ՙԲյուջե-2019՚ օրակարգում սոցիալական և առողջապահության ոլորտների ֆինանսավորման հարցերն էին

Նոյեմբերի 30-ին ՙԲյուջե-2019՚ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանում հրավիրվել է Սոցիալական և առողջապահության հարցերի ու  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգում սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտների ֆինանսավորման հարցերն էին:

 Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս. Ավանեսյանը ներկայացրեց սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը, որոնց ֆինանսավորմանն էլ նպատակաուղղվելու են 2019թվականի  բյուջեով հատկացված գումարները: Ոլորտի ծախսերը կկազմեն 23 մլրդ 637 մլն դրամ: 2018թ. բյուջեի համեմատ ծախսերը կավելանան 730 մլն. 900հազ. դրամի չափով: Ս. Ավանեսյանն ըստ առանձին ծրագրերի ներկայացրեց հատկացված գումարների չափը՝ ընթացիկ տարվա համեմատության մեջ:  Հաջորդ տարի գումարներ են ավելանալու կենսաթոշակային ապահովության ոլորտում՝ կապված Հայաստանի  Հանրապետությունում վերջին օրերին հայտարարված՝ կենսաթոշակի նվազագույն շեմի բարձրացման հետ, ինչը  նախաետսվում է  իրականացնել նաև Արցախում: Հաջորդ տարվանից փորձ է արվելու ներդնել  նաև կենսաթոշկային կուտակային համակարգը:  Աժ փոխխոսնակ Վ. Բալայանը հետաքրքրվեց, թե ինչ ժամկետներում են լուծվում բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը, ունի այդ մասով պետությունը չմարված պարտավորություններ, աղքատության ինչ մակարդակ և վերացման ինչ մեխանիզմներ են կիրառվում Արցախում: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկված  տվյալներով,  պարենային զամբյուղի շուրջ 25,5 հազ. դրամ նվազագույն շեմի ապահովումը ծայրահեղ  աղքատության վերացման մեկնարկը պիտի հանդիսանա£ Հարցեր ծագեցին կենսաթոշակային  կուտակային համակարգի ներդրման մեխանիզմների վերաբերյալ. 2019թ. բյուջեով 1 մլն 800 հազ. դրամ պետբյուջեից տրամադրվում է  կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծրագրին, քանի որ պետությունը պարտավորություն է ստանձնել ֆոնդի յուրաքանչյուր մասնակցի փոխանցած  տոկոսին ավելացնել ևս այդքան  գումար: Պատգամավորները հետաքրքրվեցին, թե արդյոք այդ գումարները սառեցված կապիտալի դերում չեն հանդես գա:  Նախարարի պատասխանը բացասական էր. ըստ օրենքի, կառավարիչների հիմնադրամներին փոխանցված գումարների 70 տոկոսը պետք է ներդրվի երկրի տնտեսության մեջ: 

Առաջարկ եղավ վերանայել սոցիալական ոլորտում գործող մի շարք ծրագրեր, հաշվի առնելով, որ դրանց մի մասը սպառել է իրեն, մի մասը  արդյունավետ կամ նպատակային չէ£ Դրանց փոխարեն կարելի է ֆինանսական հոսքերն ուղղել ավելի առաջնահերթ ծրագրերի: Այդ ծրագրերի մի մասը վերանայման կարիք ունի նաև այն պարզ պատճառով, որ չի տեղավորվում սոցիալական արդարության սկզբունքի մեջ: Դրանցից մեկը էլեկտրաէներգիայի  և գազի ծախսի մասնակի սուբսիդավորման ծրագիրն է: Ըստ Ս. Ավանեսյանի, ժամանակին նմանատիպ ծրագրերը ներդրվել են լոկալ խնդիրներ լուծելու համար և   կա  վերանայման անհրաժեշտություն, չնայած միշտ չէ, որ համահարթեցման սկզբունքը սոցիալական անարդարության  է  բերում: 

ՙԻրավիճակը պետք է մոնիտորինգի ենթարկել՝ հասկանալու համար այս կամ այն ծրագիրը մեզ պետք է, թե՝ ոչ՚,- ասաց Ս. Ավանեսյանը:

Բարձրացվեցին հարցեր՝ երկկողմանի ծնողազուրկ երեխաների սոցիալական պաշտպանության կազմակերպման, այդ թվում` բնակարանային խնդիրների, կրթության վարճավճարի հետ կապված:

Առողջապահության բյուջեն այս տարվա համեմատ 771մլն դրամով ավելացվելու է: Նախարար Ս. Բաղրյանը նշեց, որ 2019թ. պետբյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերի համար հատկացվելու է 6մլրդ 923 մլն դրամ: ՙԳումարի ավելացումը պայմանավորված է, բուժհիմնարկներում բուժանձնակազմի աշխատավարձերի դրույքաչափերի աճով՚,- ասաց նախարարը:  Նա ներկայացրեց միայն ոլորտին  ավել հատկացված  գումարից ֆինանսավորվող  ծրագրերը: Բնագավառում փորձ է արվում նոր մշակույթ ներդնել՝ բժշկական թափոնները և ժամկետանց դեղերը հատուկ պայմաններում ոնչնչացնելու համար: Այդ նպատակով ևս պետական բյուջեից հաջորդ տարվա համար գումարներ են  նախատեսվել: 

Պատգամավորներն առաջ քաշեցին ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտության   մասին հարցը, որին վաղուց անցել են շատ երկրներում, այդ թվում  ՀՀ -ում:  Համակարգի ներդրումը մի շարք խնդիրների լուծման հիմք կարող է հանդիսանալ: Ի պատասխան հարցի,   նախարարն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է այն ներդնել նաև Արցախում: Բայց շեշտը սկզբնական շրջանում կդրվի ոչ թե ֆինանսների վրեահսկման, այլ քաղաքացիների հերթագրման վրա, ինչը հիմա բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս:  Այն լրիվությամբ ներդնելը ֆինանսական խոշոր միջոցներ է պահանջում: Արցախում կսկսեն նվազագույնից և կօգտագործվեն բարեգործական միջոցներ£ Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման համար, բնականաբար, անհրաժեշտ է լինելու որակյալ ինտերնետ կապ, ինչն ակնկալում են ստանալ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունից: Կադրային քաղաքականությունից, մասնագետների վերապատրաստումից, տեղում որակյալ բուժսպասարկում կազմակերպելուց մինչև բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածություն և տրամադրվող դեղորայքի նկատմամբ վերահսկողություն` պատգամավորներին հետաքրքիր էր նորանշանակ նախարարի մոտեցումն  առկա խնդիրների լուծման  հարցին: Ա. Բաղրյանն արտահայտեց իր տեսակետը, շեշտադրում կատարելով բուժսպասարկման  մակարդակի բարձրացման վրա, ինչն էլ իր հերթին  կբերի բնակչության շրջանում վստահության մակարդակի աճին:  

Սրբուհի ՎԱՆՅԱՆ