Logo
Print this page

ԱՎԱՐՏԻՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՙԲՅՈՒՋԵ-2019՚ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին  Վարդգես Ուլուբաբյանն ու Արամ Գրիգորյանը։

 Օրակարգում ՙԱՀ  2019թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագծում նախատեսված՝ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցն էր։ Համատեղ նիստին մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը։

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացրեց նշված ոլորտների համար 2019թ. նախատեսվող հատկացումները և սպասվող փոփոխությունները։ 

ԱՀ 2019թ. պետբյուջեի նախագծով նախատեսված՝ կրթության, գիտության և սպորտի բնագավառների ծախսերը (ներառյալ պետական կառավարման ապարատի  պահպանման ծախսերը) կազմում են 15մլրդ 191մլն դրամ՝ 107մլն դրամով ավելի, քան 2018-ին էր։ Ընդ որում՝ գիտության ծախսերը՝ ներառյալ Արցախի գիտական կենտրոնի, կազմում են 72 մլն դրամ՝ 11մլն դրամով ավելի, քան 2018-ին էր, նախադպրոցական կրթության ծախսերը՝ 1մլրդ  216մլն դրամ՝ նախորդ տարվանից շուրջ 2մլն դրամով ավելի, տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության ծախսերը՝ 10մլրդ 55մլն դրամ՝ 2018-ի համեմատ մոտ 59 մլն դրամով ավելի, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ծախսերը՝ 630մլն դրամ՝ 16մլն-ով ավելի, քան նախորդ տարի էր։ Բարձրագույն կրթության ծախսերին հատկացվել է 948մլն դրամ, ինչը 2018-ի համեմատ նվազել է 147մլն դրամով։ Ըստ մակարդակների չդասակարգվող կրթության ծախսերը կկազմեն 895մլն դրամ, ինչը 60մլն-ով ավելի է 2018-ի համեմատ։ 

Նախարարի խոսքով՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ծախսերը կազմում են 757մլն դրամ՝ 54մլն դրամով ավելի, քան 2018-ին էր։ Սպորտի բնագավառին նախատեսված է հատկացնել 345մլն դրամ՝ 2018-ի 316-ի փոխարեն։ 

Ն. Աղաբալյանը հանգամանալից պարզաբանումներ տվեց յուրաքանչյուր բնագավառի համար նախատեսված հատկացումների նպատակային օգտագործման, ինչպես նաև՝ ծախսերի ավելացման կամ նվազման առումով։ 

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի իրազեկմամբ՝ ԱՀ 2019թ. պետբյուջեի նախագծով նախատեսված՝ մշակույթի ոլորտի հատկացումները կազմում են 2մլրդ 123,4մլն դրամ՝ 57մլն դրամով նվազ, քան 2018-ին էր։ Գերատեսչության աշխատակազմի բյուջեն կազմում է 224,9մլն դրամ։ Մշակութային ծրագրերի համար նախատեսվում է 104,5մլն դրամ՝ նախորդ տարվա 105,5մլն դրամի դիմաց (1մլն դրամը տեղափոխվել է կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժին, որը մինչ այդ չի եղել)։ Նախարարության գերակա ուղղություններից է արտերկրի հետ համագործակցությունը, ինչի կապակցությամբ հատկացվել է 13մլն 603 հազ. դրամ, համատեղ նախագծերի համար՝ 14մլն դրամ, թատերահամերգային կազմակերպությունների և անհատ կատարողների հյուրախաղերի կազմակերպման համար՝ 10մլն դրամ, համերգային ծրագրերի և թատերական բեմադրությունների պատվիրման համար՝ 20մլն դրամ։ 

ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ին պետական աջակցության նպատակով նախատեսված է հատկացնել 80մլն 884հազ. դրամ՝ նախորրդ տարվա 82մլն 907հազ. դրամի դիմաց։ Նվազեցումը, ըստ նախարարի, պայմանավորված է սեփական եկամուտների ավելացմամբ։ 

Մյուս կարևոր ծրագիրը վերաբերում է հուշարձանների պահպանմանն ու ուսումնասիրմանը, որի համար հատկացվող ծախսերն ավելացել են 20մլն դրամով և կազմել 120մլն դրամ՝ 2018-ի 100մլն-ի դիմաց։ Լ. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ավելացված գումարները հիմնականում կուղղվեն Տիգրանակերտի հնագիտական պեղումների իրականացմանը՝ 18մլն դրամ՝ նախորդ տարվա 10մլն-ի փոխարեն։ 

Ոլորտի պատասխանատուն ներկայացրեց նաև այն աշխատանքները, որոնք նախատեսված են իրականացնել գալիք տարի՝ ըստ նախագծանախահաշվային ծրագրերի, մասնավորապես՝ եկեղեցիների վերանորոգում, Հունոտի կամրջի վերականգնում (կամուրջը գտնվում է վթարային վիճակում), շարունակվելու են աշխատանքները Ասկերանի Բերդում և Գտչավանքում, իրականացվելու են վտանգված հուշարձանների պեղման-ամրակայման աշխատանքներ, մասնավորապես 1մլն դրամ հատկացվելու է Բերդաշենի ամրոցին։ 

Մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին տեղեկացրեց նախարարը. վերսկսվելու են հուշարձանների վկայագրման, ուսումնասիրման, մոնիթորինգի և պահպանական գոտիների կազմման աշխատանքները, ինչը ընթացիկ տարում պետական բյուջեով չի իրականացվել։     

Նախարարն անդրադարձավ նաև կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնին առնչվող՝ գալիք տարի նախատեսվող աշխատանքներին. հոգևոր անվտանգության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներ՝ 1,6մլն դրամ, ուխտագնացությունների կազմակերպում՝ 2մլն դրամ, տաղավար տոների կազմակերպում՝ 500հազար դրամ և այլն։ 

Երկու գերատեսչությունների ղեկավարները նաև պատասխանեցին պատգամավորների հարցերին։ 

Որոշ հարցերի առնչությամբ պարզաբանումներ տվեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։  

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.