comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 ՙՄարտակերտը, որ նախկինում աչքի էր ընկնում խաղողագործությամբ և գինեգործությամբ, Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հետևանքով խաղողագործության ճյուղը գրեթե քայքայվեց։ Խաղողայգիները վերացան, տարածքները վերածվեցին աշնանացան ցանքատարածքների՚,- ասում է Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանը` մանրամասնելով ոլորտում ստեղծված իրավիճակը։

Տարիներ շարունակ զբաղվելով միայն ու միայն աշնանացանով, հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունն սկսեց նվազել։ Հողի կառուցվածքը փոխվեց, և այս իրավիճակն սկսեց անհանգստացնել շրջանի ղեկավարությանը, գյուղատնտեսության բաժնին, մասնագետներին։ Կ. Հովհաննիսյանը փաստեց, որ նույնիսկ տարի է եղել, որ հեկտարից հնձել են մինչև 5 ցենտներ հացահատիկ։ Հողերի պարարտացում չէր կատարվում, քանի որ վարկ վերցնելու դեպքում հողի սեփականատերը պարտքերի մեջ էր խրվում։ Վիճակն անհանգստացրեց նաև հանրապետության ղեկավարներին։ Խորհրդակցություն խորհրդակցության հետևից, և 2013 թվականից մշակվեցին ռազմավարական ծրագրեր՝ հողի կառուցվածքը փոխելու և բերքատվությունը բարձրացնելու ուղղությամբ։ Սկզբում մտցվեց սև ցելի, հետո` ցանքաշրջանառության ծրագիրը, և բերքատվությունն սկսեց տարեցտարի բարձրանալ։ Շրջանում սկսեցին զբաղվել նաև գարնանացանի մշակությամբ։ Գյուղատնտեսն ասաց, որ այժմ շրջանի ցանքատարածքների մեկ երրորդից ավելին կազմում է գարնանացանը, 2018-ին՝ 2770 հեկտար, 2019-ին՝ 3450 հեկտար։ Ցանքաշրջանառության ծրագրի շրջանակներում կառավարության կողմից մշակվել է ռազմավարական մի ճյուղ, որի շնորհիվ գարնանացան մի շարք մշակաբույսերի որակյալ սերմացու անվճար է տրամադրվում հողօգտագործողներին։ ՙՍերմացուն տալիս են, տեխնիկան կա, բերքի իրացման կետերը` նույնպես, մնում է աշխատես և ապրես։ Այնքան, որ ձեռքերդ ծալած չնստես։ Մանավանդ սահմանին էլ շատ մոտ ենք, պիտի արագ աշխատես, դանդաղելը վտանգավոր է... ամեն տեսակետից՚,- խոսքը հումորով վերջացրեց Կ. Հովհաննիսյանը։
Գյուղատնտեսը տեղեկացրեց, որ 2018-ին արվել է 7200 հեկտար աշնանացան, միջին բերքատվությունը կազմել է 14,9 ցենտներ։ Երաշտի պատճառով մոտավորապես 600 հեկտարը չի հնձվել, մինչդեռ 2017-ին բերքատվությունը կազմել էր 21,8 ցենտներ։ Թվերը հուշում են, որ գարնանացան տարածքների հեկտարներն ավելանում են, որ շրջանում իրականացվում է ցանքաշրջանառության ռազմավարական ծրագիր։ Տեխնիկայի պակասություն թե՜ ցանքսի, թե՜ բերքահավաքի համար չկան, բայց կան փոքր համայնքներ, որտեղ տեխնիկայի պակասը զգացվում է: Շրջանում հացահատիկահավաք 32 կոմբայն կա, որից 12-ը նոր է` գերմանական, ինչը նպաստում է, որպեսզի բերքահավաքն անկորուստ կազմակերպվի։ Եթե շրջանում նոր տեխնիկա ցանկացողներ լինում են, շրջանի ղեկավարությունը ընդառաջում և հետամուտ է լինում դրանց ձեռքբերման հարցում։
Զրույցի ընթացքում գյուղատնտեսը մեկ անգամ ևս նշեց, որ շրջանը դեռ խորհրդային տարիներին հայտնի է եղել այգեգործությամբ, հատկապես՝ նռան և խաղողի։ Շրջանում տարեցտարի ավելանում են պտղատու այգիների հեկտարները։ Եթե ամբողջ շրջանում պատերազմից հետո նռան և խաղողի այգիները կազմում էին 50-60 հեկտար, ապա վերջին ժամանակներում այդ թիվը հասնում է 170-ի։ Կ. Հովհաննիսյանն ասաց, որ կառավարության կողմից այս տարի հայտ ներկայացնողներին տրամադրվել են նռան տնկիներ (անվճար)։ Իսկ մեր այն հարցին, թե վերամշակումն ինչպես է կատարվում, գյուղատնտեսն ասաց, որ շրջանում չկան նռան և խաղողի վերամշակման կետեր. խաղողը մթերվում է Մարտունու շրջան, իսկ նուռը կա՜մ Մարտունիում, կա՜մ Հայաստանից եկած մասնավոր սեփականատերերն են գալիս ու տեղում գնում։ Նրա կարծիքով` եթե 160 հեկտար այգիները հասնեն բերքի, ապա Մարտակերտը կունենա նաև վերամշակման կետ։
Երբ խոսքը գնաց հիմնախնդիրների մասին, Կ. Հովհաննիսյանն ասաց, որ շրջանի գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտում է ոռոգման ջրի խնդիրը, ինչն ազդում է և՜ ցանքի, և՜ պտղատու այգիների վրա։ Բայց առջևում կա իրատեսական ծրագիր. Թարթառ գետից ոռոգման ջուր կհասնի շրջանի հարթավայրային տարածքները։ Լեռներում խոնավությունը քանի որ բարձր է, ջրի պակասությունն այնքան էլ չի զգացվում։ ՙՇրջանում վերելք են ապրում թե՜ գյուղատնտեսության, թե՜ շինարարության ոլորտները։ Մարդիկ աշխատում են, հոգում իրենց հոգսերը՚,- եզրափակում է գյուղատնտեսը։

;