comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ ֆինանսների նախարարությունը կառավարությանն առաջարկություններ է ներկայացրել պետական բյուջեի հաշվին իրականացվող ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով շրջանների կարողությունների զարգացման ծրագրի իրականացման կարգի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Գերատեսչության ղեկավար Արթուր Հարությունյանը փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ որոշման ընդունմամբ կկանոնակարգվեն ճանապարհների պահպանման, շահագործման, գյուղերի ճանապարհների սալապատման, շրջանների համայնքներին և բնակիչներին շինանյութերի տրամադրման, սանմաքրման, կանաչապատման, բարեկարգման և ջրամատակարարման համակարգերի պահպանման ու շահագործման ենթածրագրերով նախատեսված աշխատանքների նկատմամբ պահանջները և դրանց վերահսկողական գործառույթները։

Նախագծով առաջարկվում է ավտոճանապարհների պահպանման, շահագործման ենթածրագրով նախատեսված աշխատանքների կատարումը և դրանց դիմաց վճարումն իրականացնել քաղաքաշինության բնագավառի օրենսդրությանը համապատասխան՝ շրջանի վարչակազմի կողմից, իսկ դրանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնել բնագավառի պետական լիազորված մարմնի միջոցով։ Գյուղերի, փողոցների սալապատման մասով առաջարկվում է սահմանել 1 քառ.մ-ի համար աշխատանքների կատարման և սալապատման համար անհրաժեշտ շինանյութերի առավելագույն գնային սահմանաչափերը, հստակեցնել այդ աշխատանքների ընդունման ընթացակարգը։ Համայնքներին և բնակիչներին շինանյութերի տրամադրման շրջանակներում այսուհետ վարչակազմի ղեկավարի կողմից կստեղծվի հանձնաժողով, որն էլ, խորհրդակցելով համայնքների ղեկավարների հետ, կգնահատի շինանյութի տրամադրման հայտը` հաշվի առնելով հայտ ներկայացնողի բնակարանային ոչ բավարար պայմաններն ու սոցիալական կարգավիճակը։ Սահմանված շինանյութերի տրամադրումն առաջարկվում է իրականացնել որոշման մեջ նշված պայմաններին համապատասխան. այն է՝ շինանյութ կարող է տրամադրվել ոչ հաճախ, քան երկու տարին մեկ անգամ, և այն չի կարող գերազանցել 1 մլն դրամը։ Շինանյութը տրամադրվում է բացառապես շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով: Այն երեք ամսվա ընթացքում չօգտագործելու կամ ոչ նպատակային օգտագործելու դեպքում շահառուն պարտավոր է վերադարձնել շինանյութը կամ դրա արժեքը։ Սանմաքրման, կանաչապատման, ջրային համակարգերի պահպանման և շահագործման մասով առաջարկվել է հստակեցնել իրականացվող աշխատանքների շրջանակը և դրույքաչափերի սահմանման իրավական կարգավորումները։
Հաջորդ հարցը, որով Ֆինանսների նախարարությունը ներկայացավ կառավարության վերջին նիստին, վերաբերում էր պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների օգտագործման և վերահսկողության կարգին։ Նշվեց, որ պետական գնումների գործընթացի կազմակերպման մասին որոշման մեջ մշակվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ներկայացվել են բոլոր շահագրգիռ մարմինների քննարկմանը. նախագծով առաջարկվում է շուրջ 11 փոփոխություն, դրանք վերաբերում են պետության կողմից հաճախակի գնվող ապրանքների ու ծառայությունների մասով եռամսյակային պարբերականությամբ կատարվող գների մոնիթորինգին և նախահաշվային գներին՝ մեկ անձից կատարվող գնումների հետևանքով առաջացող որոշ հարցերի կանոնակարգման նպատակով։ Մասնավորապես, անհետաձգելի համարվող և մրցույթը երկու անգամ, չկայացած համարելու պարագայում մեկ անձից գնում իրականացնելու դեպքում պահանջվելու է առնվազն երեք տնտեսվարող սուբյեկտի գնային առաջարկ։ Մրցույթով հայտարարված ապրանքային նշանից տարբերվող ապրանք մատակարարելու դեպքում առաջարկվում է հստակեցնել դրանց համարժեքության որոշման դրույթները։ Գնումների գործընթացը կազմակերպող հանձնաժողովը հաղթող ճանաչված մասնակցից պարտադիր պետք է պահանջի մատակարարվող կոնկրետ տվյալ ապրանքի տեխնիկական բնութագիրը և տա եզրակացություն մրցույթով հայտարարված և մատակարարվող ապրանքների միջև համարժեքության վերաբերյալ։ Մեկ այլ փոփոխությամբ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 30 մլն դրամ և ավել արժողությամբ ապրանքների և ծառայությունների գնման մրցույթների վարչարարությունն իրականացնել կենտրոնացված կարգով` Գնումների աջակցման կենտրոնի միջոցով։ Որոշմամբ կկանոնակարգվեն նաև շինարարական ծրագրերի կատարման ընթացքում սկզբնական նախագծանախահաշվային փաստաթղթերի համեմատ շեղումների մասով թույլատրելի դրույթները: Դրանք բաժանվում են երկու մասի` կորուստների, որոնք առաջանում են սխալ կազմված նախագծի արդյունքում, և լրացուցիչ աշխատանքների, որոնք ի հայտ են գալիս շինարարության կատարման ընթացքում։ Նախկինում գործող 20 տոկոս թույլատրելի շեղումը շինարարության դեպքում կթույլատրվի 5 տոկոս, իսկ կորուստների դեպքում շեղում չի նախատեսվում. այդ գումարը կգանձվի նախագծողից։
Որոշ առաջարկներ դեռևս մշակման փուլում են։ Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարեց հաշվի առնել հատկապես տնտեսվարող սուբյեկտների առաջարկները, ուսումնասիրել դրանք, քանի որ կա նման անհրաժեշտություն, և լիազոր մարմինները պարտավոր են դրանք ուսումնասիրել և հաշվի առնել։ Նշվեց, որ կոնկրետ շինարարության մասով Քաղաքաշինության նախարարության կողմից ստացվել են առաջարկներ, դրանք ներառում են նաև շինարարությամբ զբաղվող սուբյեկտների տեսակետները։ Նախագահը նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները քաշքշուկների մեջ չընկնեն, ընդհակառակը, ընթացակարգերը պարզեցվեն։
;