comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃՅՈՒՂ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃՅՈՒՂ

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Շինշիլաբուծությամբ Արցախում սկսել են զբաղվել 2018 թվականին։ Ոլորտի համարձակը համարվում է ստեփանակերտաբնակ Վարուժան Գևորգյանը, ով գրեթե մեկ տարի անց տեսնում է կատարած աշխատանքի արդյունքները։

Նրա համոզմամբ՝ անասնաբուծության ոչ ավանդական այս ճյուղը մեծ հեռանկարներ ունի մեր երկրում։ Պարզվում է, որ Պերուի և Ֆիլիպինների լեռներում տարածված շինշիլաները շատ հանգիստ զարգանում են հայկական լեռնաշխարհում։ Հաշվի առնելով շինշիլաբուծության հայաստանյան փորձը՝ Վարուժան Գևորգյանը փորձեց ու չի զղջում:ՙՄենք Արցախում առաջինն են սկսել զբաղվել շինշիլաբուծությամբ։ Ճիշտ է, դժվարություններ կային, բայց արդեն տեսնում ենք այն պտուղները, որոնց ակնկալիքով էլ սկսել ենք գործը։ Ի դեպ, ասեմ, որ մեր տնտեսությունում ստացել ենք ձագեր, որոնց մի մասն անգամ հասցրել ենք իրացնել։ Ամբողջ գաղափարը հենց սա է՝ պահել շինշիլա, իրացնել կամ ձագերը կամ սեռահասուն կենդանիները։ Տեղեկացնեմ, որ շինշիլայի մոթրին աշխարհում մեծ պահանջարկ է վայելում և մտնում է լավագույն եռյակի մեջ՚,- տեղեկացրեց նա։
Շինշիլաբուծական տնտեսությունների թիվն այսօր Արցախում հասնում է 10-ի։ Հակառակ փոքր քանակին՝ անասնաբուծության ոչ ավանդական այս ճյուղով հետաքրքրվում են շատերը։ Առկա պահանջարկից ելնելով՝ Գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող ՙՓափուկ շինշիլաբուծություն՚ ընկերության մասնագետներին հրավիրելով Ստեփանակերտ՝ նախարարությունը սեմինար է կազմակերպել ցանկացողների համար և անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել նրանց։ Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանի խոսքով՝ նախնական ուսումնասիրությունները պարզել են, որ ոլորտը մեծ ներդրումներ չի պահանջում, չի պարունակում մեծ ռիսկեր, փոխարենն ապահովում է զգալի չափով եկամուտ: ՙՊիտի ասեմ, որ այս կենդանիները շատ բարձր իմունիտետ ունեն, չունեն քրտնագեղձեր, ինչով պայմանավորված` տնտեսություններում անդուր հոտ, որպես այդպիսին, չես զգում։ Ամեն դեպքում մեր մասնագետները պետք է կարողանան օգնության ձեռք մեկնել շինշիլաբույծներին,- ասաց փոխնախարարը։ Այս կենդանիները հաճախ ունենում են աղիստամոքսային խնդիրներ, և քանի որ ճյուղն Արցախում նոր է, բնականաբար, նաև հիվանդություններն են նոր։ Այս ամենի հաշվառումով՝ մենք Հայաստանից հաճախ կհրավիրենք մասնագետներ ու կվերապատրաստենք մեր անասնաբույժներին՚։
Գյուղատնտեսության նախարարությունն արդեն հայտարարել է, որ շինիշիլաբուծությունը կվարկավորի, որի տոկոսների կեսը կսուբսիդավորի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Տ. Առստամյանը հուսով է, որ առաջիկայում այն կհատի ավանդական անասնաբուծության զարգացմանն ուղված աջակցության սահմանները. ՙԿարծում եմ, որ ճյուղի զարգացմանը զուգահեռ Արցախում կավելանան վերջինիս աջակցության ձևերը։ Բայց քանի որ դեռ նոր են սկսում, առայժմ գործում է ճյուղի զարգացման աջակցության մեկ տարբերակ՚։
Նախնական հաշվարկով գյուղի և գյուատնտեսության աջակցության հիմնադրամը կաջակցի ձեռք բերել շինշիլայի 10 ընտանիք։ Նաև նշենք, որ մեկ ընտանիքը ներառում է 1 արու և 4 էգ։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ ոլորտին մեկ աշխատանքային օր տրամադրող մարդը կարող է պահել 500 շինշիլա։ Մենատնտես Վարուժան Գևորգյանը համոզված է, որ անասնապահության այս ճյուղն Արցախում կլուծի զբաղվածության խնդիր.ՙՄեկ շինշիլայի վրա տարեկան ծախսում ենք մոտ 12 հազար դրամ՝ հիմնական ծախսը կազմում է օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարը, քանի որ կլոր տարին տնտեսությունում աշխատում է օդորակիչը։ Ինչու, որովհետև այս կենդանիները օդի բարձր կամ ցածր ջերմաստիճանի դեպքում գոյատևել չեն կարող։ Նաև ասեմ, որ սրանք սթրես են ապրում աղմուկից, բարձր ձայներից։ Շատ ուտող չեն. օրական տալիս ենք մոտ 30 գրամ կեր՝ չորացած մասուր, խոտ, հատուկ կեր կամ խնձորի չիր։ 1 էգ շինշիլան տարեկան կարող է մինչև 6 ձագ ունենալ, որի արժեքը 15 հազար դրամ է։ Ստացվում է այնպես, որ 1 ձագ ունենալով, այս կենդանին արդեն իսկ փակում է իր մեկ տարվա ծախսերը՚,- ասում է մենատնտեսը։
Վարուժան Գևորգյանը նպատակ ունի հետագայում Արցախում կազմակերպել շինշիլայի մորթու վերամշակում։ Վերջնական արտադրանքը կլինի բարձրարժեք մորթուց պատրաստած վերարկուներն ու բաճկոնները։ Ասում է, որ այսպես տեղական ու արտասահմանյան շուկա կարող են հանել արցախյան նոր բրենդը, որի համար, սակայն, առնվազն պետք է ունենան 4 հազար շինշիլա։ Հակառակ պարագայում արտադրության մասին մտածելն անիմաստ է։