comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

ք. Մարտունի

Վերջին տարիներին Արցախի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում` այգեգործությանը։ ԱՀ գյուղատնտեսության նախարարության միջնորդությամբ, այգեգործության զարգացման նպատակով, պարբերաբար ՀՀ-ից հրավիրվում են փորձառու մասնագետներ, ովքեր իրենց բազմամյա հարուստ փորձը տեսականորեն և գործնականորեն փոխանցում են մեր այգեգործներին։
Օրերս Մարտունու շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական սեմինար-խորհրդատվությունը։ Ներկա էին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, ՀՀ բազմավաստակ գյուղատնտես և անտառագետ Գևորգ Մարգարյանը, շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի մասնագետներ, նռան և այլ պտղատու ծառերի մշակությամբ զբաղվող այգեգործներ։
Պտղաբուծության վերաբերյալ շուրջ 124 գիտական հոդվածների, չորս գրքի հեղինակ Գ.Մարգարյանը բազմիցս է եղել Արցախում, ծանոթ է տեղի բնակլիմայական պայմաններին, հողային ռեսուրսներին, առանձնահատկություններին, որոնք շատ նման են ՀՀ Մեղրիի և Նոյեմբերյանի շրջանների պայմաններին։ Նա գտնում է, որ հայաստանյան փորձը պետք է փոխանցվի Արցախի հողագործներին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Մասնագետը նշեց, որ ճիշտ և ժամանակին կատարված ագրոտեխնիկական միջոցառումները և անհրաժեշտ գիտելիքներով զինված այգեգործները կարող են նոր թափ հաղորդել և զարգացնել այգեգործությունը:
Պտղատու ծառերի կտրոնների կտրման, տնկիների տնկման, ոռոգման, սրսկման, փխրեցման, վնասատուների դեմ պայքարի և այլ միջոցառումների ճիշտ կազմակերպման ձևերն ու մեթոդները տեսականորեն սկսնակ և փորձառու այգեգործներին փոխանցեց հրավիրված մասնագետը։ Քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների ճիշտ կիրառմանը զուգահեռ կարևորվեցին օրգանական պարարտանյութերի կիրառումը և բնական միջոցներով վնասատուների դեմ պայքարը։
Նշվեց, որ հաշվի առնելով առկա նպաստավոր պայմանները, ինչպես նաև ընթացիկ պետական աջակցության ծրագրերը, նման հանդիպումներն անհրաժեշտություն են, քանի որ դրանց ընթացքում մասնակիցները ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ, որոնք կիրառվում են աշխատանքների ճիշտ կազմակերպման համար։
Հանդիպման ընթացքում հնչած արձանգանքները փաստեցին, որ շրջանում առկա են երիտասարդ այգեգործներ, ովքեր տիրապետում են այգեգործության գիտելիքներին և հմտացած են այդ գործում։
Սեմինարն ավարտվեց գործնական մասով։ Գ.Մարգարյանը շրջվարչակազմի շենքին կից այգում այգեգործներին ծանոթացրեց պտղատու ծառերի էտի, կտրոնների կտրման նրբություններին, անդրադարձավ ծառերի ճիշտ խնամքի աշխատանքին։
;