comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԱՎԵԼԱՑՎԵԼ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԱՎԵԼԱՑՎԵԼ Է

Վերջերս ԱԺ-ն հավանություն  տվեց ԱՀ  քաղաքաշինության նախարարության կապիտալ ներդրումների պետական պատվերը  3մլրդ 300մլն դրամով   ավելացնելուն առնչվող օրենքի  նախագծին:

Նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով`  այդ գումարների հաշվին հնարավոր է լինելու ավարտել կիսատ մնացած մի շարք կարևոր ծրագրեր։  

Նշենք, որ  ընթացիկ տարվա սկզբին Արցախի կառավարության որոշմամբ հաստատված կապիտալ ներդրումների պետական պատվերը կազմում էր 14մլրդ 200մլն դրամ: Տարվա ընթացքում  ծրագիրը երկու անգամ փոփոխության ենթարկվեց` ավելացվելով նախ  500, ապա ևս  350 մլն դրամի չափով։ Եթե գումարենք նաև վերոնշյալ 3 մլրդ 300 մլն դրամը, ապա 2018 թվականի  կապիտալ ներդրումները կկազմեն 18մլրդ 350 մլն դրամ: Սա աննախադեպ թիվ է. սկսած 2008թ.-ից՝  նման չափով կապիտալ ներդրումների ծրագիր չի նախատեսվել։  Կ. Շահրամանյանը տեղեկացրեց, որ այդ հատկացումներով փորձում են լուծում տալ  հանրապետությունում առկա հրատապ բազմաթիվ խնդիրների: ՙՊետք է նշել, որ  ամեն տարի  պետական բյուջեով տնտեսված գումարների,  հարկային մուտքերի հաշվին տարեվերջին ավելացվում է կապիտալ ներդրումների պետական ծրագիրը, քանի որ պատերազմից հետո  ոլորտում հսկայական ծավալի աշխատանք է կուտակվել, որի լուծումն օրախնդիր է: 3մլրդ 300մլն դրամ գումարն  ուղղվելու է տարվա ընթացքում  տարաժամկետ վճարման պայմանով    բնական աղետների հետևանքով հասցված վնասների վերացմանը և շինարարության ոլորտում կատարվող այլ աշխատանքների դիմաց վճարումներին՚,-մանրամասնեց նախարարը, հավելելով, որ գումարի մեծ մասը` 2մլրդ 140մլն դրամ, բաժին է ընկնում ճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, Ստեփանակերտի փողոցների բարեկարգմանը և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքների  ֆինանսավորմանը։ Հայտնի է, որ  վերջին տարիներին մեծ թափով ընթանում են  փողոցների բարեկարգման աշխատանքներ: Դրանց մի մասը նախատեսված չէր պետական բյուջեով, բայց քանի որ խնդիրը  հրատապ էր, դրանք ընթացքավորելու  որոշում  կայացվեց. մի քանի կապալառու կազմակերպություններ հանձն առան այդ աշխատանքը՝ տարաժամկետ ֆինանսավորում ստանալու  պայմանով։  Մինչև տարեվերջ ունեցած պարտավորությունները մարելով, պետությունը նախատեսում է հաջորդ տարի արդեն նոր գործարք կնքել նրանց հետ: 

Ի՞նչ առաջնահերթությամբ են ընտրվում Ստեփանակերտի` բարեկարգման ենթակա  փողոցները. հայտնի է, որ մայրաքաղաքի փողոցների  բարեկարգման ծրագիրը տարաբնույթ  մեկնաբանությունների ու վերաբերմունքի տեղիք է տվել: Գերատեսչության ղեկավարն ասաց, որ առաջնահերթություն տրվում է ըստ քաղաքապետարանի կողմից տրամադրված ցուցակների: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ խնդրին: Որպես ասածի հիմնավորում` Կ. Շահրամանյանը ներկայացրեց արդեն բարեկարգված փողոցների երկար ցանկը, նշելով, որ  2019թ. նույնպես  մի շարք փողոցներ ընդգրկված են կապիտալ ներդրումների ծրագրում: Փողոցների բարեկարգումը շատ ծախսատար ծրագիր է, զգալի միջոցներ են անհրաժեշտ այն ավարտին հասցնելու համար,  և անհնար է  միանգամից  Ստեփանակերտի բոլոր փողոցները բարեկարգել: Նա հավաստիացրեց, որ փորձ է արվելու  5-6 տարվա ընթացքում մայրաքաղաքի  գրեթե բոլոր փողոցները դարձնել բարեկարգ։ Հաջորդ տարվանից մեծ աշխատանք է  ծավալվելու  ծայրամասային փողոցներում։

Շուրջ  160մլն դրամ  գումար ուղղվելու  է բնակավայրերի ջրամատակարարման աշխատանքների ֆինանսավորմանը: Կ. Շահրամանյանն ասաց, որ  մի քանի բնակավայրերում արդեն ընթանում են ջրային ցանցի կառուցման աշխատանքները:  Դրանց թվում են Մարտունու շրջանի Վարանդա,  Հերհեր, Ծովատեղ գյուղերը:  Բոլորովին վերջերս Ֆրանսիայի մեր հայրենակիցների  հետ համաֆինանսավորմամբ սկսվել է նոր ծրագիր, որի շրջանակներում  Ասկերանի շրջանի Դաշուշեն, Քռասնի, Այգեստան գյուղերում ջրային ցանցի կառուցման աշխատանքներ են ընթանում: 

 Քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց, որ  նշված գումարից 150մլն դրամն ուղղվելու  է բնակարանաշինության ոլորտին: Առաջնահերթությունները կտրվեն սոցիալական խոցելի խավերին` բարելավելով նրանց բնակարանային պայմանները: 

Այս տարի ուժեղ քամու հետևանքով մեծ վնաս է հասցվել ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ այլ բնակավայրերի շենք-շինություններին,  վնասվել են հիմնականում  տանիքները։ Աղետի հետևանքով հասցված վնասը գրեթե վերացվել է: Դրա  համար օգտագործվել են պահուստային միջոցներ, ինչպես նաև  կապալառու կազմակերպությունների ռեսուրսներ. 92մլն դրամ կտրամադրվի  այդ աշխատանքների դիմաց  գոյացած պարտավորությունների մարմանը։  100 մլն դրամ կուղղվի  հանրապետությունում բավականին պահանջված` շինանյութերի տրամադրման ծրագրին:

 Այս տարի առաջին անգամ ճանապարհային սպասարկման գործում կներգրավվեն շրջվարչակազմերը:  Վերոնշյալ  գումարից 260մլն դրամ կտրվի շրջաններին` ճանապարհների  բարեկարգման, սպասարկման, սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման  աշխատանքներ իրականցնելու նպատակով:  Ստեղծվել են ընկերություններ, որոնք  բնականոն  աշխատում են տարվա սկզբից: Սա, իհարկե, չի նշանակում, որ ճանապարհների սպասարկում իրականցնող  ՙԱրցախուղի՚ ընկերությունն այլևս չի աշխատելու. այն  կկատարի իր  գործը` սպասարկելով  միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները: ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի  կողմից այս տարի ևս ձեռք է բերվել 2 ավտոմեքենա, որոնք վերաձևավորվել են ձնամաքրման և աղցան մեքենայի, ձեռք է բերվել նաև անհրաժեշտ քանակությամբ աղ,  ավազ և վառելիք,  ճանապարհների ձմեռային սպասարկման և  պահպանման համար: 

ՙՎահե Կարապետյան՚ ընկերությունը կիրականացնի Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի սպասարկումը, իսկ ՙԿապավոր՚ ընկերության հետ Քաղաքաշինության նախարարությունը  պայմանավորվածություն ունի  Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի, Սոթքի լեռնանցքի մաքրման աշխատանքներն  իրականացնելու  մասին: Քարվաճառի խաչմերուկից մինչև Սոթքի սահմանը  կսպասարկվի ՙՀայկշին՚ ընկերության կողմից:  

Կ. Շահրամանյանն ասաց, որ լրացուցիչ տրամադրված այդ գումարների  շնորհիվ կհաջողվի գրեթե առանց  պարտք ու պահանջի  մուտք գործել 2019թ:  Բացառություն կկազմեն   ճանապարհաշինության ոլորտում աշխատող 3-4 ընկերություններ,  որոնց հետ ունեն տարաժամկետ վճարման հիմունքով պայմանագրեր:  Նախարարը խոստացավ, որ 2018 թվականի վերջին բոլոր աշխատանքների դիմաց վճարումները կատարվելու են։ Իսկ ինչպե՞ս են կատարում իրենք` կապալառուները, իրենց պարտականությունները, ունե՞ն աշխատավարձերի կամ այլ չմարված պարտավորություններ իրենց աշխատակիցների հանդեպ` Կ. Շահրամանյանն ասաց, որ պարբերաբար իրականացնում է մոնիտորինգ, կապալառու կազմակերպություններում  հարցումներ՝ պարզելու համար, թե ինչպես են լուծվում ֆինանսական  հարցերը  մատակարարների հետ կամ   աշխատավարձերի մասով։  Թերացումները, նախարարի խոսքով, առավելապես բացառություն են, քան օրինաչափություն.  գրեթե միշտ կապալառու կազմակերպությունները կատարում են իրենց պարտականությունները։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ