Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

 Պետական նախարարը նախ եղել է ՙՌեյփսիդ՚ ՍՊ ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի գործարանում, որտեղ սեփականատիրոջ ուղեկցությամբ ծանոթացել է արտադրության ընթացքին, գործարանում արտադրվող ռաֆինացված և չռաֆինացված ձեթերի տեսականուն, հետաքրքրվել մթերվող յուղատու մշակաբույսերի ծավալով։ Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել գործարանի դերը Արցախում վերամշակող արդյունաբերության զարգացման և հատկապես տեղական հումքի իրացման գործում։ Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել նման ձեռնարկությունների գործունեությանը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում։

Այնուհետև Գ. Մարտիրոսյանն այցելել է ՙՌաֆո՚ ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին։ Նախագծով նախատեսված է կառուցել նկուղային հարկերով քառահարկ 2 շենք՝ 3 և 4-սենյականոց 32 բնակարանով։ Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի:

Պետնախարարն ընդգծել է գյուղական համայնքներում նոր բնակարանների կառուցման առաջնահերթությունը՝ նշելով, որ գալիք տարում այդ նպատակով կառավարությունը նոր ծրագիր կսկսի։ ՙԳյուղաբնակ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հիմքից նոր տուն կկառուցեն, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով, հնարավորություն կունենան փոխառություն ստանալ։ Դա չի նշանակում, որ դադարեցվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը։ Երկու ծրագրերն էլ կգործեն զուգահեռ՚,- նշել է Գ. Մարտիրոսյանը։

Այցի ընթացքում պետական նախարարը եղել է Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, զրուցել ուսուցչական կոլեկտիվի անդամների և աշակերտների հետ, խոստացել, որ կառուցվող մարզադահլիճի կիսատ մնացած շինաշխատանքները շուտով նորից կվերսկսվեն։ Նա ծանոթացել է նաև համայնքի՝ կապիտալ վերանորոգման կարիք ունեցող նախկին մանկապարտեզի և գործող բուժամբուլատորիայի շենքային պայմաններին։ 

Այնուհետև ենթաշրջանի մեկ տասնյակից ավելի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են համայնքային նշանակության խնդիրներ, ինչպես նաև պետնախարարին զեկուցվել է ենթաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին։ 

Խոսելով պետական աջակցության ծրագրերից՝ Գ. Մարտիրոսյանը  է համայնքների ղեկավարներին հորդորել դրանց մասին հնարավորինս իրազեկել բնակիչներին։ Ըստ ոլորտների, գործող ծրագրերի մասին ելույթներով հանդես են եկել Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավար Տիգրան Ծատրյանը։

Անդրադառնալով խնդիրներին՝ պետնախարարը նշել է, որ, հաշվի առնելով բոլոր համայնքների համար դրանց ընդհանրությունը, գալիք տարիներին պետական և բարեգործական միջոցների ներգրավմամբ կառավարությունը ինտենսիվ կերպով շարունակելու է գյուղական համայնքներում փողոցների սալապատման, խմելու ջրով ապահովման և մի շարք այլ ծրագրեր։ 

Հանդիպման ընթացքում պետական նախարարը լսել է նաև համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները և պատասխանել նրանց հարցերին։

Այցի ընթացքում Գ. Մարտիրոսյանին ուղեկցում էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին