Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵՆ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Գյուղնախարարության ներկայացրած տվյալների համաձայն, ընթացիկ  տարին ռեկորդային է գարնանացան մշակաբույսերի հայտերի առումով։ Այս պահի դրությամբ, ավելի քան  18 հազար հեկտարի վրա գարնանացան աշխատանքներ արդեն իսկ  իրականացվել են։

Նման  ակտիվությունն անսպասելի էր նաև  գյուղոլորտի պատասխանատուների համար, ՙՀայտերի նման թիվը ռեկորդային է անկախության բոլոր տարիների համեմատությամբ։ Միայն պետական աջակցությամբ տրամադրվող սերմերի մասով հայտերն անցել են 18,5 հազար հեկտարը: Սա  նախորդ տարվա համեմատ ավելին է 8500 հեկտարով: Եթե սրան գումարենք նաև գարնանացան այն մշակաբույսերը, որոնց սերմերը պետական աջակցությամբ չեն տրամադրվում, դրանց մեջ նաև բանջարեղենը, ապա նախատեսում ենք, որ գարնանցանը հասնելու է 22 հազար հեկտարի՚,- հայտարարել է գյուղնախարար Ժ. Միրզոյանը կառավարության վերջին նիտում: Խոսքը  12 տեսակի գարնանացան մշակաբույսերի սերմերի մասին է, ընդ որում` դրա մեջ  ներառված են  նաև կերային կուլտուրաները՝ կորնգանը և առվույտը։ 

Փաստն, իհարկե, ողջունելի է, բայց կարող է նաև լրացուցիչ դժվարություններ առաջացնել, այդ թվում և ֆինանսավորման առումով, քանի որ պետական բյուջեի նախագիծը կազմելիս գերատեսչությունը առաջարկություն է ներկայցրել նախորդ տարվա չափաքանակին մոտ գումարի շրջանակում։ Այնպես որ, նախատեսվածից ավելացված միջոցները կլրացվեն Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցների հաշվին, որպեսզի կարողանան բավարարել բոլոր հայտերը։ Լրացուցիչ դժվարություններ ասելով` նկատի են առնվում նաև այն առանձնահատկությունները, որոնք վերաբերում են մշակության տեխնոլոգիային, ագրոտեխնիկական պահանջներին և հանրապետության բնակլիմայական ու գոտիական պայմաններին: Նախարարը պարզաբանեց, որ կան մի շարք մշակաբույսեր, որոնք թույլատրելու են ցանել բացառապես կայուն ոռոգման ջրով ապահովված տեղերում։ Կան մշակաբույսեր էլ, որոնք թույլատրվելու են ցանել բնականից բավարար քանակությամբ օդի և հողի խոնավություն ունեցող, այսինքն` տարեկան 500-600 միլիմետր տեղումների քանակն ապահովող տարածքներում: Սա նշանակում է, որ նախալեռնային գոտում որոշ գարնանացան մշակաբույսեր թույլատրվելու է ցանել առանց ոռոգման ջրի առկայության, իսկ հարթավայրային գոտում` բացառապես ոռոգման ջրի առկայության դեպքում։ Նախապես կատարված ուսումնասիրություններն ու ստուգումները ցույց են տվել, որ տարածքները, որոնք զերծ են մնացել պետական աջակցությամբ սերմացու տրամադրելուց, շատ չեն: Դրանք այն տարածքներն են, որտեղ, կապված բնակլիմայական առանձնահատկությունների հետ, կայուն ոռոգման ջուր չեն կարողանալու մատակարարել։ ՙՆշված տարածքները տեսականորեն ընդգրկված են Խաչենի ջրամբարի ոոռգման ցանցի մեջ, բայց և՜ հեռավորությունը, և՜ հողային ենթակառուցվածքներն ու ջրանցքները թույլ չեն տալու, որ հուլիս-օգոստոս ամիսներին ունենանք կայուն ջրամատակարարում, այդ իսկ պատճառով այդ տարածքներում հրաժարվել ենք սերմացու տրամադրելուց՚-ասաց Ժ. Միրզոյանը։
Նա տեղեկացրեց, որ խնդիրներ կան` կապված նաև հայտերի ներկայացման հետ։ Առայսօր շարունակվում են ինչպես նոր հայտերի ներկայացումը, այնպես էլ դրանցում պահանջվող մշակաբույսերի տեսակների փոփոխությունները։ Գյուղնախարարությունը, բոլոր հնարավորություններն օգտագործելով, փորձում է վերահսկողական գործառույթներ իրականացնելու միջոցով բավարարել բոլոր հայտերը, եթե դրանք համապատասխանում են ներկայացված պահանջներին։ Հայտերի աննախադեպ աճ կա այգեգործության ոլորտում ։ Այս տարի առաջին անգամ անվճար տրամադրվելու են նռան տնկիներ։ Սա մտնում է 2019 թվականի ծրագրի մեջ ։ Ստացվել է ավելի քան 750 հեկտարի նռան տնկիների հայտ, ինչն ավելի քան 450 հազար տնկի է ենթադրում, և որը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշից։ Տնկիները բավարարում են, քանի որ Արցախի Հանրապետության տնկարաններն ունեն պահանջվող քանակը: Տնկիների տրամադրման, գործընթացը վերահսկելու, տարածքներն ուսումնասիրելու համար ստեղծված է հանձնաժողով՝: Զուգահեռ որոշակի տարածքներում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրով նախատեսված է խորքային հորերի կառուցում, որն այս տարի ավարտելու դեպքում կարողանալու են ապահովել տնկիները նաև այդ տարածքներում:
Ընթացիկ տարում գյուղնախարարությունը գյուղատնտեսական հայեցակարգի կիրարկման երկրորդ փուլին է անցնելու: Առաջին փուլով, անցած գրեթե մեկ տարվա ընթացքում, ընդունվել են երեք կարևոր որոշումներ, որոնցից մեկը Բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրն է՝ իր չորս ուղղություններով, մյուսը` Անասնապահության կանոնակարգման և անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանումը։ Վերջինս օբյեկտիվ անհրաժեշտություն է եղել, քանի որ իր մեջ ներառում է և՜ անասնաբուծության, և՜ անասնաբուժության ոլորտի պահանջներ։ Խոսքը բուժմանը և կանխարգելմանը չի վերաբերում, այլ այնպիսի կանոնների սահմանմանը, որոնք նպաստելու են հանրապետությունում կայուն հակաանասնահամաճարակային վիճակի ապահովմանը, քանի որ ժամանակի մարտահրավերներն արդեն սկսել են սպառնալիք համարվել, և կանխարգելիչ միջոցառումները բավարար չեն մի շարք` մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ համարվող հիվանդություններից զերծ մնալու համար։
Հայեցակարգի երկրորդ փուլն իր մեջ ներառում է նոր աջակցության ծրագրեր, որոնք պահանջում են նոր հատկացումներ և հստակեցումներ` կապված գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ձևակերպման և նպատակների հետ։ Դասակարգվել է երեք տեսակի աջակցություն՝ դրամաշնորհային, սուբսիդավորման և տեխնոլոգիական։ Հստակեցվել են յուրաքանչյուրի ուղղությունը և յուրաքանչյուրին վերաբերվող ծրագրերը։ Բոլոր այն ոլորտներում, որտեղ հնարավոր է ամբողջությամբ վերահսկել և սկզբից մինչև վերջ դիտարկումներով կառավարել գործընթացը, իրականացվելու են դրամաշնորհային քաղաքականությամբ: Բոլոր այն տարածքներում, որտեղ վերահսկելն ու չափելն անհնար է` կլինի սուբսիդավորում, իսկ բոլոր այն ուղղություններում, որտեղ հնարավոր չէ առանց պետական աջակցության որակյալ տեխնոլոգիաներ ներդնել, կկիրառվի երրորդ տարբերակը՝ լիցենզավորված կազմակերպությունների միջոցով։ ՙԽոսքը չի վերաբերում պետական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանն անասնաբուժության ոլորտում, որն ընդհանուր ծրագիր է և շարունակվելու է այնպես, ինչպես եղել է։ Դա 14 հիվանդությունների դեմ համակարգված պայքարն է՚,-ասել է Ժ. Միրզոյանը։