comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Մարտունի

 Վերամշակող ընկերությունները բավականին լուրջ դերակատարություն ունեն մեր երկրի տնտեսության զարգացման գործում, առանձնապես գյուղատնտեսության ոլորտում։ Դրանք հողօգտագործողներին հնարավորություն են տալիս մտածելու նաև ոչ ավանդական մշակաբույսերի մշակման ուղղությամբ, լուծում են իրացման հետ կապված կարևոր խնդիրը, ինչն աջակցում և վստահություն է հաղորդում հողագործներին՝ ցանքատարածքների ավելացման հարցում։ Այս առումով զգալի մեծ է Բերդաշեն համայնքում գործող ՙԷրիզ գրուպ՚ ընկերության նշանակությունը։ 

Ընկերության գործունեությանը ծանոթացանք գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանի հետ ունեցած մեր զրույցի միջոցով։
Մի քանի ամիս է, ինչ Ա.Հովհաննիսյանը ղեկավարում է գործարանի աշխատանքները, գործադիր տնօրենի պաշտոնում է 2018թ. հոկտեմբերից։
Զրուցակիցս ներկայացրեց, որ ընկերությունը բաղկացած է երեք՝ ցորենի վերամշակման (ալրաղացի), հնդկաձավարի վերամշակման և հացաթխման արտադրամասերից։ Յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին գործող միավոր։
Մեր զրույցը շոշափեց գործարանի արտադրամասերի տեխնիկապես հագեցվածության, հզորության, իրացման մասին և այլ հարցեր։
Ալրաղացի համար մթերվում է ցորեն։ Այն մշակվում, վերամշակվում է, որից ստանում են առաջին կարգի ալյուր և թեփ։ Ալրաղացի հնարավորությանն անդրադառնալով՝ նշվեց, որ օրական կարող են ստանալ մինչև 5 տոննա առաջին կարգի ալյուր, բայց պլանավորումը սահմանափակվում է 4 տոննայի սահմանում։
Հնդկաձավարի արտադրամասը նոր է, հիմնադրվել է 2018թ.-ի ապրիլին։ Ներկայացնելով արտադրամասի արտադրական հնարավորությունները՝ գործադիր տնօրենը նշեց, որ այն ներառում է հնդկաձավարի վերամշակման բոլոր գործառույթները՝ հումքի ձեռքբերումից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։ Այստեղ օրական թողարկում են մոտ երկու տոննա պատրաստի արտադրանք։ Պահանջարկն արտադրանքի նկատմամբ մեծ է։
Հնդկաձավարի և ցորենի հումքը մատակարարում են տեղի արտադրողները, որոնց հետ նախօրոք պայմանագրեր են կնքվում։ Պայմանագրերի համաձայն, բերքահավաքի ժամանակ իրականացվում է մթերումն և կազմակերպվում հետագա աշխատանքները։
Գործարանը նաև ցորեն աղալու պատվերներ է ընդունում քաղաքացիներից։ Քանի որ այն տեղաբաշխված է Բերդաշեն համայնքի տարածքում, հիմնական շփումը տեղի բնակչության հետ է։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ դիմում են ծառայությունից օգտվելու խնդրանքով։ Ալրաղացի պետի մոտ նախապես գրանցում են պատվերները, համապատասխան խմբաքանակի գրանցման դեպքում՝ բնակչության ցորենը աղալու օր է նշանակվում։ Այդ ամբողջ օրն ալրաղացն աշխատում է միայն բնակչության համար։
Հացաթխման արտադրամասի հումքը տեղական արտադրության ալյուրն է։ Օրական թխում են առավելագույնը 1400-1500կգ ՙկաղապարային՚ տեսակի (բուխանկա) հաց։ Բնակչության պահանջարկից ելնելով՝ պատվերով թխվում է նաև ՙմատնաքաշ՚։
Արտադրության հաջողությունը մեծապես կախված է տեխնիկական միջոցներով հագեցվածությունից։ Ա.Հովհաննիսյանը հատկանշեց, որ հնդկաձավարի արտադրամասը կառուցվացքային հագեցվածությամբ միակն է ՀՀ-ում և ԱՀ-ում, այստեղ առկա են ժամանակակից տեխնիկական անհրաժեշտ պայմանները՝ հումքի բարձր որակով վերամշակման համար։ Սակայն ցորենի վերամշակման և հացաթխման ատադրամասերում տեխնիկական միջոցների մաշվածությունը զգացնել է տալիս, որովհետև շահագործվում է հիմնականում հին տեխնիկա։ Չնայած որոշ ագրեգատներ փոխվել են, սակայն առայժմ այս ուղղությամբ թարմացման և նորացման կարիք ունեն։ Այստեղ ամեն ինչ արվում է, որպեսզի ժամանակին և որակով կազմակերպվեն աշխատանքները։ Խնդիրներ, բնական է, լինում են, որոնք օպերատիվ լուծում են ստանում, և ընդհանուր աշխատանքը դրանից չի տուժվում։ Հույս հայտնվեց, որ ժամանակի ընթացքում կկարողանան վերազինել անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներով։ Ունեն պահանջվող գիտելիքներով, հմուտ մասնագետներ, ովքեր սպասարկում են և հետևողական են իրենց աշխատանքում։
Ցանկացած արտադրող առաջնահերթ հաշվի է առնում իրացման շուկան։ Գործարանի արտադրանքի հիմնական սպառողը Պաշտպանության բանակն է։ Պահանջարկի դեպքում պատրաստ են արտադրանքը նաև վաճառքի կետերում իրացնել։ Սահմանափակում այս առումով առայժմ չունեն։
Գործարանը նաև աշխատատեղ է ապահովում, որը ոչ պակաս կարևոր է։ Այստեղ հիմնական աշխատանքով ապահովված է 20 մարդ։ Արտադրության ընդլայնման հետ կապված՝ կաճի նաև աշխատողների թիվը։
Գործադիր տնօրենի հետ մենք չէինք կարող չշոշափել արտադրանքի որակի մասին հարցը։ Քանի որ գործ ունեն սննդի հետ՝ հավաստիացրեց, որ աշխատում են բարձր պատասխանատվությամբ ու գիտակցումով։ Առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ որակյալ արտադրանք ստանալու համար։
Խոսք գնաց առաջիկա ծրագրերի մասին. առաջնահերթ կտարվեն տեխնիկական միջոցների թարմացման աշխատանքներ, որոնք թույլ կտան մտածել արտադրության ծավալների հետագա ընդլայնման շուրջ։
Բերդաշենի տարածքում նման գործարանի գործունեությունը շրջանի հողագործներին հնարավորություն կտա ավելացնել հնդկաձավարի և ցորենի ցանքատարածությունները։ Այս մասին փաստեց նաև շրջվարչակազմի աշխատակզմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը, վստահեցնելով, որ արտադրողները մթերման հետ կապված խնդիր չեն ունենա։ Նրա խոսքով՝ այսօր հատուկ կարևորություն է տրվում հատկապես հնդակաձավարի մշակությանը։