ՙԲՅՈՒՋԵ-2019՚ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՙԱՀ 2019թ. պետական  բյուջեի մասին՚ օրինագծի քննարկման շրջանակներում նոյեմբերի 26-ին ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և Ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում իրենց ղեկավարած կառույցների  բյուջեները ներկայացրին  Քաղաքաշինության, Գյուղատնտեսության, Էկոնոմիկայի և արտադրական  ենթակառուցվածքների ու Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարները։ 

 Քանի որ Բյուջե-2019-ի նախագիծը նախօրոք ուղարկվել էր ԱԺ և պատգամավորները դրան ծանոթանալու հնարավորություն են  ունեցել, նիստին դրանք մանրամասն չեն ներկայացվել՝ ժամանակը տնտեսելու և հարցուպատասխանին  տրամադրելու համար։ 

Քաղաքաշինության ոլորտի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաջորդ տարի, ըստ նախատեսվածի, կկազմի 19 մլրդ 86 մլն դրամ` նախորդ տարվա 18 մլրդ 340 մլն դրամի դիմաց։  Ըստ նախարար Կ. Շահրամանյանի, օրինագծում նախևառաջ ընդգրկվել են փոխանցիկ, ավարտված և տարաժամկետ վճարման պայմանով իրականացված ծրագրերը։ Կ. Շահրամանյանը ներկայացրել է նաև այդ գումարների բաշխվածությունը՝ ըստ ճյուղերի։ Ամենամեծ գումարները՝ ավելի քան 3 մլրդ դրամ, նախատեսվում է հատկացնել ճանապարհաշինության ոլորտին։ Հաջորդ տարվանից կմեկնարկի նաև բնակարանաշինության  խոշոր մի ծրագիր, որի համաձայն` Ստեփանակերտում կկառուցվի շուրջ 500 բնակարան։ Պատգամավորների կողմից բարձրացված հարցերի մի մասը հենց բնակարանաշինության ոլորտին էին առնչվում. առաջնահերթություն է տրվում զոհվածների, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին և սոցիալական տարբեր  ծրագրերի մեջ ընդգրկված հայտատուների խնդիրների լուծմանը։ 

Պատգամավորներից ոմանք ներկայացրին իրենց ընտրողների մտահոգությունը՝ ճանապարհների, մայրաքաղաքի փողոցների տարիներով չլուծվող հարցերի վերաբերյալ։  Կ. Շահրամանյանը նշեց, որ նման խնդիրները բազմաթիվ են, գերատեսչությունը փորձում է լուծում տալ դրանց, առաջնահերթության կարգով` յուրաքանչյուր տարի դրանցից որոշները ընդգրկելով բյուջեում։  2019թ.-ին ևս որոշ փողոցներ կբարեկարգվեն։ 

Ջրամատակարարման ցանցի կառուցումը տարբեր համայնքներում նույնպես պետության ուշադրության կենտրոնում կլինի։ Անհիմն չէ պատգամավորներից մեկի մտահոգությունն առ այն, որ Արցախի ամենաջրառատ շրջանի` Շահումյանի 14 համայնքներից 13-ում ջուր չկա։ Կ. Շահրամանյանը տեղեկացրեց, որ շրջանի 4 համայնքում 2019թ. կսկսվեն ջրատար ցանցերի կառուցումը։ Մտահոգիչ է նաև Ստեփանակերտի թիվ 10 և Մարտակերտի թիվ 1 դպրոցների ճակատագիրը։ Գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրանք ծախսատար նախագծեր են և պետք է փորձել լուծում գտնել արտաբյուջետային միջոցների հաշվին: 

Գյուղոլորտի բյուջեն, առանց պետական կառավարչական հիմնարկների պահպանման ծախսերի, կկազմի  4 մլրդ դրամ, ինչը 274 մլն դրամով ավելի է նախորդ տարվանից։ Վերջին տարիներին գյուղնախարարությունը մեծ տեղ է հատկացնում ոռոգման արդի համակարգերի ներդրմանը, քանի որ, մասնագետների խոսքով, առանց զարգացած  ոռոգման համակարգերի անհնար է  ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում ապահովել։ Պատգամավորները խնդրեցին  նախարար Ժ. Միրզոյանին հիմնավորել, թե որքանո՞վ է նպատակահարմար ու արդյունավետ նմանատիպ ծրագրերի վրա այդքան գումարների ծախսումը։ Գյուղնախարարը նշեց, որ կաթիլային  համակարգի ներդրումը մի քանի անգամ կկրճատի գյուղմթերքի արտադրանքի ստացման ծախսը՝ բերելով բերքատվության բարձրացման, դրա ինքնարժեքի անկման և օրինակ բերեց ինչպես միջազգային, այնպես էլ  ՀՀ փորձը, որի ուսումնասիրության վրա էլ կողմնորոշիչ հաշվարկներ են կատարվել։ Արցախում ևս որոշակի դրական փորձ կա, հատկապես այգեգործական ոլորտում։ 

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին ուղղված հարցերի մի մասն առնչվում էր էներգետիկ ոլորտին։ Ինքնաբա՞վ ենք արդյոք էլեկտրաէներգիայի մասով, ի՞նչ պայմաններով է կազմակերպվելու դրա արտահանումը, ինչպե՞ս  է կազմակերպվում էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը և ի՞նչ մեխանիզմներով է վերահսկվում այն։ Այլընտրանքային էներգիայի (մասնավորապես՝ արևային)  զարգացման ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը։ Գերատեսչության ղեկավար Լ. Գրիգորյանը տվեց բարձրացված հարցերի պատասխանները, կարևորելով հատկապես արևային էներգիայի ոլորտում ներդրումների ապահովումը։ Մշակվել է օրինագծերի փաթեթ, որի ընդունմամբ առաջին հերթին մասնավոր տնտեսություններին հնարավորություն է տալիս իրենց սպառման համար անհրաժեշտ էներգիան ստանալ արևային կայանների միջոցով։ Նաև առկա են առաջարկություններ՝ Արցախում արևային կայաններ կառուցելու մասով։ 

Բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտին  2019թ. հատկացված գումարը կկազմի 342մլն դրամ։ Նախարար Ֆ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 2018թ. այդ գումարը կազմել էր 331 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, այդ գումարները  կբաշխվեն 7 ծրագրերի  միջև։ Բյուջեն կազմելիս հաշվի են առնվել ինչպես պատգամավորների, այնպես էլ հանրության կողմից բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկությունները։  

Բնապահպանության ոլորտում բազմաթիվ մտահոգություններ են առկա, որոնցից մի քանիսը ներկայացվեցին  նիստի ընթացքում։ Խոսվեց օրեցօր նոսրացող անտառների,  անօրեն անտառահատման  դեմ պայքարի,  վերահսկողության մեխանզիզմների ուժեղացման  անհրաժեշտության մասին։ 

Պատգամավորները փոխանցեցին Դրմբոնի և շրջակա համայնքների բնակիչների մտահոգությունը` կապված վերջերս գյուղացիների շրջանում տեսողության խնդիրների և քաղցկեղով հիվանդացության մակարդակի բարձրացման հետ, ինչը նրանք պայմանավորում են ընդերքը շահագործող ընկերությունների կողմից էկոլոգիական նորմերի չպահպանման հետ։ Խնդիր դրվեց ուժեղացնել վերահսկողությունը նաև ջրային  պաշարների օգտագործման (հատկապես հէկերի շահագործմամբ պայմանավորված) նկատմամբ։

Պատգամավորներն առաջարկեցին գետերի և շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հավանական էներգետիկ ներուժի հայտնաբերման կամ էլ բացառման նպատակով կատարել համալիր փորձաքննություն, որպեսզի  ավելի բաց ու թափանցիկ կատարվի ընդերքի և բնական ռեսուրսների շահագործումը։ 

Ֆ. Գաբրիելյանը հավաստիացրեց, որ  բնապահպանության նախարարությունը կիսում է բոլոր մտահոգությունները և ամեն ինչ անում` դրանք  բացառելու համար։ 

***

Նույն օրը, ավելի ուշ, ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում լսվեցին Արցախում գործող երկու՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության ու Արցախի ներդրումային հիմնադրամների  և Հանրային ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  կողմից ներկայացված նախագծերը։ 

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավար  Տ. Ծատրյանը ներկայացրեց կառույցի կողմից  ֆինանսավորվող ծրագրերը. 700 մլն դրամ կհատկացվի  հողագործության, 500 մլն դրամ՝ անասնապահության զարգացման ծրագրերին։ Եվս 300 մլն դրամ նախատեսվում է տրամադրել գյուղտեխնիկայի պարկի թարմացման նպատակին։ Ի՞նչ պարտավորություններ  ունի Հիմնադրամը պետության և առևտրային բանկերի հանդեպ, ի՞նչ պարտավորություններ ունեն շահառուները 

Հիմնադրամի նկատմամբ, ի՞նչ մեխանիզմներով է կատարվում տրամադրված փոխառությունների հավաքագրումը. պատգամավորները Տ. Ծատրյանից ստացան բարձրացված բոլոր հարցերի պատասխանները։ 

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Ք. Խաչատրյանը նշեց, որ 2019թ. բյուջեի նախագծով Հիմնադրամը կստանա 4 մլրդ դրամ, որը կուղղորդվի ՓՄՁ սուբյեկտների աջակցությանը, քաղաքացիների՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռքբերված բնակարանների մասնակի սուբսիդավորմանը, նպատակային փոխառությունների տրամադրմանը, ձեռնարկատիրական այլ ծրագրերի իրականացմանը։

ՀԾՏՄ կարգավորող պետական հանձնաժողովի բյուջեն ընթացիկ տարվա բյուջեից էականորեն տարբերվում է, քանի որ բարձրացվել է աշխատավարձերի ֆոնդը և նախատեսվում է, որ հանձնաժողովը կտեղափոխվի նոր շենք։ 

Հանձնաժողովի գործունեության մեջ նոր կետ կավելացվի   ԱԺ կողմից համապատասխան օրենքի ընդունման դեպքում, ըստ որի` հանրային ծառայությունների ոլորտում նախատեսվում է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ՀԾՏՄ հանձնաժողովի կողմից ֆինանսավորում՝ մեկ տոկոսի չափով։ Ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկը կհաստատի կառավարությունը։ Հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանին հարց ուղղվեց մեծ աղմուկ բարձրացրած գազի  ներտնային սպասարկման վճարի մասին, համեմատության եզրեր անցկացվեցին ՀՀ-ում գործող կարգի հետ։ Հ. Ղահրամանյանը իրազեկեց, որ ստեղծվել է գերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրում է խնդիրը և կատարված որոշման  մասին հանրությանն անպայման կտեղեկացվի։ Նա նշեց նաև,  որ նման ծառայություն ՀՀ-ում գործում է 2005 թվականից։ Այն գործում է առ այսօր։  Խոսվեց նաև ինտերնետ կապի ծառայության որակի և արագության բարձրացման անհրաժեշտության մասին։ Հ. Ղահրամանյանը նշեց, որ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում և արդյունքները կերևան շուտով։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ