comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Արցախում վերջին 27 տարիներին հիշարժան փոփոխություններ են կատարվել։ Պատերազմից հետո մեզ հաջողվել է ունենալ պետականություն,  բանակ, վերականգնվող քաղաքներ ու գյուղեր, բարեկարգ  ճանապարհներ։ 

 Մեծ Թաղերը նույնպես բարեկարգվում է: Այն  ունի իր նորակառույց հանդիսասրահն ու  թեյարանը,  հրապարակն ու մանկական խաղահրապարակը, կա  հյուրանոց ու դարբնոց,  համայնքը  գազիֆիկացված է  ու ապահովված  ջրով։

2012թ. տեղացի ու  արտասահմանյան բարերարների միջոցներով գյուղում կառուցվել է  Արցախյան գոյամարտում  զոհված ազատամարտիկների հիշատակն անմահացնող ՙԽաչ՚ հուշահամալիրը։ 

Մոսկվայաբնակ Պավել  Քալաշյանի միջոցներով գյուղամերձ տարածքներում հիմնվել են խաղողի այգիներ և սալահատակվել  է գյուղի փողոցների մի մասը։ Ստավրոպոլից Սերգեյ Շահնազարյանը  ձեռնամուխ է եղել գյուղի եկեղեցու նորոգման աշխատանքներին։ 

Մեծ Թաղերը խորհրդային շրջանում ևս ծաղկուն գյուղ էր և Հադրութի շրջանի լավագույն  տնտեսություններից մեկն էր համարվում: Այն ուներ  խաղողի իր մթերման կետը, օղու  թորման սարքավորումներն ու  անասնապահական ֆերմաները, մրգատու, թթենու ու խաղողի այգիները, և ամեն տարի մեծ քանակությամբ գինի ու խաղող էր ուղարկվում Ռուսաստան։ 

Գյուղն ուներ թանգարան` մարշալ Խանփերյանցի անվան, մանկապարտեզների ու դպրոցի նորակառույց շենքեր, հյուրանոց, գորգագործարան ու էլեկտրաղաց։ Գյուղի արևելյան մասում  Հայրենական մեծ պատերազմում զոհված սպաների ու  զինվորների պատվին կառուցած հուշարձանն էր։

Այսօր Մեծ Թաղերը վերականգնվում է, չնայած բացթողումներ նույնպես կան: Առ այսօր չի  վերականգնվել թուրքերի կողմից լրիվությամբ  ավերված Քաղցրահողի բազան, չեն աշխատում արտեզյան ջրհորները, Իշխանագետի վրա կառուցված  ջրմուղ կայանը, խափանված է գյուղի էլեկտրաաղացը։ 

Անհրաժեշտ է վերականգնել գյուղի հին փառքը, մեծացնել գյուղատնտեսական  մթերքների ծավալը: Դրան հասնելու համար պետք է ճիշտ ագրոմշակում և անասունների բուծում ապահովել: 

Եվ, որ նույնպես կարևոր է, այդ երկու ճյուղերը չպետք է խանգարեն իրար, այլ լրացնեն: 

Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել էկոլոգիային, քանի որ վերջին տարիներին  ինչպես բնակչության անտարբերության, այնպես էլ բնության հետ սխալ վերաբերմունքի պատճառով  շրջակա միջավայրը, կլիման փոխվում են` ազդելով նաև գյուղատնտեսության վրա: 

 Դեռևս ուշ չէ, և կարելի է վերականգնել տնտեսությունը, խաղողի, պտղատու և թթենու այգիները։ Պետք է համայնքում  և արտադրության մեջ բարձր հիմունքների վրա դրվեն  կարգապահությունն ու առաջավոր փորձը և տնտեսությունը տարվի առաջընթացի ճանապարհով։ Ընդամենը մի քանի առաջարկություն. համայնքի  ղեկավարի  ընտրությունը պետք է կատարվի արդար, թափանցիկ։ Համայնքի ղեկավար  ընտրելիս նկատի  առնել նրա բարոյական հատկանիշներն ու աշխատանքային կարողությունները, գաղափարական մակարդակն ու կրթությունը։  Ցանկալի է, որ նա ունենա գյուղատնտեսական կրթություն և աշխատանքային փորձ։  

Քանի որ խաղողագործությունը Արցախի գյուղատնտեսության  եկամտաբեր ճյուղերից մեկն է, անհրաժեշտ է զարկ տալ դրա զարգացմանը։ Դրա համար առաջարկում եմ  ըստ տեղամասի միավորել հողատերերին և ստեղծել կամավոր  ընկերություններ, հիմնել խաղողի այգիներ և արտադրության մեջ արմատավորել կապալային վարձատրության սիստեմը և խրախուսման ու պարգևատրման մեթոդները։  Այդ միավորումը հնարավորություն կունենա կառուցելու իր ծածկոցն ու ճաշարանը, կունենա իր մեքենատրակտորային  պարկը և աշխատանքները կկազմակերպի  անհատական կամ խմբային կարգով։ Իմ կարծիքով, հողը պետք է տալ նրան, ով ի վիճակի է այն մշակել: Գյուղացուն հողը  տվել են ձրի, և եթե նա չի մշակում իր վարելահողն ու  չի օգտագործում արոտավայրը, անհրաժեշտ է վերցնել այդ հողը և տալ նրան, ով  մշակում է։ 

Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա ցանկալի է, որ պետության միջամտությամբ համայնքներում կառուցվեն անասնապահական շենքեր, բնակելի  տներ անասնապահների համար, մշակեն ու կարգի բերվեն տնտեսության հարակից և ամառային արոտավայրերը, վերականգնվեն նաև  կաթնամթերման կետերը, ավելացվի բարձրացվի արտադրանքի որակն ու քանակը։ 

Քանի որ մեր բնաշխարհը հարուստ է կրաքարով, անհրաժեշտ է զարգացնել ու ընդլայնել կրի արտադրությունը: 

Համայնքներում կարգուկանոն պիտի հաստատվի,  բոլորը պիտի հետևեն օրենքին, իսկ խախտման դեպքում ենթարկվեն պատասխանատվության։ 

Ես գտնում եմ, որ կառավարությունը չպետք է հրաժարվի խոշոր ձեռնարկությունների (խաղողի մթերման կետ, կաթի վերամշակման կետ, ՀԷԿ և այլն) տնօրինելուց, որպեսզի եկած շահույթն օգտագործվի ընդհանուր նպատակների համար։ 

 

Երվանդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գյուղատնտես