Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ կառավարության նիստում քննարկվել, ապա հավանության է արժանացել պետբյուջեի միջոցների հաշվին ԱՀ տնտեսական զարգացման 2019թ. միջոցառումների ծրագիրը։ Այն նպատակաուղղված է լինելու տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արտադրության ծավալների ավելացմանն ու խթանմանը, արտահանման ընդլայնմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը։

Ծրագրով նախատեսվում է գործարար միջավայրի և արտադրական համալիրների զարգացում, տեղական արտադրողներին` աջակցություն, հատկապես` մշակող արդյունաբերության սուբյեկտներին, արտադրվող ապրանքների սերտիֆիկատների, հայտարարագրերի և այլ համարժեք փաստաթղթերի ծախսերի մասնակի փոխհատուցում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի` մրցութային կարգով անցկացվող ստարտափների համար դրամաշնորհների տրամադրում: Միջոցներ են նախատեսվում նաև գովազդային ծառայությունների ձեռքբերման և տնտեսական համաժողովների ու ցուցահանդեսների կազմակերպման, տնտեսվարող սուբյեկների` այդ ցուցահանդեսներին մասնակցության ապահովման, տնտեսական վերլուծությունների իրականացման և ծրագրային ապահովման, ինչպես նաև հրատարակչական ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար 2019թ. բյուջեն հաստատված է 436մլն դրամի շրջանակներում և կիրականացվի հաստատված ժամանակացույցով։
Լ. Գրիգորյանը ներկայացրել է նաև ՙԳեոդեզիայի, քարտեզագրման և անշարժ գույքի գնահատման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի ծառայությունների գնման գծով 2019թ. պետական բյուջեով նախատեսված պետական պատվերը։ Առաջարկվել է հաստատել ՊՈԱԿ-ի՝ 2019թ. պետբյուջեի ծրագիրը` 68մլն դրամ գումարի չափով։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն քարտեզագրում, հողային հաշվետվությունների կազմման աշխատանքներ, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրում, ոռոգվող հողերի գույքագրում, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների ժողովածուների հրատարակում, ինչպես նաև բնակավայրերի հասցեների ռեեստրի կազմում։ Նախատեսված է նաև չբաշխված ֆոնդ, որը տարվա կտրվածքով կուղղվի այն աշխատանքներին, որոնք ընթացքում կլինեն ավելի պահանջված։ Ծրագրի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռվի ապահովել անհրաժեշտ նյութերով, որոնք կօգտագործվեն իրենց կողմից կատարվող միջոցառումների ժամանակ։ Ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է համագործակցության ցանց. վերջերս որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերմանական խոշոր ընկերության հետ` արբանյակային լուսանկարահանման ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Նախագահ Բակո Սահակյանի առաջարկով Լ. Գրիգորյանն այդ մասին որոշ մանրամասներ հաղորդեց:
Արտասահմանյան կազմակերպությունների հետ բանակցությունները ` արբանյակային լուսանկարահանման ծառայություններ ձեռքբերելու նպատակով, վարվում են 2017-2018 թվականներից: Արդյունքում կապ հաստատվեց եվրոպական կազմակերպության հետ, որը համարվում է տարածաշրջանում լավագույնն այդ ծառայությունների մատուցման գծով: Անցած ամսվա ընթացքում գերատեսչության ներկայցուցիչները հանդիպում են ունեցել, պայմանավորվածություն ձեռք բերել, որ տարվա ընթացքում կկազմակերպեն արբանյակային լուսանկարում, որը հնարավորություն կստեղծի Արցախի համար ունենալ զրոյից լուսանկարահանված 30սմ ճշտությամբ պատկերներ, որոնք համապատասխան կարգով կմշակվեն և հիմք կհանդիսանան հետագա քարտեզագրման համար: Ընթացիկ տարում նախատեսվում է ձեռք բերել այդ լուսանկարները։ Աշխատանքները կտևեն 3-9 ամիս` կախված եղանակային պայմաններից, ամպամածության աստիճանից, պահանջվող ջերմաստիճանից: Նման լուսանկարները հնարավորպություն կտան գույքագրել և ունենալ ակտուալ տեղեկատվություն մեր անտառային ֆոնդի, մշակվող հողատարածքների, ջրային ռեսուրսների, սահմանների մասին, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա հետագա տարիներին ստեղծելու արդիական քարտեզներ։
Ներկայում նախապատրաստվում է կնքել պայմանագիր, լուծման փուլում են կազմակերպական, սարքավորումների, մասնագետների վերապատրաստման խնդիրները: Լուսանկարման աշխատանքները հավանաբար կսկսվեն մայիս ամսից, քանի որ ուշ գարնան և վաղ աշնան շրջանը լավագույնն է այդ պատկերների ստացման համար։
Հաստատվել են նաև պետբյուջեի հաշվին իրականացվող այս տարվա ` Թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը։ Արցախի Հանրապետության տարածքում ներկայումս հեռուստառադիոհաղորդումների սփռումն իրականացվում է թվային ձևաչափով ՙԱրցախկապ՚ ընկերության կողմից: Հանրապետության տարածքում հեռուստահեռարձակումն իրականացնում է թվային հեռարձակիչ կայանների միջոցով։ Կառավարության նիստին ներկայցված ծրագրի նպատակն է Արցախի և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաալիքների և ռադիոյի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ առաջատար թվային հեռուստաալիքների հասանելիության ապահովումն Արցախի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև նրանց որակի բարձրացումը և մատչելիության ապահովումը։ Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում հեռարձակման զարգացման թվային համակարգի ներդրման նման ծրագրի շրջանակներում 2019թ. հանրապետությունում կավարտվի հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգի ներդրման գործընթացը, ինչը թույլ կտա ԱՀ ողջ բնակչության համար ապահովել թվային հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակում։
Ոլորտում իրականացվող բարեփոխումները 2019թ. ուղղված կլինեն հեռարձակվող ալիքների ավելացմանը, բնակչության համար ալիքների առավելագույն հասանելիության ապահովմանը, ինչպես նաև գործող ցանցի արդիականացմանը։ Այս պահի դրությամբ, Լ. Գրիգորյանի խոսքով, մեր հիմնական խնդիրները տեխնիկական են. դրանք կախված են սարքավորումների ձեռքբերման ու հուսալիության ապահովման հետ ծախսերից: Հաշվի առնելով տարածքի ռելիեֆը` ստիպված են եղել անցած տարիների ընթացքում մեծ քանակի հեռարձակիչ կայաններ տեղադրել, որոնց սպասարկումն ինքնին դժվարություն է առաջացնում թե՜ էլեկտրականության ապահովման, թե՜ ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում։ Խնդիր կա նաև կապված բնակչության սպասարկման ոլորտի հետ, հեռուստաալիքների հասանելիության հետ , որի ուղղությամբ այս տարվա ընթացքում կիրականացնեն բոլոր աշխատանքները, և տարվա վերջում փոփոխություններն ակնհայտ կլինեն։ Ներկայումս սփռվածության ծածկույթն Արցախում աշխարհագրության առումով առումով 70-75%-ի շրջանակներում է, իսկ բնակչության ապահովման առումով` 95%-ից ավելին։ Ընթացքում ծագում են և տեխնիկական խնդիրներ, լինում են նոր կառուցվող տներ, որոնց համար հաշվարկված չէ տվյալ հեռարձակիչ կայանի աշխատանքը: Նման խնդիրները լուծվում են վարչակազմերի հետ համագործակցությամբ: Նախարարությունը ներկայումս աշխատում է արբանյակային հեռարձակման միջոցով նաև ապահովել սփռումը հանրապետության տարածքում։ Դա հնարավորություն կտա արդեն առանց ավելորդ աշտարակների կառուցման ստանալ ազդանշանը ցանկացած վայրում։ Սփռման խնդիրներ կան Քաշաթաղի հարավում, Շահումյանի շրջանի որոշ համայնքներում, մնացած համայնքներում նորմալ հասանելիությունն ապահովվում է։