ԸՆԴՀԱՆՈւՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 2-3-ը Արցախում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ  Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում հանդիպումների եւ քննարկումների շարքին նախորդել է շրջայցն Արցախի տնտեսություններ:


Հայկական երկու հանրապետությունների գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները հասցրել են գործնականում գնահատել մի շարք ուղղություններում տարվող պետական քաղաքականության անմիջական ազդեցությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գեւորգյանն առաջին անգամ է Արցախում: Արցախցի գործընկերոջ հետ ՙՏոհմային կայան՚ է հասել` հետաքրքրված անասնաբուծության ոլորտում Արցախի փորձով: Իսկ փորձն այդ արդեն մոտ 10 տարվա ճանապարհ է անցել: Պետական միջոցներով մեկնարկը տրվել է բարձր մթերատվության կենդանիների ներկրումից եւ դրանք տեղական կլիմայական պայմաններին հարմարեցնելուց, շարունակվել որպես տեղական հոտի բարելավման ծրագիր: Արդյունքում ներկրվածից կրկնակի թվով կենդանիներ արդեն արտոնյալ պայմաններով մասնավոր ֆերմերներին են տրամադրվել` տեղական նախրում խառնածինների թիվը հասցնելով մի քանի հազարի: 

Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը մթերատվության վիճակագրության դրական շարժընթացն անմիջականորեն այս ծրագրի հետ է կապում: ՙԵթե 2010թ. Արցախում մեկ կովի միջին կաթնատվությունը տարվա կտրվածքով կազմում էր 1630 լիտր, ապա այժմ մեկ կովի միջին կաթնատվությունը 2350 լիտրի է հասել, իսկ խառնածին կենդանիները, որոնք տեղական կլիմային շատ ավելի լավ են հարմարվել, անզեն աչքով էլ տարբերվում են արցախյան կենդանիներից՚,- պնդումը թվերի եւ փաստերի է վերածում Տ. Առստամյանը: Տեսածից հյուրերը ևս տպավորված են: Հայաստանի Հանրապետությունում էլ տեղական հոտի բարելավման ծրագրերն օրակարգում են: Արցախում գործող տոհմային կայանը կարող է ոչ միայն օրինակ, այլեւ գործընկեր լինել: ՙՄենք եւս ունենք տեղական հոտը բարելավելու ծրագրեր: Նախատեսում ենք մթերատվության բարձր ցուցանիշներ ունեցող ցեղատեսակներ ներկրել: Եթե Արցախում դրական փորձն արդեն կա, իսկ դրանում անձամբ համոզվեցինք, ինչո՞ւ չօգտագործել նաեւ այս փորձը, նաեւ կարող ենք Արցախում աճեցված կենդանիներն օգտագործել եւ ոչ թե միայն արտերկրից ներկրել՚,- կարեւորում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը:

Այցելության հաջորդ հասցեն Հադրութի շրջանի Տող գյուղն էր: Հենց այստեղ է արտադրվում հայտնի ՙԿատարո գինին՚: Ինչ պայմաններում են աշխատում, ինչպես է պահպանվում արտադրանքը: Որպես փոքր տնտեսության օրինակ` հյուրերին այստեղ ամեն ինչն է հետաքրքրում: ՙՈգելից խմիչքների արտադրությունը մեր գյուղատնտեսական արտադրանքի մի զգալի մասն է ապահովում: Ծրագրում ենք ավելի զարգացնել այդ ուղղությունը, նաեւ միջազգային շուկայում ամրապնդվելու ծրագրեր կան,- մանրամասնում է Գ. Գեւորգյանը:- Այդ ճանապարհին նաեւ անելիքներ, խնդիրներ կան: ՀՀ գյուղնախարարությունն արտադրողներին եւ վերամշակողներին օժանդակելու գործիքներ ունի, տեղեկացել եմ, որ Արցախում եւս աջակցության ծրագրեր կան: Այնպես որ՝ լավատես եմ՚: Հաջողված օրինակներից մեկն էլ ՙԿատարո՚ գինին է: Հյուրերը համտեսեցին, հավանեցին, արտադրողին էլ առաջարկեցին արտադրությունն ընդլայնել: Գործարանն ունեցած հնարավորություններով կարող է տարեկան 100 հազար շիշ գինի թողարկել: Գործարանի տնօրեն Գրիգորի Ավետիսյանը չի թաքցնում. ընդլայնման հեռանկարը կա: Սկսել է ամենակարեւորից` այգիների ընդլայնումից: ՙՍպառման հետ կապված դժվարություններ չկան: Մոտ մեկ տասնյակ երկրներում արդեն հասցրել ենք ներկայացնել մեր արտադրանքը: Հավանել են: Բայց դեռ չենք հասել այդ մակարդակին. խնդիրը որակյալ հումքի պակասն է: Դրա համար էլ որոշել ենք մեր խաղողայգիները ընդլայնել: Նոր այգիներ ենք տնկել, որոնք 3-4 տարի հետո միայն բերքի տակ կլինեն՚:

Քննարկումները, արդեն փողկապներով, շարունակվել են Ստեփանակերտում: Ընդգծվել է ունեցած հնարավորությունները գույքագրելու, քարտեզագրելու եւ անելիքներն ու ծրագրերն ի մի բերելու անհրաժեշտությունը: Արցախն իր գյուղատնտեսական ներուժով կարող է հայկական իրականության մեջ ներկայումս արձանագրածից ավելի ծանրակշիռ տեղ գրավել: Անասնապահության եւ անասնաբուժության, հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ու կանոնակարգման հարցերում կապերը ոչ  թե պարզապես նախարարների կամ փոխնախարարների, այլեւ կոնկրետ ոլորտում աշխատող մասնագետների միջեւ պետք է լինեն, կարեւորել է Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գեղամ Գեւորգյանն էլ իր հերթին ընդգծել է բոլոր ծրագրերը համատեղ մշակելու, համատեղ իրականացնելու անհրաժեշտությունը: Ընդհուպ մինչեւ տարբեր ոլորտներում մասնագետների բաշխումը, անգամ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը: Նեղ կազմով հանդիպումից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: