ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐԻ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որի օրակարգն ընդգրկում էր 15 հարց ֆինանսների, էկոնոմիկայի և ենթակառուցվածքների, բնապահպանության, սոցիալական ոլորտներից: ԱՀ ֆինանսների նախարար Ա. Հարությունյանի ներկայացրած հարցերի փաթեթը ոլորտին առնչվող ` կառավարության մի քանի որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին էր:

Կառավարութան քննարկմանը ներկայացվեցին ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ՙԸնթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման ծրագրի՚ իրականացման և Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգերը: Առաջինի հաստատման դեպքում կկանոնակարգվեն ծրագրով նախատեսված ավտոճանապարհային պահպանման և շահագործման, գյուղերի ճանապարհների սալապատման, շրջանի համայնքների սանմաքրման, ջրային համակարգերի պահպանման, շահագործման ենթածրագրերով իրականցվող աշխատանքների կատարման նկատմամբ պահանջները և դրանց նկատմամբ վերահսկողական գործընթացները: Նախագահը հետաքրքրվեց այդ նախագծի նախնական քննարկումներով, ընթացիկ հարցերի լուծման տարբերակներով: Արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ու վերահսկողության կարգի վերաբերյալ նախագահ Սահակյանը ուշադրություն հրավիրեց գնումների գործընթացին առնչվող հարցերին: Ա. Հարությունյանը նշեց, որ հաշվի առնելով նախորդ նիստի ժամանակ նախագահի կողմից տրված հանձնարարականը, մշակվել է պետական գնումների գործընթացի կազմակերպման մասին որոշման նախագծի փոփոխություններ և լրացումներ, ինչը ներկայացվել է բոլոր շահագրգիռ մարմիններին: Այդ նախագծով առաջարկվում է շուրջ 11 փոփոխություն, որոնք հիմնականում վերաբերում են պետության կողմից հաճախակի գնվող ապրանքների և ծառայությունների մասով եռամսյակային պարբերականությամբ կատարվող գների մոնիտորինգի իրականցմանը, մեկ անձից կատարվող գնումների ընթացքում առաջացող որոշ հարցերի կանոնակարգմանը և այլն:
Արդարադատության նախարար Ա. Դանիելյանն առաջարկեց հավանություն տալ ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ օրինագծին, հիմնավորելով այն Սահմանադրական բարեփոխումներով, ավելի ճիշտ` դրանից բխող իրավակարգավորումների անհրաժեշտությամբ: Նախագահ Բ. Սահակյանը նկատեց, որ բավարար չափով հանրային քննարկում չկա, չնայած օրինագծի մեջ դրան առնչվող հոդվածի առկայությանը: Նա առաջարկեց անցյալ տարի ստեղծված Հանրային խորհրդին ևս մասնակից դարձնել այդ քննարկումներին և հաշվի առնել նրանց առաջարկությունները նույնպես:
Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լ. Գրիգորյանը կառավարության հաստատմանը ներկայցրեց ԱՀ տնտեսական զարգացմանն ուղղված 2019 թվականի պետբյուջեի հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Նախարարը նշեց, որ այն նպատակաուղղված է լինելու տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արտադրության ծավալների ավելացմանն ու խթանմանը, արտահանման ավելացմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը: Լ. Գրիգորյանը կանգ առավ այն միջոցառումների վրա, որոնց միջոցով պետք է հասնեն նպատակների իրագործմանը: Այս ծրագրի համար նախատեսված գումաը կազմում է շուրջ 436 մլն դրամ: Եվս 68 մլն դրամ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ծախսել ԱՀ 2019 թ. բյուջեով նախատեսված ՙԳեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և անշարժ գույքի գնհատման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի ծառայությունների գնման գծով պետական պատվերի ծրագրի շրջանակներում:
Լ. Գրիգորյանը ներկայացրեց այս տարվա պետական բյուջեի հաշվին իրականացվող թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական ծրագիրը: Լ. Գրիգորյանը նշեց, որ հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները, ստիպված են եղել մեծ թվով հեռարձակիչ կայաններ ունենալ, որոնց սպասարկումն ու շահագործումն ինքնին թանկ հաճույք է: Խնդիր է նաև այն, որ հեռարձակումը հասանելի է հանրապետության ոչ բոլոր բնակիչներին: Լ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ կատարված աշխատանքների արդյունքում մինչև տարեվերջ խնդիրների մեծ մասը կլուծվի:
Գյուղոլորտին առնչվող` կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարվեց, ինչին առանձին թեմայով կանդրադառնանք առաջիկանում: Նախարար Ժ. Միրզոյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ այս տարի գարնանացան մշակաբույսերի նկատմամբ հողօգտագործողների հետաքրքրվածությունը ռեկորդային է. ավելի քան 18 հազ. հա գարնանացան ունենք, ինչն աննախադեպ արդյունք է: Բնապահպանության նախարար Ֆ. Գաբրիելյանն առաջարկներ ուներ ՙԼՂՀ ջրային օրենսգրքի՚ և ՙԼՂՀ ջրի ազգային ծրագրի՚ մեջ փոփոխությունների տեսքով: Սոցիալական ոլորտին վերաբերող հարցերից մեկը պետբյուջեով նախատեսված վերաբնակիչների ու փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների մասին էր: Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս. Ավանեսյանն առաջարկում է վերանայել գործող կարգերից որոշները: Կվերանայվի նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական, հատկապես` բնակարանային խնդիրների լուծման կարգը: Կառավարությունը հաստատեց Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը: Գործադիրի հավանությանն արժանացավ նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված ` ՙՊետական սուրհանդակային կապի մասի՚ օրենքի նախագիծը: