ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ՝ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ

Չնայած բուսաբուծությունը  մեր հանրապետությունում վատ հիմքերի վրա չի դրված (ընդհանուր գյուղատնտեսության համախառն արտադրանքի տեսակարար կշռի մեջ այն մեծամասնություն է կազմում), այնուամենայնիվ, այն բավարար համարել չի կարելի, հատկապես ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու անհրաժեշտության մասին  կառավարության վերջին  տարիների հայտարարությունների հեռապատկերի վրա:

 Հենց այդ անցումն ապահովելու, գյուղատնտեսությունը զարգացման նոր մակարդակի բարձրացնելու  նպատակով է ընդունվել Գյուղատնտեսության զարգացման  հայեցակարգը, համաձայն որի` ոլորտում նոր ռազմավարություն և քաղաքականություն է որդեգրվել: ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն  Ավետիսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ վերջին մեկ տարվա մեջ արձանագրված դրական շարժընթացն  արդեն նկատելի է, և եթե հաջողվի բնական աղետներից պաշտպանությունը ևս պատշաճ մակարդակի բարձրացնել, գյուղատնտեսական ցուցանիշների զգալի աճն ապահովված կլինի: Ընդ որում, հաջողություններ կան ինչպես  դաշտավարության, այնպես էլ  բանջարաբուծության ու այգեգործության ոլորտում։ 

Դաշտավարության,  ասենք` հացահատիկի արտադրության մեջ մեծ  տեղ է տրվում մշակման տեխնոլոգիաների պահպանմանը, պարարտանյութերի ճիշտ կիրառմանը, վնասատուների դեմ պայքարին, քանի որ, գյուղատնտեսների կարծիքով, բերքի քանակն ու որակը պայմանավորված են նրանով, թե մարդն ինչ չափով է բավարարել բույսի կենսական  պահանջները. որքան բույսը լավ է ապահովված սննդանյութերով, ջրով,  մնացած կենսատու  գործոններով, այնքան ինտենսիվ է տեղի  ունենում ֆոտոսինթեզը,  բարձր է լինում բերքատվությունը, ուստի անչափ կարևոր է  ագրոտեխնիկական միջոցառումների  համակարգի  ժամանակին և ճիշտ  կիրառումը: Այն  նպաստում է  գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին բարենպաստ ազդեցություն է ունենում  վարելաշերտում մեծ քանակությամբ օրգանական զանգվածի կուտակման վրա, հետևապես` նաև հողի բերրիության բարձրացմանը: 

ՙՈրքան գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձր է, այնքան ավելի արագ է բարձրանում հողի բերրիությունը, որն իր հերթին նպաստում է հաջորդ մշակաբույսի բերքատվության բարձրացմանը: Ահա այսպիսի փոխադարձ  կապ  գոյություն ունի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության մակարդակի և հողի բերրիության միջև՚,-ասաց փոխնախարարը, հավելելով, որ  բուսաբուծության ճյուղում վերջին տարիներին իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են   հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, գարնանացան մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։

ՙՆախորդ տարիների համեմատ, ցանքատարածությունների ավելացմանը զուգահեռ,  փորձ է արվել բարելավել նաև  դրանց կառուցվածքը, ինչը կարևոր է ցանքաշրջանառության կիրառման առումով,-ասաց նա:- Հայտնի է,  որ հողատարածքները տարիներ շարունակ զբաղեցվել են աշնանացան մշակաբույսերով, ինչը բացասաբար է անդրադարձել հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության վրա՚:

Տարբեր տարիների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված աշխատանքը տալիս է բավարար արդյունք.  2018 թվականին,  նախորդ տարիների համեմատ, բերքատվության  բավականին  բարձր մակարդակ և  որակյալ բերք է գրանցվել:  Այլ հարց է, որ բնական աղետները մեծ վնաս են տվել: ՙՈւնեցել էինք բարձր բերք ապահովող, խոստումնալից դաշտեր,  սպասելիքները մեծ էին: Աշնանացանը կատարվել է  ճիշտ` ագրոկանոնների պահպանմամբ։ 15 հազ. հա տարածքի վրա  միայն գյուղատնտեսական նշանակության  հողեր են կարկտահարվել: Դրանց  մեծ մասը հացահատիկային նշանակության մշակաբույսեր էին: Ձմռան ամիսներին ունեցել ենք  սակավ տեղումներ, մայիսին-հունիսին` սելավներ, ուժեղ քամիներ, որոնք ազդեցին ոչ միայն հացահատիկի, այլև պտղատուների բերքատվությանը, վնասվել են նռան և այլ այգիներ՚,-տեղեկացրեց Վ. Ավետիսյանը։

Կառավարության ծրագրերով  ընդլայնվել է նաև գարնանացան մշակաբույսերի տեսակային կազմը. մշակության մեջ են դրվում գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են հնդկացորենը, հլածուկը, արևածաղիկը, կտավատը, սոյան, ոլոռը, ոսպը և բազմամյա կերային խոտաբույսերը: Վերջիններիս մշակությունը նախադրյալներ է ստեղծում ագրովերամշակող արդյունաբերության և անասնաբուծության զարգացման համար: Վ. Ավետիսյանը մեր զրույցի ընթացքում  անդրադարձավ այնպիսի կարևոր խնդրի, ինչպիսին հողօգտագործողների հետ տարվող աշխատանքն է: Նա նշեց, որ հողօգտագործողի կողմից  ժամանակին,  արդի  գյուղատնտեսության պահանջները հաշվի առնելով`  հողի մշակություն իրականացնելը  բարձր բերք ստանալու նախապայմանն է, դրա համար նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում հողօգտագործողների շրջանում բացատրական աշխատանքին, այդ թվում և տարբեր թեմաներով սեմինարների կազմակերպման, տեղում խորհրդատվություն տալու միջոցներով: 

Այգեգործության, պտղաբուծության  ոլորտում Հայեցակարգով մի շարք  ծրագրեր են նախատեսված՝ հիմնականում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ:  Պետական աջակցության մի շարք ծրագրեր հենց կաթիլային ոռոգման հետ են կապված:  Երկրի գյուղատնտեսական վարկանիշի  ու արդյունքի բարձրացման մեջ պտղաբուծությունը խոստումնալից ճյուղ է. զանազան ծրագրերով խրախուսվում  է պտղատու, հատկապես նռան  այգիների ավելացումը: Նոր տեխնոլոգիաներով այգիների մշակումը  կտա  իր արդյունքները` նպաստելով  բերքատվության բարձրացմանը,  արտադրված բերքի ինքնարժեքի նվազմանը,  քանի որ  ոռոգման այդ համակարգի տեղադրմամբ  ծախսերը  հասցվում են նվազագույնի։   Վ. Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ պարարտանյութային սնուցումը ևս կատարվում է  կաթիլային համակարգով:  Իսկ որքանո՞վ են պահպանվում  դրանց կիրառման կանոնները, ինչպե՞ս է կատարվում վերահսկողությունը: Վ. Ավետիսյանն ասաց, որ  կան որոշված չափաբաժիններ, տրվում են  խորհրդատվություններ, իսկ  վերահսկողությունը կատարում է Սննդի անվտանգության ծառայությունը` պարբերական  մոնիտորինգ անցկացնելով  ինչպես դաշտերում, այնպես էլ շուկայում: 

Բուսաբուծության զարգացման  համալիր ծրագրի շրջանակներում, բացի գարնանացան մշակաբույսերի սերմերի և պարարտանյութերի տրամադրումից,  առանձին տեղ  է տրվում  նաև բանջարեղենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին աջակցելուն:  Նրանց անհատույց տրամադրվում է  200 հազ. դրամ` 1 հա-ի համար, ինչը հողօգտագործողին հնարավորություն է տալիս ժամանակին ձեռք բերել սերմեր, սածիլներ,  արտադրության  համար այլ  միջոցներ: Այդ աջակցությունը պետք է ազդի  ինքնարժեքի  ձևավորման վրա, ինչն էլ  հնարավորություն պիտի տա, որ այն  մթերող կազմակերպություններին հանձնվի հարմար գնով, նպաստելով  վերամշակող արտադրությունների զարգացմանը: Նախարարությունը ծրագրեր ունի նաև օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Վ. Ավետիսյանն ասաց, որ դեռ փորձում են կատարել առաջին քայլերը, քննարկվում են եղած  առաջարկները: ՙՕրգանական գյուղատնտեսությունը թանկ հաճույք է, և  այս պահի դրությամբ  հետազոտություններ ու վերլուծություններ են կատարվում,-ասաց նա: -Ագրովերամշակումն անհրաժեշտ է բավարար ծավալների հասցնել, որպեսզի  արդարացված լինեն գյուղոլորտի զարգացման ծրագրերը: Դրանք փոխկապակցված են  և պետք է զարգանան համաչափ: Հաճախ գյուղատնտեսական արտադրանքն ավելին է լինում, քան կարող են ընդունել վերամշակող ընկերությունները։ Այդ դեպքում հողօգտագործողն իրացման խնդիրներ է ունենում: Կարելի է հզորություններն ավելացնել, միրգ-բանջարեղենի  արտադրությունը` նույնպես։  Բայց պիտի լինի պահանջարկ և իրացման շուկա՚:  Օրինակ, խաղողի մասով արդեն խնդիրներ չեն լինեն.  պահանջարկ կա,  և խաղող մթերողներն այլ` որակյալ խաղող ապահովելու  խնդիր են  դնում։ Փոխնախարարն ասաց, որ շուտով  խաղողայգիներն էլ կավելացվեն։ Այս տարի մոտ 50 հա խաղողի այգի է հիմնադրվել. Տող գյուղում  խաղողի և նռան նոր սորտեր են մշակվելու։  

 Վերջին երկու-երեք տարում կանոնավոր սկսել են մշակել յուղատու մշակաբույսեր. կան արտադրական նշանակության արևածաղկի, հլածուկի, կտավատի  դաշտեր: Մի քանի տարի  է` խոսվում է նաև  բամբակի մշակության վերականգնման մասին:  Հետազոտություններ արվել են մասնագետների կողմից,  համապատասխան տարածքներն  ընտրված են եղել, բայց տեխնիկական խնդիրների պատճառով գործին ընթացք դեռ չի տրվել:  Բամբակագործության, ինչպես նաև բուսաբուծության  հեռանկարային այլ ճյուղերի  ներդրման առումով   վերջին խոսքը դեռ ասված չէ. ծրագրերը շատ են, անելիքները` նույնպես: Մնում է դրանք իրագործելու կամք և ցանկություն, որպեսզի գյուղատնտեսությունն իրավամբ դառնա  տնտեսության եկամտաբեր ճյուղերից մեկը: 

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ