ՈՐՊԵՍԶԻ ՃՅՈՒՂԸ ԴԱՌՆԱ ԳՐԱՎԻՉ

Անասնաբուծությունը գյուղատնտեսության կարևորագույն ուղղություններից է, կարևոր նաև այն   առումով, որ կլոր տարին գյուղացու համար եկամտի աղբյուր է հանդիսանում:

Հետպատերազմյան տարիներին այդպես էլ չի հաջողվել  վերականգնել  խորհրդային ժամանակներում  զարգացում ապահոված  և տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեցած   այդ ճյուղը, չնայած Արցախում դրա համար կան բոլոր նախադրյալները: 

Գյուղատնտեսության նոր հայեցակարգի ընդունմամբ կառավարությունը հույս ունի արմատական փոփոխությունների ենթարկել բնագավառը, այն համապատասխանեցնել արդի` աշխարհում կիրառվող փորձին` ոլորտը դարձնելով ներդրումների համար գրավիչ և եկամտաբեր:  Դրա համար, ինչպես տեղեկացանք ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան ԱՌՍՏԱՄՅԱՆԻՑ, ով անասնաբուծության ոլորտի ծրագրերի պատասխանատուն է, անհրաժեշտ է շահագրգռել մասնավոր հատվածին` ներդրումներ կատարել ոլորտում, ստեղծել ֆերմերային տնտեսություններ: Պետության խնդիրը  ոլորտում բարենպաստ  բիզնես-միջավայր ձևավորելու,   մթերատու  ցեղատեսակների բուծումը խրախուսելու,  դրանց ձեռքբերմանը և հետագա պահպանումն  ու բազմացումը  կազմակերպելուն աջակցելու մեջ է: 

ՙՈլորտում խնդիրները բազմազան են, բայց քիչ չեն նաև դրանց լուծմանն ուղղված քայլերը,- ասաց Տ. Առստամյանը:- Եվ հենց այդ քայլերի շնորհիվ է, որ վերջին  տարիներին որոշակի առաջընթաց կա: Գլխաքանակը կամա՛ց-կամաց վերականգնվում է, հարցը միայն դրա վերականգնման մեջ չէ. զարգացած, ժամանակակից անասնապահություն ունենալու համար պետք է գնալ ինտենսիվ զարգացման։ Անհրաժեշտ է աշխատանքներ  տանել  կենդանիների ցեղային հատկանիշների  բարելավման, մթերատվության բարձրացման ուղղությամբ։ Իսկ որպեսզի  դա մեզ հաջողվի, պետք է ունենանք առողջ  անասուններ, ձևավորվի   կերի կազմակերպման ճիշտ մոտեցում, ամրապնդվի  կերային բազան,  տարվեն   տոհմասելեկցիոն աշխատանքներ:  Այս  պայմանները  պարտադիր են  ինտենսիվ անասնապահության զարգացման համար՚:

Առողջ կենդանիներ ունենալու համար  Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է վարակիչ հիվանդությունների դեմ  կանխարգելիչ միջոցառումներ` լրիվ պետբյուջեի ֆինանսավորմամբ։ Ամեն տարի մոտ 14 հիվանդության նկատմամբ, որոնք հաշվվում են վտանգավոր և ընդհանուր են մարդու և կենդանիների համար և հաճախակի են հանդիպում մեր հանրապետությունում, կանխարգելիչ սրսկումներ են կատարվում։ Արդյունքում,  այսօրվա դրությամբ, անասնահամաճարակային իրավիճակը կայուն է. հատուկենտ դեպքեր գրանցվում են, բայց դրանք  զանգվածային բնույթ չեն կրում։ 

Կերային կայուն բազայի ստեղծման ուղղությամբ ևս գերատեսչությունը ծրագրեր ունի. ներկրվում է  կերային կուլտուրաների սերմացու և անվճար տրամադրվում  ֆերմերներին ու հողօգտագործողներին։ Այս տարի  ավելի քան 3000տ սերմացու է տրամադրվել:  Ինչ վերաբերում է տոհմասելեկցիոն աշխատանքներին, ապա մեր հանրապետությունում այն իրականացվում է  2004 թվականից. արտասահմանից ներկրվում են բարձրարժեք սերմնահեղուկ և ազնվացեղ անասուններ` կենդանիների մոտ  արհեստական սերմնավորում իրականացնելու, տոհմային անասուններ բուծելու և հանրապետությունում առկա  գլխաքանակը բարելավելու  համար։ Նրանցից ստացված ցլիկներն արտոնյալ պայմաններով տրամադրվում են ֆերմերներին.  արժեքի 35 տոկոսը սուբսիդավորվում է  պետության կողմից, մնացած գումարը ֆերմերները մարում են 5 տարվա ընթացքում։  Այսօրվա դրությամբ  տրամադրված ցլիկներից  5000-ից ավել խառնածին կենդանիներ ունենք, որոնք մեր տեղական նախիրից տարբերվում են։  Պատահական չէ, որ եթե 2010թ. մեկ կովի միջին կաթնատվությունը տարեկան կազմում էր 1650կգ, այսօր  այն հասնում է 2350 կգ-ի։ ՙԴա, իհարկե,  այն արդյունքը չէ, որը  բավարար է, բայց առաջիկայում ևս աշխատանքներ են տարվելու, ու ձգտելու ենք լավագույն ցուցանիշներ ապահովել:  Իսկապես կարևոր է, որ  գյուղատնտեսության մեջ ներդնենք ինտենսիվ մեթոդներ: Նոր հայեցակարգում  ներառված են ոլորտի զարգացման բոլոր ուղղությունները, մեթոդները՚,-ասաց զրուցակիցս:  Այսօրվա դրությամբ հանրապետությունում 2 տոհմային տնտեսություն կա, ՙԱրմագրո՚-ն, և  ՙՏոհմային կայան՚-ը, որը գործում է  2008 թվականից:  

Տ. Առստամյանն ընդգծեց բնագավառն արդիականացնելու կարևորությունը, նշելով, որ  ուշադրություն է դարձվում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, մասնագետների որակավորմանը, կթի, կերի, մաքրման աշխատանքների  ավտոմատացմանը: Դրանք ևս անասնաբուծության ոլորտում բիզնեսի գրավչությունն ապահովելու կարևոր նախապայմաններից են, քանի որ անասնապահության ոլորտը  ծանր է, շուրջօրյա աշխատանք է  պահանջում, աշխատուժը թանկ արժե: Այս ամենի  պատճառով շատերը հրաժարվում են այդ ոլորտում գործունեությունից։ Աշխատանքների ավտոմատացումը, ժամանակակից ֆերմաների ստեղծումը թույլ կտան հեշտացնել այդ աշխատանքը և, զարգացնելով  ոլորտը, դարձնել գրավիչ։  Նշված ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է առավելապես մեծ  տեղ տալ  մսուրային  պահվածքին։ 

Մանր եղջերավոր անասունների բուծումը ևս առաջնահերթություն է: Ներկայումս մեզ մոտ առավել տարածված է ոչխարաբուծությունը, քանի որ հենց այդ ճյուղը նվազ ռիսկային է համարվում, իրացումը կատարվում է առավել հեշտ, քանի որ ոչխարի միսը  և կաթնամթերքը  բավականին կիրառելի են  արցախյան խոհանոցում և իրենց համային հատկանիշներով ընդունելի են  նաև հյուրընկալվածների համար, իսկ բրդի օգտագործումը  լայն տարածում ունի բնակչության շրջանում: Այն պահելը ևս ավելի հեշտ է: Խոզաբուծությունը վերջին տարիներին Արցախում խնդիրներ է ունենում:  Չնայած այդ ոլորտում բիզնեսն առավել դյուրին է, եկամտաբեր` խոզերն արագ են աճում և կարճ ժամանակահատվածում հաջողվում է վերադարձնել ներդրումները, այն  մի վտանգ ունի՝ աֆրիկյան  ժանտախտը, որն իսկական  չարիք է դարձել։  Մասնագետները գտնում են, որ դրա դեմ պայքարի հիմնական սկզբունքը փակ պահվածքն է: 

Իհարկե, դեռ  անելիքներ կան  թռչնաբուծության, ձկնաբուծության, մեղվագործության բնագավառներում, դեռևս հանրապետությունում իսպառ բացակայում է մսամթերքի վերամշակման մշակույթը: Այս ամենը խոսում է այն մասին, որ դաշտը դեռ անմշակ է, չնայած և՜ ոլորտն է հեռանկարային, և՜ պայմաններն են բարենպաստ: 

ՙՄսամթերքի  վերամշակումը ճյուղի զարգացման կարևոր նախապայմաններից է:   Վերամշակող արտադրությունների հիմնումը, իհարկե, մեծ ներդրումներ է պահանջում, բայց որոշակի ժամանակահատվածում արդեն հրամայական է լինելու: Ցավոք, դեռ նման բիզնես-ծրագիր ներկայացնողներ չեն եղել:  Նման գաղափարներ կենսագործելու համար,  կարծում եմ,  պետության կողմից օժանդակություն  կլինի։  Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը երկարաժամկետ ծրագիր է, ընդգրկուն և բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Ոլորտում զբաղվածները պետք է օգտագործեն այդ հնարավորությունը`զարգացնելու իրենց բիզնեսը, ինչն էլ կբերի  ոլորտի զարգացմանը, ընդհանուր առմամբ՚,-եզրափակեց Տ. Առստամյանը: 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ