comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԻՏԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՏԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուների, արհմիությունների ֆեդերացիայի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ս.թ. մարտի 1-ից մինչև մարտի 15-ը Ստեփանակերտի, Ասկերանի, Բերձորի, Մարտակերտի մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով իրականացվել են դիտանցումներ։

Դիտանցումների արդյունքների վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է նշված հանձնաժողովի աշխատակազմի վարչության մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի հետ։

Հարցին՝ թե որոնք են դիտանցումների իմաստն ու նպատակը, մեր զրուցակիցը առանձնացրել է հետևյալը.
-Բաժնի կողմից երեք խմբով շաբաթական երկու անգամ իրականացվում են մոնիտորինգներ, որոնց ընթացքում ուսումնասիրվում է շուրջ 30 առևտրային օբյեկտ (իսկ շրջանների հետ միասին` 43)։ Դիտարկվում են այդ օբյեկտներում առկա 80 ապրանքատեսակներ։ Արձանագրվում են այդ ապրանքատեսակների գները, արդյունքներն ի մի բերելով` մտցնում ենք տեղեկատվական բազայի մեջ: Այնուհետև մեր կողմից կատարվում են վերլուծություններ՝ ըստ օրերի և ամիսների։ Յուրաքանչյուր փոփոխություն մտցնելով բազայի մեջ, մենք ստանում ենք վերջնական արդյունքը, այսինքն` միջին գինը դիտարկված խանութներում։ Այդ տվյալներից է կազմվում մեր վերջին համեմատագիրն` ըստ ամիսների և ապրանքատեսակների։ Մեր ձեռքի տակ են նաև հայաստանյան գործընկերների տվյալները: Նրանք նույնպես շաբաթական երկու անգամ մեզ են փոխանցում իրենց կողմից դիտարկված ապրանքատեսակների գները։ Այն մեզ հնարավորություն է տալիս համադրելու գները, հետևաբար և գնաճը։ Եթե ՀՀ-ում այս կամ այն ապրանքատեսակի թանկացում է արձանագրվել, ապա ակնարկվում է, որ գնային փոփոխություններ (թանկացում կամ էժանացում) լինելու է նաև Ղարաբաղում։ Հիմա ո՞րն է այս դիտանցումների հիմնական իմաստը... Սրանք մեզ համար ոչ թե վիճակագրական տվյալներ են հանդիսանում, այլ` լծակ, որպեսզի տեղի շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների վարքագիծը վերահսկենք։ Եթե մենք արձանագրում ենք ցանկացած ապրանքատեսակի թանկացում, ապա ուսումնասիրում ենք շուկան, ծավալները, ով ինչ չափաբաժին ունի շուկայում, արդյոք, հնարավո՞ր է գնի կամայական բարձրացում, արդյոք կա՞ նշյալ ապրանքատեսակի գնի բարձրացում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ եթե պարզվում է, որ ապրանքատեսակի թանկացում է արձանագրվել և դա իրացվում է խոշոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտի կողմից, մենք անմիջապես դիմում ենք տնտեսվարող սուբյեկտին և պահանջում հիմնավորումներ: Փորձում ենք պարզել, թե ինչով է պայմանավորված տվյալ ապրանքի թանկացումը և արդյո՞ք փոփոխված տնտեսական պայմանները համապատասխանաբար են ազդել ապրանքի վերջնական գնի վրա։ Մեր շուկայի վրա վերահսկողությունը կատարվում է հիմնականում խոշոր սուբյեկտների միջոցով։ Եթե վերջիններս դրսևորում են ճիշտ վարքագիծ, ապա փոքր սուբյեկտներն անհնարին է, որ կամայական դրսևորումներ ունենան, վերջիններս արդեն ստիպված են լինում մրցակցային գին առաջարկել։ Դիտարկվող ապրանքների ցանկում ընդգրկված են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: 2019թ. մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 18-ի գները նվազել են, 21-ի գները՝ աճել, իսկ 41 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ։ Մեր կողմից դիտարկված առտրային օբյեկտներում ընդգրկված են Ստեփանակերտի խոշոր, առավել շատ իրացում ունեցող խանութները, ասեմ, որ նույն հաճախականությամբ տեղեկատվություն ենք ստանում նաև շրջաններից, որով էլ գնահատում ենք մանրածախ առևտրի ոլորտը շրջաններում։ Ապրանքատեսակների գների փոփոխություններ լինում են տարբեր պատճառներով։ Եթե ապրանքատեսակը ներկրվում է դրսից, ապա գինը թելադրվում է ներմուծողի կողմից։ Այս պահի դրությամբ մենք ունենք խոզի մսի էժանացում։ Սա ավելի շատ կապված է ներքին շուկայի հետ, և դա պայմանավորված է առաջարկի ավելացմամբ։ Շուկայում խոզի մսի ավելացում կա, որի շնորհիվ էլ վերջինիս գինը նվազել է։ Ընթացիկ տարվա արդյունքներով` խոզի մսի գինը 500 դրամով նվազել է։ Վերջին դիտարկումների արդյունքով՝ թանկացել է ադամաթուզը (բանանը)։ ՀՀ-ում նույնպես այդ ապրանքատեսակի թանկացում է արձանագրվել։
Մեր` վերջերս կատարված դիտանցումներին ցանկացել են մասնակցել նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչին մենք արձագանքել ենք դրականորեն։ Ողջունում ենք նման նախաձեռնությունը: Մենք շահագրգռված ենք, որ հասարակությունն իրազեկված լինի։ Ոչ թե ցանկացած ապրանքատեսակի փոփոխությունն ենք մենք կարգավորում և ունենք կարգավորման լծակներ, այլև մեր առաքելությունը հիմնականում կայանում է նրանում, որպեսզի թույլ չտանք տնտեսական մրցակցության խախտման հիմքեր և դեպքեր: Մեր խնդիրն այստեղ հենց խոշոր սուբյեկտների վրա վերահսկողություն իրականացնելն է։ Եթե մենք կարողացանք այդ վերահսկողությունը կատարել պատշաճ կարգով, ապա շուկայում ցանկացած գործընթացի փոփոխություն տեղի է ունենալու տնտեսական պայմաններից ելնելով։ Եվ հասարակական կազմակերպությունների դերը կայանում է նրանում, որպեսզի մեր գործընթացները լինեն թափանցիկ, իսկ ժողովուրդը՝ տեղեկացված։ Խոշոր տնտեսվարողների չարաշահումների դեպքում մենք ունենք ազդեցության լծակներ` կամայականություն թույլ չտալու համար։ Մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ասում է, որ չհիմնավորված գին կարող է թույլ տալ միայն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտը։ Փոքր սուբյեկտը չի կարող ներկայացնել չհիմնավորված գին։ Եթե մենք ուսումնասիրում ենք տնտեսվարող սուբյեկտի փաստաթղթերը, պահանջված տեղեկատվությունը և պարզում ենք, որ նրա կատարած փոփոխությունը կապված չէ տնտեսական պայմանների, այսինքն` թանկացման, աշխատավարձի փոփոխության, կամ այլ ծախսերի հետ, ուրեմն նրա թանկացումն անհիմն է։ Նման դեպքում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարույթ է հարուցվում, արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման կամ տուգանքի միջոցով։ Վերջին մոնիտորինգների արդյունքում նման խնդիր չունենք, իսկ ընդհանրապես ունեցել ենք դեպքեր, երբ տնտեսվարող սուբյեկտը շատ ավելի մեծ գնի բարձրացում է կատարել, քան տնտեսական պայմաններն են թույլատրում և վարույթի արդյունքում նույն սուբյեկտը իջեցրել է գինը, և հանձնաժողովի որոշմամբ կիրառվել է նախազգուշացում։ Պատժի մեղմությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ տնտեսվարող սուբյեկտը գործել է չկանխամտածված և նման խախտում նա թույլ էր տվել առաջին անգամ։
Չհիմնավորված գնի հետ կապված շատ քիչ դեպքեր ենք ունեցել, որովհետև մեր ապրանքատեսակները հիմնականում ներմուծվող են, և փոփոխությունները հիմնականում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից են գալիս, մանրածախ առևտրի ոլորտն էլ այնքան զարգացած է, իսկ մրցակցությունը` այնքան ուժեղ, որ առևտրի ոլորտն ինքը չի կարողանում թելադրել կամայական գին, և ստիպված ինքն էլ այդ փոփոխություններին համահունչ իր գնային քաղաքականությունն է վարում։
Առկա է նաև սպառողի մոլորեցման խնդիր, այդ ուղղությամբ մեր կողմից աշխատանքներ տարվելու են, ունենք համապատասխան գործառույթներ և միանշանակ իրականացնելու ենք։
Մանրածախ առևտրի ոլորտում մենք ունենք առևտրային ցանցեր, այսօրվա դրությամբ 48 ապրանքային շուկաներում ունենք 21 գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ։ Իսկ դեղերի շրջանառության ոլորտում 29 ապրանքային շուկայում ունենք 5 գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ։ Նրանց կողմից էլ կամայական գնի փոփոխություն չի արձանագրվել։
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել։

;