comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐՆ ԷԻՆ
Logo
Print this page

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐՆ ԷԻՆ

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (ԳԳԱՀ) տնօրեն Տիգրան Ծատրյանի ուղեկցությամբ այցելեց Քաշաթաղի շրջանի հարավային թև։ Իշխանաձորում կառավարության անդամներին դիմավորեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ Իշխանաձորում տեղի ունեցավ խարհրդակցություն։
Գ. Մարտիրոսյանն ուրախությամբ նշեց, որ հանրապետությունում, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանում, անցած տարիների համեմատ գարնանացանի ծավալները մեծացել են, ինչը ողջունելի է։ Նա կարևորեց համայնքների ղեկավարների դերը, ում ջանքերով գյուղոլորտին վերաբերող տարբեր ծրագրերը հասու են դառնում ազգաբնակչությանը։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկություններ տվեց անցած տարվա աշնանը և այս տարվա գարնանը կատարված գյուղատնտեսական աշխատանքների մասին։ Անցած աշնանը կատարվել էր 16266հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6395հա, մնացածը՝ գարի։ Նա կարևորեց պայքարը մկնանման կրծողների դեմ։ Ներկա դրությամբ գարնանացանի համար հերկված է 2700հա վարելահող, կատարվել է 2013հա ցանքս։ Գարնանացանի համար շրջանից մոտ 10 տեսակ մշակաբույսերի համար հայտ է ներկայացվել։ Սերմացուն բնակչությանը հատկացվում է անհատույց։ Սիմոնյանը նաև տեղեկացրեց. նռան այգիներ հիմնելու նպատակով կառավարությունն անհատույց տնկիներ է տրամադրում՝ 1հա-ի համար 625 հատ։ Շրջանում այս ծրագրով նախատեսված է հիմնել 289հա այգի, հայտերը ներկայացվել են ԱՀ գյուղնախարարություն։ Ներկա դրությամբ հիմնվել է 68հա այգի։ Անդրադառնալով բանջարաբոստանային մշակաբույսերի խնդրին՝ Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսված է կատարել մոտ 700հա բանջարաբոստանային և բոստանապարենային մշակաբույսերի ցանքս։
Շրջանում կա 60-ից ավելի ջերմատուն։ Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը ներկայացրեց գյուղի առաջընթացը։ Վերջին տարիներին գյուղում կառուցվել է 152 առանձնատուն, նախկին 400-ի փոխարեն այժմ Իշխանաձորում կա 630 բնակիչ, դպրոց է հաճախում 157 աշակերտ, որից 23-ը՝ առաջին դասարան: Եկող ուստարում ևս 20 երեխա կհամալրի դպրոցականների թիվը։ Հիմնվել է 50հա նռան այգի, որով զբաղվում է 35 ընտանիք; ՙԳրանտ Տոբակո՚ ընկերությունը գյուղում սկսել է ծխախոտագործության գործընթացը։ Պարզագույն ջերմոցներում արտադրվելու է սածիլ, որը կօգտագործվի մոտ 20հա տարածքի համար։ Այս տարի նախատեսած է մոտ 40հա ծխախոտ մշակել. մնացած սածիլները կբերվեն ՀՀ-ից։ Սկսվել է նաև չորանոցների կառուցումը, որում կընդգրկվի մոտ 100 աշխատող։ Շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանը, անդրադառնալով ծխախոտի արտադրությանը, տեղեկացրեց, որ նախատեսված է մոտակա տարիներին մշակել մինչև 130 և ավելի հա տարածք, որը մեծ քանակությամբ աշխատատեղ է ապահովելու։ Յուրաքանչյուր հեկտար մշակելու համար անհրաժեշտ է 7 աշխատող:
Լսելով տեղեկությունները՝ պետնախարարը նշեց. ՙՇուտով շրջանի հարավային թևում նոր ընտանիքների բնակեցումը կդառնա անհրաժեշտություն՚։ Գարնանացանին անհրաժեշտ սերմացուների, պարարտանյութերի հատկացման վերաբերյալ պարզաբանում տվեցին ԱՀ գյուղնախարարը, ԳԳԱՀ տնօրենն ու նույն հիմնադրամի Քաշաթաղի պատասխանատու Մհեր Եսայանը։ Անդրադարձ եղավ անցած տարիներին վերցված վարկերի մարմանը։ Գյուղնախարարը հորդորեց չօգտագործել անհայտ ծագմամբ պարարտանյութեր և թունաքիմիկատներ. մեր ժողովրդի սննդի անվտանգության հարցն ավելի կարևոր է, քան բերքատվությունը։ Այնուհետև խորհրդակցությունն ընթացավ հարցերի ու պատասխանների, պարզաբանումների, առաջարկների ձևաչափով: Իրենց համայնքների խնդիրներին անդրադարձան Կովսականի, Որոտանի, Միջնավանի քաղաքային, Ձորափի, Տիգրանավանի, Գետափի, Ծաղկաբերդի և այլ գյուղական համայնքների ղեկավարներ։ Առաջնահերթը ճանապարհների, ոռոգման և խմելու ջրի կարգավորման խնդիրն է։ Որոշներում կարևորվեց բնակարանների, մանկապարտեզի կապի բարելավման և այլ հարցեր։ Խորհրդակցությունից հետո ԱՀ պետնախարար Գ. Մարտիրոսյանն այցելեց ծխախոտի արտադրության համար հատկացված տարածք, ծանոթացավ պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ։ Կատարվածի վերաբերյալ տեղեկություններ տվեց ՙՄասիս Տոբակո՚ ընկերության տեխնոլոգ Հայրապետ Պետրոսյանը: Հաջորդ կանգառը նռան այգիների տարածքն էր։ Այստեղ 20հա-ից ավելի տարածք է մացառներից ու եղեգնից մաքրվել։ Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է 1հա։ Այցի պահին Իշխանաձորի բնակիչները նռան տնկիներն էին տնկում արդեն պատրաստ ակոսներում։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.