ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Սամվել ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
- Պարոն Պետրոսյան, հանրապետությունում սկսվել է հացահատիկայինների բերքահավաքը։ Ծառայության կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այն անկորուստ կազմակերպելու համար։
- Ելնելով նախորդ տարիների փորձից, նախապատրաստական որոշակի աշխատանքներ ենք իրականացրել՝ խուսափելու հրդեհավտանգ շրջանում հնարավոր կորուստներից: Ապրիլ-մայիս ամիսներին ուսումնասիրվել են հանրապետության տարածքները՝ ըստ վարչական շրջանների, այնուհետև անց ենք կացրել խորհրդակցություն, որտեղ հստակեցվել են բերքահավաքի կազմակերպման ուղղությամբ յուրաքանչյուրի անելիքները։ Խորհրդակցություն է անցկացվել նաև Գյուղատնտեսության նախարարությունում, որին մասնակցել են մեր ծառայության պատասխանատուները։ Պահի դրությամբ կարելի է ասել՝ կառույցն իր ստորաբաժանումներով ու նյութատեխնիկական հնարավորություններով պատրաստ է դիմակայելու հրդեհներին։
Հրդեհականխարգելիչ միջոցառումների առաջին փուլը մեկնարկել է դեռևս գարնանը. հերբիցիդներով սրսկման աշխատանքներ են տարվել ճանապարհների եզրերի խոտածածկույթը վերացնելու համար, հերկվել են դաշտամիջյան ճանապարհներն ու հարակից տարածքները։ Այսպես ասած՝ քիմիական պայքարը ծավալվել է մոտ 1600 հա տարածության վրա։
Հաջորդ փուլում հանրապետության տարածքը բաժանել ենք երեք գոտիների՝ հարթավայրային, նախալեռնային և անտառային հատվածների, որտեղ տեղադրվել է 18 հենակետ՝ հակահրդեհային անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ շրջանների՝ Մարտունիում, Քաշաթաղում և Մարտակերտում տեղակայվել է 3-ական, Հադրութում՝ 4, իսկ Ասկերանում՝ 5 հենակետ։ Ընդհանուր առմամբ՝ այդ հենակետերում ընդգրկված են 57 հրշեջ-փրկարարներ և 19 հրշեջ մեքենա։ Հնարավոր է` հենակետեր տեղադրվեն նաև իրավիճակից ելնելով՝ լրացուցիչ ուժերով ու միջոցներով։ Բացի այդ, յուրաքանչյուր շրջանում առկա են մեկ դիտակետ և մեկ շրջիկ պարեկային ծառայություն։ Վերջինս շուրջօրյա ստուգայցեր է կատարում այն տարածքներում, որտեղ բերքահավաքի աշխատանքներն են ընթանում։
Այս ամենից զատ՝ ԱԻՊԾ մասնագետների կողմից սեմինար-խորհրդակցություններ են կազմակերպվել ցանքատարածքներում աշխատող կոմբայնավարների ու մեքենավարների համար։ Անցած տարիների թերություններն ու բացթողումները դաս պետք է դառնան շահագրգիռ կառույցների համար։ Բերքահավաքին մասնակցող մեխանիզատորները պետք է իմանան, որ գործ ունեն դյուրավառ հեղուկների հետ, որոնք կարող են բռնկվել աննշան կայծից, պահպանեն շահագործման կանոնները։ Նման սեմինարների ժամանակ դասընթացների մասնակիցներին համապատասխան վկայականներ են տրվում. միայն նրանք իրավունք ունեն մասնակցելու ռազմավարական նշանակության այդ միջոցառմանը։
Բնականաբար, ուշադրություն է դարձվել հերթապահ փրկարարների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովմանը. տեղադրվել են վրաններ, ձեռք են բերվել կերոգազեր, լամպեր, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ, դեղորայք։
-Կա՞ն հակառակորդի տեսադաշտում գտնվող, այսպես կոչված՝ ռիսկային տարածքներ, որտեղ բերքահավաքն իրականացնելը վտանգավոր է։
- Չեմ ուզում մանրուքների մեջ ընկնել, բայց, կարծում եմ, նման խնդիր չի լինելու։ Չնայած հակառակորդը միշտ էլ անկանխատեսելի է, և չի բացառվում, որ նրանց կողմից հրադադարի խախտման դեպքեր լինեն։
- Տեխնիկայի առումով խնդիրներ կա՞ն։ Վերջին անգամ ե՞րբ է թարմացվել կառույցի նյութատեխնիկական բազան։
- Ամեն տարեսկզբի սկսում ենք տեխնիկայի վերանորոգման աշխատանքները։ Նաև ձեռք ենք բերում անհրաժեշտ պահեստամասեր, որպեսզի անսարքության դեպքում հենց տեղում կարողանան փոխարինել նորով։
Նախորդ տարում թարմացվել-համալրվել է մեր նյութատեխնիկական բազան. ձեռք ենք բերել ՙՈՒազ՚ մակնիշի չորս, ՙՆիվա՚ մակնիշի երեք ավտոմեքենա, ինչպես նաև՝ ՙԿԱՄազ՚ մակնիշի՝ հատուկ հրդեհաշիջման աշխատանքներ կատարող մեկ մեքենա։ Երկու տարի առաջ էլ Հայաստանից ՙՈՒրալ՚ մակնիշի երկու մեքենա ենք ստացել։ Եվ չնայած ունենք մեքենաներ, որ 80-ականներից են, այնուամենայնիվ, տեխնիկական հագեցվածության առումով ծառայությանը բավարարում է եղածը, ուստի կառույցը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները։ Մեզ համար շատ կարևոր է ժողովրդի գնահատականը, ձգտում ենք անել այնպես, որ ծառայությունը պատվով դուրս գա յուրահատուկ այդ քննությունից։
- Տարվա այս ժամանակահատվածը նաև կարկտավտանգ է։ Ծառայության համապատասխան ստորաբաժանումը որքանո՞վ է պատրաստ բնության ՙմարտահրավերներին՚։
- Հիրավի, կարկտավտանգ շրջան է համարվում ապրիլի 1-ից հոկտեմբերի 30-ը, իսկ առավել վտանգավոր շրջան է համարվում ապրիլի կեսից մինչև հունիսի վերջն ընկած ժամանակահատվածը։ Այդ ընթացքում բնությունը հաճախ իր ՙքմահաճույքներն՚ է մատուցում՝ կարկուտի տեսքով։ Արտակարգ իրավիճակների ծառայության հակակարկտային միջոցներից են ՙԶենիթ՚ հրթիռակայանները, որոնք տեղադրված են հանրապետության տարբեր շրջաններում։ Շուրջօրյա հերթապահությամբ գործում է ճգնաժամային կառավարման կենտրոնը, և յուրաքանչյուր մթնոլոտային փոփոխություն վերահսկվում է համակարգի աշխատողների կողմից, անհրաժեշտության դեպքում, իհարկե, մեր ծածկույթի տարածքում, ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով ՙԶենիթ՚ հակակարկտային կայանների օպերատորները կենտրոնական ապարատից տեղափոխվել են ՙՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն՚ ՊՈԱԿ, որտեղից ավելի նպատակահարմար է աշխատանքների կազմակերպումը։
Հանրապետության տարածքում տեղադրված ու գործում է 71 զենիթային հակակարկտային կայան, որից 42-ը տեղակայված է Ասկերանի, 29-ը՝ Մարտունու շրջաններում։ Ասեմ նաև, որ կարկտային օջախների ձևավորման հիմնական տարածքը Բադարայի հատվածն է, որը մշտապես մեր վերահսկողության տակ է։ Վերջին տարիներին կատարված աշխատանքների արդյունքը ցույց է տալիս, որ այստեղ լուրջ վնասներ չեն գրանցվել։ Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Գիշի, Խնուշինակ հատվածում, որը ևս կարկտավտանգ է, վերջին տարիներին դարձյալ վնասներ չեն գրանցվել՝ շնորհիվ ՙԶենիթ՚ հրթիռային կայանների կիրառման և մեր վերահսկողության։ Բնակչությունը կարող է տեղյակ չլինել, բայց կարկտավտանգ պահեր հաճախ են լինում, և ԱԻՊ ծառայությունը կարողանում է հակազդել ու կանխարգելել հնարավոր աղետը։ Հետագայում ևս պատրաստ ենք նման իրավիճակներին դիմակայել. հակակարկտային բոլոր սարքավորումները մշտապես լիցքավորված են և պատրաստ ենք մեզնից կախված գործողություններն իրականացնելու։
- Բնակչությանն ուղղված Ձեր խոսքը...
- Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ մեր քաղաքացիներին կոչ եմ անում հրդեհավտանգ ժամանակահատվածում պահպանել անվտանգության կանոնները, անհարկի այստեղ-այնտեղ կրակ չվառել. հատկապես բերքահավաքն ավարտելուց մարդիկ սովորություն ունեն խոզանը հրկիզել, ուստի, խնդրում ենք առանց մեզ զգուշացնելու դա չանել։ Նման աշխատանքները պետք է կատարվեն մեր հսկողության ներքո։ Շատ հաճախ մարդկային գործոնով է պայմանավորված լինում հրդեհի բռնկումը, և անվտանգության կանոնների պահպանումը հնարավորություն կտա խուսափել լայնամասշտաբ հրդեհներից ու դժբախտ պատահարներից, նյութական կորուստներից: