comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԻՆԻՆԵՐԻ ՀԱՄՏԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՆԻՆԵՐԻ ՀԱՄՏԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Ապրիլի 7-ին Ստեփանակերտում, ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի հարմարավետ դահլիճում հետաքրքիր միջոցառում նախաձեռնվեց. Արցախի ՙԽաղողագործների ու գինեգործների միավորումը՚ կազմակերպեց հայկական գինիների համտես, որն անցավ հաճելի մթնոլորտում։

Միջոցառմանը մասնակցած շուրջ երկու տասնյակ գինեգործներ հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց արտադրանքը գինու սիրահարներին, ծանոթանալ այլ արտադրողների կողմից ներկայացված տեսականուն, լսել անկողմնակալ գնահատականներ ներկայացված գինիների որակի վերաբերյալ, գնահատել սեփական արտադրանքի դրական ու բացասական կողմերը։
Նախաձեռնությունը Միավորման կողմից գործունեության ակտիվացման քայլ կարելի է որակել գինեգործությունը տարածաշրջանում զարգացնելու, նոր այգիների հիմնման ուղղությամբ։ Մասնագետների խոսքով` խաղողի դեռևս անհայտ էնդեմիկ տեսակների նկատմամբ հանրային հետաքրքրության աճով պայմանավորված, Արցախի Հանրապետությունը համաշխարհային խաղողագործության մշակույթի ասպարեզում իր ամուր դիրքը զբաղեցնելու մեծ հեռանկար ունի։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՙԽաղողագործների և գինեգործների միավորում՚ ՀԿ նախագահ Գրիգորի Ավետիսյանը, ով կարևորել է նման միջոցառումները՝ նշելով, որ սա տեղական արտադրանքն ավելի ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է։
Միավորում մարքեթինգի գծով պատասխանատու Աննա Զաքարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ միավորումը գործունեությունն սկսել է 2015 թվականից, բայց վերջին շրջանում նկատելի ակտիվացրել են այն` նպատակ ունենալով ճանաչելի դարձնել արցախյան գինիները։ Միավորումը շուտով հետաքրքիր այլ նախաձեռնություններով ևս հանդես կգա։ Ծրագրերից մեկը կկոչվի ՙԱրցախյան գինու ճանապարհը՚, որը կիրականցվի ընթացիկ տարում։ Կկազմակերպվեն դասընթացներ գինեգործների համար, կձգտեն տեղական գինիները դուրս բերել միջազգային շուկա՝ դրանով իսկ աջակցելով մասնակցությանը միջազգային մրցույթներին և փառատոներին։ Գինիների համտեսն առաջիկայում կկազմակերպվի ամենամյա պարբերականությամբ։
Ա. Զաքարյանը նշել է, որ օտարազգիների հետաքրքրությունը մեծ է արցախյան գինիների նկատմամբ, դրանք լիովին մրցունակ են ու սիրված նույնքան, որքան, ասենք, իտալական ու ֆրանսիական հանրահայտ գինիները։ Նա նաև շեշտել է, որ արցախյան բոլոր գինիները յուրատիպ են, ունեն համային առանձնահատկություն։ Գաղտնիքն Արցախում աճեցված խաղողի տեսակներն են, որոնց մի մասն այլ երկրներում չի աճում։
ՙWine Works՚ ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանի դիտարկմամբ` վերջին տասնամյակում Արցախում գինեգործությունն էլ ավելի է զարգացել։ Բարձրացել է գինիների որակը, ընդլայնվել տեսականին, ոլորտում կատարվում են որոշակի ներդրումներ։
Միջոցառման նախօրեին մի շարք գինեգործների միջև կազմակերպել է ՙԳինիների կույր համտես՚ մրցույթը, որտեղ ներկայացված է եղել ավելի քան 15 նմուշ, որոնցից ընտրվել են 5 լավագույն գինիները։ Մրցույթի արդյունքներով գինեգործներն ընտրել են լավագույնները։ Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է ՙՏակռի՚ գինու տեսակը, 2-րդը՝ ՙՎանքասար՚-ը, 3-րդ՝ ՙԱրեվիս՚-ը, 4-րդը՝ ՙՆվարդ Ազնունի՚-ն և 5-րդը՝ ՙԱմեն՚-ը։ Հայտարարվել է, որ մրցույթին մասնակցության չի դրվել ՙԿատարո՚ գինին։
Միջոցառմանը հրավիրված` Ռուսաստանի Դաշնության վաստակավոր սոմելյե, ՙՌուսական գինիներ՚ և ՙՀայկական գինիներ՚ ամենամյա գինու հանրագիտարանի հեղինակ Արթուր Սարգսյանը, ով արցախյան գինիների կույր համտեսի գլխավոր փորձագետն էր, դրանց մասնագիտական բարձր գնահատական է տվել։ Փորձագետի խոսքով` բոլոր գինիներն էլ բարձր որակ ունեին, եզակի իրենց տեսակի մեջ։ Մրցույթի կազմակերպումը ևս աննախադեպ համարեց, քանի որ այնտեղ գինեգործների, գինու սիրահարների ու գինին գնահատողների կողմից գնահատական է տրվել ոչ թե պիտակին, այլ գինու որակին։
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, այլք։
;