները սառեցվեցին...

Խորհրդային Միության տարիներին բանկում ավանդ ներդրած քաղաքացիները ստիպված էին պայքարել իրենց խնայողությունները ետ ստանալու համար, բայց, պետք է խոստովանել, որ առ այսօր դրանց մեծ մասը դեռևս ետ չի վերադարձվել։ Խոսքը միլիարդավոր գումարների մասին է, և հետխորհրդային աղքատացած շատ երկրներ հազիվ թե կարողանան վճարել դրանք։

Այնուամենայնիվ, հետխորհրդային երկրների կառավարությունների մեծ մասը, այդ թվում նաև Հայաստանը, խորհրդային խնայբանկում քաղաքացիների ունեցած ավանդների մասնակի փոխհատուցման ծրագիր էր մշակել։  Սկսած 1998 թվականից Արցախի նորանկախ հանրապետությունը ևս ձեռնամուխ եղավ արժեզրկված ավանդների փոխհատուցման գործընթացին։  Այսպիսով, ստացվում է, որ պետությունները ստանձնել են նախկին Խորհրդային Միության ժամանակների ավանդների պարտքը։  

Ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով է իրականացվում գործընթացը մեզ մոտ. այս մասին է զրույցը ԱՀ ֆինանսների փոխնախարար Նորայր ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ։   

-Պարոն Ավանեսյան, առ այսօր քաղաքացիների մոտ չեն մարում դժգոհություններն ու բողոքները դեռևս խորհրդային տարիներից ժառանգություն մնացած, 1993 թվականից արժեզրկված ավանդների փոխհատուցման հետ կապված: Ինչպիսի՞ն է վիճակը հիմա:

-Նախ պետք է ասեմ, որ նախկին խորհրդային պետությունների կողմից խնայբանկերում արժեզրկված ավանդները որպես պետության պարտք ճանաչելը քաղաքականապես արդարացված քայլ էր։ Հակառակ դեպքում դա կլիներ անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է ինչպե՞ս և ե՞րբ հարցերին՝ դրանք բարդ խնդիրներ են, և յուրաքանչյուր նախկին հանրապետություն փորձում է խնդիրը կարգավորել յուրովի։ Համաձայն ԼՂՀ Նախագահի 1998թ. հունիսի 20-ի ՙԼՂՀ Ազգային բանկ ՙԱրցախբանկ՚-ում ԼՂՀ քաղաքացիների 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին՚ թիվ ՆՀ-35 հրամանագրի, ԼՂՀ քաղաքացիների 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման  գումարների վճարման գործընթացը սկսվել է 1998թ. օգոստոսի 1-ից, որի  համաձայն  սահմանվել է, որ  առաջնահերթ կարգով նախնական փոխհատուցման ենթակա են մինչև 1923 թվականը ծնված քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ գործող և դրանից հետո փակված ավանդային հաշիվները: Գործընթացը կրում է շարունակական բնույթ, և ներկա դրությամբ  փոխհատուցման ենթակա են մինչև 1974 թվականը ծնված քաղաքացիների ավանդային հաշիվները։ Նախնական փոխհատուցման ենթակա են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ գործող և դրանից հետո փակված ավանդային հաշիվները:

- Ի՞նչ մեթոդներով, ի՞նչ համարժեքությամբ է իրականացվում ավանդատուների պարտքի մարումը:  

- ԼՂՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի ՙԼՂՀ Ազգային  բանկ ՙԱրցախբանկ՚-ում ԼՂՀ քաղաքացիների 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման կարգի մասին՚ N 113 և ԼՂՀ կառավարության 2004 թվականի մարտի 30-ի ՙԱրցախբանկ՚  փակ բաժնետիրական ընկերությունում ԼՂՀ քաղաքացիների 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման կարգի մասին՚ N 130 որոշումների համաձայն՝ ավանդների նախնական փոխհատուցման ենթակա են քաղաքացիների ավանդային հաշիվների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ եղած մնացորդները ու դրանից  հետո փակված ավանդային հաշիվները: Ավանդի նախնական փոխհատուցումը կատարվում է  1 խորհրդային ռուբլու դիմաց  25 ՀՀ դրամի չափով: Այսինքն՝ խորհրդային 1000 (հազար) ռուբլու դիմաց փոխհատուցվում է 25000 (քսանհինգ հազար) դրամ։ 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը ենթակա չէ նախնական փոխհատուցման:

- Առ այսօր քանի՞ ավանդատու է փոխհատուցում ստացել:

- Այսօրվա դրությամբ նախնական փոխհատուցվել են շուրջ 55000 ավանդատուների ավանդային հաշիվներ: 

- Չե՞ք կարծում, որ 25 000 դրամը շատ քիչ է խորհրդային 1000 ռուբլու դիմաց: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում 1000 ռուբլու դիմաց 84 000 դրամ են վճարում, չնայած դա էլ մեծ գումար չէ…

-Ցանկացած պետության իշխանություն հստակ գիտի, թե երկիրն ինչ եկամուտներ ունի և ինչ պարտավորություններ կարող է ստանձնել ժողովրդի հանդեպ։ Հայաստանում արժեզրկված ավանդների փոխհատուցումն իրականացվում է միայն մեկ անգամ՝ ավանդատուին վճարելով  այդքան գումար։ Բացի այդ, ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումն իրենից ներկայացնում է դրամական օգնություն՝ սոցիալապես անապահով խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին։  

- Ավանդները ժառանգվո՞ւմ են…

- Վերոնշված կարգի համաձայն՝ մահացած քաղաքացիների ավանդները ժառանգական իրավունքով  կարող են ստանալ ժառանգները:

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ