comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի հրավերով շրջանում էր գործարար կառավարման մասնագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը։

ՙՇրջան կատարած այս ճանաչողական այցի ընթացքում եղել եմ Նոր Մանաշիդ, Ծար, Զուար, Հավսաթաղ, Քարվաճառ համայնքներում, այցելել եմ նաև շրջանի մի շարք պատմաճարտարապետական և բնական հուշարձաններ՚,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Խաչատրյանը։ Շահումյանի շրջանում էր՝ բացահայտելու և կազմելու ծրագրեր, որոնք կնպաստեն շրջանի տնտեսական զարգացմանը։
ՙԴեռ անցյալ տարի ինձ դիմեցին իմ ընկերները Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեից՝ խնդրելով գալ Շահումյանի շրջան և փորձել բացահայտել ծրագրեր, որոնք կդառնան շրջանի տնտեսական զարգացման խթաններ, որոնք կպահանջեն թե՜ մասնավոր ներդրողների ներկայություն, թե՜ պետական աջակցություն, ինչպես նաև՝ պետություն-մասնավոր հատված գործընկերության ֆորմատ՚,- տեղեկացրեց Արթուր Խաչատրյանը։ Մասնագետը նշեց, որ այստեղ է՝ փորձելու հասկանալ, թե որոնք կարող են լինել շրջանի տնտեսական զարգացման ուղիները, շրջանի մրցակցային առավելությունները՝ համեմատած այլ շրջանների հետ, հասկանալ, որոնք են շրջանի այն ուժեղ կողմերը, որոնց վրա կարելի է հենվել և մշակել շրջանի զարգացման ծրագիր։
ՙՊետք է հստակ հասկանալ, որ այստեղ խոսքը ոչ միայն պետական, այլև մասնավոր ներդրումների մասին է։ Պետությունը կարող է ենթակառուցվածքներ ստեղծել՝ տնտեսական զարգացման համար, էժան վարկային գծեր բացել, սուբսիդավորել վարկային գծեր, այլ աջակցության ծրագրեր մշակել, բայց գործարար ծրագրեր պետք է լինեն նաև մասնավոր ներդրողների կողմից։ Կազմվելիք ծրագրերը մասնավոր հատվածի մոտ հետաքրքրություն կարող են առաջացնել շրջանի հանդեպ՝ գալ և կատարել սեփական ուսումնասիրությունը՝ բիզնես սկսելու համար՚, ընդգծեց մեր զրուցակիցը։
Ամփոփելով ճանաչողական այցի առաջին արդյունքները՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ շրջանի առաջնային զարգացման ուղղություններից է գյուղատնտեսությունը։
ՙՇրջանը խորհրդային տարիներին, մինչև ազատագրվելը, բավականին խոշոր գյուղատնտեսական ներուժ է ունեցել, այն կա և պետք է օգտագործել։ Խոսքը թե՜ անասնաբուծության (խոշոր և մանր եղջերավոր), թե՜ բուսաբուծության, թե՜ մեղվապահության մասին է՚։ Ըստ մասնագետի՝ գյուղատնտեսության ոլորտները զարգացնելիս կարևոր է հաշվի առնել, թե որոնք են այն գործոնները, որ շրջանը դարձնում են եզակի։ ՙՕրինակ, ամենուր հայտնի է Քարվաճառի մեղրը՝ որպես մաքուր, որակյալ արտադրանք։ Մանաշիդում այցելել և զրուցել եմ գոմշաբուծությամբ զբաղվողների հետ։ Եթե մենք չենք կարող մասսայական արտադրություն տալ, պետք է թեկուզ քիչ քանակությամբ, բայց բարձրակարգ ու յուրահատուկ արտադրանք առաջարկել՚։
Զարգացման հաջորդ ճյուղը զբոսաշրջությունն է։ ՙՇրջանում շատ են թե՜ պատմաճարտարապետական, թե՜ բնական հուշարձանները։ Բոլորին լավ հայտնի է Դադիվանքը, որն, իհարկե, ամեն առումով յուրահատուկ հուշարձան է։ Սակայն այն միակ տեսարժան վայրը չէ շրջանում՚,- ընդգծեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ զբոսաշրջությունից իրական շահույթ ստանալու համար պետք է զարգացնել սպասարկման ոլորտը՝ ունենալ մաքուր և մատչելի հյուրանոցներ և զբոսաշրջիկներին անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է զբոսաշրջիկին գոնե մեկ գիշեր պահել շրջանում։
Ըստ մեր զրուցակցի, մանրամասն ծրագրեր կազմելու համար այցելությունները շարունակական են լինելու։ ՙՇրջանի վարչակազմի աշխատակազմից ստացել եմ որոշակի տեղեկություններ՝ գյուղատնտեսական ոլորտի, զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Հանդիպում եմ ունեցել նաև հանրապետության ղեկավարության հետ՝ ծանոթանալու տնտեսության ու գործարարության խթանման ծրագրերի հետ և փորձելու այդ ծրագրերը լավագույնս օգտագործել շրջանի զարգացման համար։ Հաջորդ քայլով հստակեցվելու է համագործակցության ձևաչափն ու անցնելու ենք գործնական աշխատանքներին՚,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ծրագրերը կկազմվեն ըստ զարգացման ոլորտների և կտեղայնացվեն շրջանի համայնքներում։
;