Logo
Print this page

ՊԵՏՆԱԽԱՐԱՐ Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ

Չնայած տնտեսական տարին դեռ չի ամփոփվել և պաշտոնական վիճակագրական տվյալներ առայժմ չկան, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդես է եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով: Սա Գ. Մարտիրոսյանի` նման ձևաչափով առաջին հանդիպումն է այդ պաշտոնում:

 Պետնախարարն անդրադարձել է անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին, նշելով, որ առկա տեղեկությունները հնարավորություն են տալիս կանխատեսելու, որ ընդհանուր առմամբ պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները։ Ինն ամսվա արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ շուրջ 10 տոկոս տնտեսական աճ կապահովվի:

Էներգետիկ ոլորտի զարգացում, ինտենսիվ գյուղատնտեսություն, գործարար միջավայրի բարելավում, տարածքային կառավարում, զբաղվածություն` սրանք այն կարևոր ուղղություններն են, որոնց նպատակաուղղված է կառավարության գործունեությունը: Բանախոսը մանրամասն անդրադարձավ ոլորտներից յուրաքանչյուրում նախատեսվող ծրագրերին, բարեփոխումներին, նշելով, որ դրանք միտված են տնտեսության դիվերսիֆիկացմանը, աշխատաշուկայի զարգացմանը, բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Հատկապես ուշադրության կենտրոնում է լինելու փոքր և միջին բիզնեսը. ոլորտում բարեփոխումների նպատակով օրինագծերի փաթեթ էր ներկայացվել նաև խորհրդարան: Համաձայն դրանց, ոլորտում գործունեություն ծավալողները կազատվեն մի շարք հարկային պարտավորություններից: Գ. Մարտիրոսյանը նշեց, որ այդ ոլորտը դիտարկվում է որպես զբաղվածության խնդրի լուծման հիմնական հարթակ:
Նշվեց, որ մինչև տարեվերջ կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի անվանական ցուցանիշը հասցնել մոտ 303 մլրդ դրամի՝ ապահովելով երկնիշ տնտեսական աճ: Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018 թ. կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 ԱՄՆ դոլարի դիմաց: Գ. Մարտիրոսյանը հավելեց, որ այդպիսով առաջին անգամ Արցախում գրանցված այդ ցուցանիշը գրեթե կհավասարվի Հայաստանի Հանրապետության համապատասխան ցուցանիշին: Վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով միջին ամսական աշխատողների թիվը 2018 թվականի ընթացքում, պետնախարարի իրազեկմամբ, ավելացել է 1200-ով։
Ըստ ներկայացված ցուցանիշների՝ այս տարվա 11 ամսում թողարկվել է ավելի քան 111 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 31%։ 2018 թ. 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրվել է 350 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ավելի քան 18%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ներկայումս կառուցման փուլում են նաև 16 փոքր հէկեր։ Նախատեսվում է առաջիկա տարիներին կրկնապատկել էլեկտրաէներգիայի տարեկան թողարկման հնարավորությունը։
Արձանագրված ցուցանիշներին անդրադառնալուց հետո Գ. Մարտիրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Դրանցից առաջինը վերաբերում էր հայկական դրամին: Այն կարողացել է պահպանել կայունությունն ամբողջ տարվա ընթացքում:
Լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ-ից ստացվող միջպետական վարկով, շեշտադրում անելով այն հանգամանքին, որ վերջին տարիներին այն գնալով նվազում է՝ կապված Արցախում ինքնաբավության մակարդակի բարձրացման հետ: Գ. Մարտիրոսյանը նաև նշեց, որ ներկայում գրեթե հավասարվել է միջպետական վարկի ու ներքին շրջանառությունից հավաքագրված հարկերի ցուցանիշը: Նա նշեց, որ չպետք է մոռանալ այն կարևոր հանգամանքը, որ սեփական մուտքերն ընդհանրապես ձևավորվում են ներմուծումից ու ներքին շրջանառությունից, այն դեպքում, երբ մեզ մոտ ներմուծումից ստացված գումարները մուտքագրվում են ՀՀ բյուջե, իսկ ԱՀ բյուջեում արտացոլվում են միայն ներքին շրջանառությունից ստացված հարկային մուտքերը: Այնպես որ՝ հաշվարկել ինքնաբավության ճշգրիտ մակարդակը չի ստացվի: Ամեն դեպքում, պետնախարարը նշեց, որ կառավարության գործունեության ծրագրերի մեջ պահպանվելու է ինքնաբավության հասնելու միտումը:
Ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրելու Արցախի գործադիր իշխանությունը կառավարման համակարգի օպտիմալացման հարցում` ՀՀ-ում մի շարք նախարարությունների կրճատման որոշման համապատկերին. կառավարման համակարգի փոփոխություն ակնկալվու՞մ է այստեղ ևս: Արցախի կառավարությունն ունի 12 նախարարություն: Ընդհանուր առմամբ նա այն կարծիքին է, որ կառավարման համակարգի օպտիմալացումը շարունակական գործընթաց է: Կոնկրետ հիմա որևէ նախարարության կրճատում չի սպասվում, գործող համակարգն այս պահի դրությամբ կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները:
Գազամատակարարման ներտնային սպասարկման վարձավճարների` հանրային քննարկման առարկա դարձած թեման ևս արծարծվեց. Գ. Մարտիրոսյանը նշեց, որ, հաշվի առնելով հանրության դժգոհությունները, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, կկատարվեն լրացուցիչ քննարկումներ: Էներգետիկ և հանքարդյունաբերական ոլորտի զարգացման, դրան զուգահեռ` բնապահպանությանը, այլընտրանքային էներգակիրների կիրառմանը վերաբերող հարցեր ևս առաջ քաշվեցին լրագրողների կողմից: Գ. Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ կառավարությունը կիսում է բոլոր մտահոգությունները, որոնք կան հասարակության մեջ, ուսումնասիրում է դրանք և միջոցներ ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ: Այլընտրանքային էներգակիրների ներդրումը ևս կարևոր է համարում և առաջիկայում դրա զարգացման ուղղությամբ քայլերն ավելի ինտենսիվ կլինեն:
Նա երկրի տնտեսական զարգացման գործում կարևորել է բոլորի մասնակցությունը, այդ թվում և լրագրողների, և նշել՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ նման հանդիպումները շարունակական կլինեն:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.