comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽՈՒՄ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԵՆԱՏՆՏԵՍՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԵՆԱՏՆՏԵՍՆԵՐԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Վերջին տարիներին իշխանությունների կողմից առավել ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության, հատկապես այգեգործության զարգացմանը: Օգտագործվում է Հայաստանի բազմամյա հարուստ փորձը, հրավիրվում են փորձառու մասնագետներ, ում խորհուրդներով այգեգործությունն Արցախում առավել արդյունավետ է զարգանում:

Անցած շաբաթ` մարտի18-23-ը, Արցախում էր գտնվում Հայաստանում հայտնի` Մեղրու տարածաշրջանի գյուղատնտես և անտառագետ Գևորգ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: ԱՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով նա բազմիցս այցելել է մեր հանրապետություն: Մասնագետի հարուստ փորձը փոխանակելու նպատակով ԱՀ գյուղնախարարության ֆինանսավորմամբ 2015-2017թթ. հրատարակվել է նրա նախկինում լույս տեսած ՙՆռենու, թզենու և արքայանարնջենու մշակությունը՚ և ՙՁիթենու մշակությունը՚ գրքերի նոր` ընդլայնված տարբերակը: Գյուղատնտեսի հետ զրուցեցինք այցի նպատակի, 5 օրվա ընթացքում արված աշխատանքի, Արցախում այգեգործության զարգացման խնդիրների, ինչպես նաև նշված գրքում տեղ գտած բացթողումների և վերահրատարակման անհրաժեշտության մասին:

-Պարոն Մարգարյան, Ձեզ պարբերաբար հրավիրում են Արցախ`օգնության և փորձի փոխանակման նպատակով: Վերջին այցի ընթացքում ի՞նչ հասցրիք իրականացնել:
-Այո, ԱՀ գյուղնախարարության խնդրանքով և ՀՀ գյուղնախարարության համաձայնությամբ եկել եմ Արցախ` մասնագիտական խորհուրդներ տալու, գործնական օգնություն ցուցաբերելու համար: Այս անգամ դասընթացները անցկացվեցին և՜ լսարաններում, և՜ դաշտային պայմաններում: Գարնան` գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել են, և մասնագիտական խորհրդատվության մեծ կարիք է զգացվում գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների շրջանում` հատկապես պտղատու ծառերի էտի, ինչպես և պտղատու այգիների հիմնման, տնկարանային տնտեսության խնդիրների, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, որոշ մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների և գյուղմթերքների վերամշակման և պահպանման վերաբերյալ:
-Իսկ նոր այգիներ հիմնվո՞ւմ են Արցախում:
-Մոտ 5 հազար հա նոր այգիներ է առաջիկա հինգ տարում նախատեսվում հիմնադրել: Ճիշտ է, ամբողջությամբ դա իրականացնելն այսօր իրտեսական չէ, բայց համոզված եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում 1000 հա հնարավոր կլինի հիմնադրել: Այս տարի նռան տնկանյութի խնդիր արդեն չկա: Տնկարանային տնտեսություններն ունեն անհրաժեշտ քանակի տնկիներ: Հատը 150, 200 դրամով նախարարությունը գնում է այդ տնտեսություններից և անվճար տրամադրում ֆերմերներին, գյուղացիներին: Բայց գյուղացու կողմից ինչ-որ դանդաղկոտություն եմ նկատում, ժամանակին չեն մտնում գործի մեջ: Կառավարությունը համալիր օգնություն է ցուցաբերում` տրամադրելով պարարտանյութ, սերմացու, տնկանյութ, վառելւք: Աշխարհում ոչ մի երկրում նման աջակցություն չի ցուցաբերվում գյուղացուն: Բայց մի տեսակ գյուղացին չի էլ կոմնորոշվել` զբաղվի թե ոչ այդ գործով: Շատ զարմանալի է: Բայց նաև կան շատ երիտասարդներ, ընտանիքներ որոնք մեծ եռանդով են աշխատում. և՜ տնկարանն են մեծացնում, և՜ հողի լեզուն են ավելի ու ավելի լավ հասկանում, և, բնականաբար, լավ բերք են ստանում: Պատկերացրեք` այդ երիտասարդները ցանկություն էլ չունեն մայրաքաղաք կամ այլ երկներ տեղափոխվել:
-Իսկ ինչպե՞ս էին անցնում դասընթացները:
-Շատ հետաքրքիր և լարված: Պահանջը նման պրակտիկ դասընթացների շատ է: Տեղերում լսարաններում և այգիներում, հնարավորության դեպքում կոնկրետ խորհրդատվություն ենք ցուցաբերում, որտեղ գործընթացը մոտ երեք ժամ է տևում: Ներկա են լինում նաև սիրողական մակարդակով զբաղվող տարբեր մասնագիտությամբ այգեգործներ, գործով հետաքրքրվող մարդիկ: Օրինակ, Մարտունում մոտ 50 մարդ էր հավաքվել: Նաև ասեմ, որ հեռախոսով ինձ հետ հաղորդակցող մարդկանց թիվն էլ է շատ: Այնպես որ` հստակ կարող եմ ասել, որ ցանկացողների, հետաքրքրասերների քանակը շա~տ-շատ է:
-Ո՞ր շրջաններում եք հասցրել անցկացնել այդ դասընթացները:
-Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններում, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում և ԱՀ գյուղնախարարությունում:
-Իսկ մյուս շրջաններում ե՞րբ կլինեք:
-Վատ եղանակի պատճառով չենք հասցրել այցելել Հադրութի և Քաշաթաղի տարածաշրջաններ, չնայած նախատեսված էր: Բայց հաջորդ իմ այցելության ժամանակ նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի Կովսականի տարաշրջանում և կրկին այցելած համայնքները: Երբ հրավիրեն, մեծ սիրով կգամ: Միշտ պատրաստ եմ աջակցելու Արցախին` ինչով կարող եմ: Այն, ինչը ես ասում եմ, գրականության մեջ չկա: Սովորական մարդը ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի այնքան շատ մասնագիտական գրականություն կարդալ, տիրապետել նոր տեխնոլոգիաների, որ գտնի հուզող հարցերի պատասխանները: Իսկ ես և՜ ասում եմ, և՜ ցույց տալիս. մեկ անգամ աչքով տեսնելը, ականջով լսելը բավական են, որ նա հասկանա, ըմբռնի, յուրացնի գիտելիքը:
-Դուք արդեն 5 տարի է, ինչ գալիս եք Արցախ: Այս հինգ տարիների ընթացքում նկատո՞ւմ եք առաջխաղացում Արցախի գյուղատենտեսության, հատկապես` այգեգործության գործում: Ձեր տված խորհուրդներով առաջնորդվու՞մ են:
-Այո, մեծ առաջխաղացում կա` հատկապես հացահատիկային տնտեսությունում: Կարող եմ ասել, որ ոլորտն այդ կայացած է: Բայց պետք չէ եղածով բավարարվել: Այստեղ հողն այնքան բերրի է, բերքառատ, որ պետք է ավելիին ձգտել, ավելի մեծ բերք ստանալ: Արցախում դա հնարավոր է: Պետք է արդեն ժամանակակից գիտական նվաճումներով, նոր տեխնոլոգիաներով կատարելագործված սերմնաբուծական տնտեսություններ ստեղծել, որպեսզի էլիտար սերմացուն տեղերում արտադրել և նույնիսկ Հայաստանի մարզերին մատակարարել: Հնարավորություն կա տնկարանային տնտեսությունը զարգացնել, ինչը թույլ կտա պահանջարկը բավարարել: Նոր հողեր մելորացնելու, կաթիլային համակարգ ներդնելու նույնպես հնարավորություն կա: Մեծ է ձիթենու տարածման հնարավորությունը: Շատ ֆերմերներ, որոնց իմ ՙՁիթենու մշակությունը՚ գիրքը հասել է, զանգում են, հարցնում` ո՞ր հողերի վրա և ինչպե՞ս կարելի է հիմնել ձիթենու այգի: Ես համապատասխան խորհուրդ եմ տալիս, որը լիարժեք բավարարում է հարցնողներին:
- Ինչքան տեղյակ եմ, գիրքը պատվիրել և ֆինանսավորել է ԱՀ գյուղնախարարությունը, տպագրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տպարանում: Գրքում, ըստ Ձեզ, բավականին շատ են թերություններն ու բացթողումները: Բայց պարզվեց, որ այն մեծ պահանջարկ ունի, և նախարարությունը պատրաստ է վերահրատարակել: Որ փուլում են բանակցությունները գրքի վերահրատարակման վերաբերյալ:
-Ճիշտն ասած, հենց այդ հարցով բանակցել եմ և՜ Շուշիի համալսրանի ռեկտոր Հ. Թոքմաջյանի, և՜ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժ. Միրզոյանի հետ: Նախարարը շահագռգռված է և առաջին իսկ հնարավորության սահմաններում, կարծում եմ, անշուշտ, կաջակցի վերահրատարակմանը: Որտեղ կտպվի` դեռ պարզ չէ: Ես հակված եմ դա Երևանում անել. այնտեղ համեմատաբար քիչ են հրատարակման ծախսերը: Բնականաբար, բոլոր թերություններն էլ շտկված են, և պատրաստ ենք հանձնել տպարանին: Գիրքն, իսկապես, մեծ պահանջարկ ունի: Ամբողջ տպաքանակը սպառվել է: Նախ` ուսանողներին է այն շատ օգտակար, գյուղացուն էլ, սիրող այգեգործներներին էլ` մեծ օգնական: Ձգտել ենք այնպես գրել, մեկնաբանել հարցերը, որ ցանկացած մարդու համար մատչելի լինի: Հուսամ, որ այս տարվա ընթացքում խնդիրը լուծում կստանա: