comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Դեռևս փետրվարին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ բնապահպանության նախարար Ֆելիքս Գաբրիելյանը հայտարարել էր, որ նախարարությունը ձեռնամուխ է եղել ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանն ու լուծմանը և այդ նպատակով աշխատանքներ է տանում նաև իրավական ու օրենսդրական կարգավորումների ուղղությամբ: Ըստ նրա` սկսած 1988 թվականից, հանրապետության տարածքում մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգ չի իրականացվել: 

Մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ անցյալ տարի, կատարելով այդ աշխատանքները, գերատեսչությունը պարզել է, որ գրեթե բոլոր գետային ավազաններում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցում են պղինձը, վանադիումը, ալյումինը: Որոշ գետերում նկատելի են թթվածնի քիմիական պահանջարկի, ցինկի, ամոնիում և նիտրատ իոնների կոնցենտրացիաների աճ, ինչը պայմանավորված է կոմունալ-կենցաղային հոսքաջրերի` առանց մաքրման գետը թափվելու հետ:
Հաշվի առնելով ջրային ռեսուրսների` էներգետիկ նպատակներով օգտագործման փաստերը, դրանց շուրջ առկա մտահոգությունները, ելնելով ռազմավարական այդ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունից, գերատեսչությունը նախատեսում է ներդնել փոքր հէկերի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգ, որի միջոցով կիրականացվի ջրառի ու հէկերի կողմից օգտագործվող ջրի ծավալների ավտոմատ, առցանց հաշվառում:
Կառավարության վերջին նիստերից մեկում Ֆելիքս Գաբրիելյանը ներկայացրել է իրենց կողմից մշակված լրացումներն ու փոփոխությունները ՙԼՂՀ ջրային օրենսգրքում՚ և ՙՋրի ազգային ծրագրում՚: Օրենսգիրքն ընդունվել էր դեռևս 2003 թվականին, և նրա որոշ դրույթներ վերանայման կարիք էին զգում։ ՙՋրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման և պահպանման նպատակով, ելնելով վերջին տարիների փորձից, ինչպես նաև հաշվի առնելով 2017թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Նախագահի հրամանագիրը, որով հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը և վերացել է վարչապետի ինստիտուտը, անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՚,-ասել է Ֆ. Գաբրիելյանը։ ԼՂՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ջրի ազգային խորհրդի գործունեությունը կարգավորելու համար կատարել համապատասխան փոփոխություն, սահմանել Խորհրդի նախագահի, անդամների ընտրության կարգը, վերապահել ԱՀ կառավարությանը հաստատելու Խորհրդի կանոնակարգն ու կազմը։ Նախագծի ընդունմամբ օրենսգիրքը կլրացվի նոր հասկացություններով և համապատասխան հոդվածներով, կսահմանվեն մակերևութային, ստորերկրյա, քաղցրահամ, արտեզյան և գրունտային ջրեր, ջրային հաշվեկշիռ, ջրամերձ և ջրատար կշեռք և այլ հասկացություններ։ Հստակեցվելու են ջրային ռեսուրսների մոնիտորինգի, ջրային ռեսուրսների կրկնակի օգտագործումը, ջրօգտագործման թույտվություն ստանալու, տրամադրելու, մերժելու և կասեցնելու, փոփոխելու կամ ուժը կորցրած ճանաչելու մեխանիզմները, կարգավորվելու են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման և պահպանման, հորատանցքերի կոնսերվացման և լուծմարման գործընթացները։ ՙԻրականացվող քաղաքականության նպատակը հնարավորության սահմաններում շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումն ապահովելն է, բնական պաշարների արդյունավետ օգտագործումը,-ասել է Ֆ. Գաբրիելյանը` հավելելով, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալում են ԱՀ ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների կատարելագործում և արդիանականացում, ջրային պաշարների առավել արդյունավետ օգտագործում: Նախագահ Բ. Սահակյանը հանձնարարել է գերատեսչության ղեկավարին ուսումնասիրությունների արդյունքները տրամադրել կառավարության բոլոր անդամներին` այն հաշվով, որ դրանց մասին իրազեկված լինելն օգտակար կլինի բոլորի համար։ Ֆ. Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրինագծի նախագիծը քննարկվել է մասնագետների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ։
Ներկայացված օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդիականացնելու ԱՀ օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները, առավել արդյունավետ կառավարելու ջրային ռեսուրսները: Ջրի ազգային ծրագրի մեջ փոփոխությունները քննարկվե՞լ են Ազգային ժողովում: Նախագահ Բակո Սահակյանի հարցին ի պատասխան Ֆ. Գաբրիելյանը պատասխանել է, որ միայն մասնագետների հետ են աշխատանքներ տարվել: ԱԺ փոխխոսնակ Վ. Բալայանը հավելել է, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, խորհրդարան ներկայացնելուց առաջ այս թեմայով քննարկումներ կարելի է կազմակերպել:

;