[ARM]     [RUS]     [ENG]

Արևային Արցախ. գործարար համաժողով Ստեփանակերտում

Սրբուհի Վանյան

 Հունիսի 15-ին  «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում կազմակերպվել է գործարար համաժողով, որը կրում էր  «Արևային Արցախ» խորագիրը: Այն նախաձեռնել է «Շտիգեն էներգետիկ համակարգեր» հայաստանյան ընկերությունը, որը նպատակ ունի ընդլայնել իր գործունեության շրջանակները նաև դեպի Արցախ՝ այստեղ զարգացնելով վերականգնվող էներգետիկայի ուղղությունը:

 Նշենք որ ընկերությունը   հիմնադրվել  է   2011 թվականին՝  տարածաշրջանի  էներգետիկ  արդյունավետության, էներգետիկ  և  տնտեսական  անվտանգության  բարձրացման   հեռանկարով. ընկերությունն աշխատում է արդյունավետ, այս ութ տարվա մեջ հասցրել է դրական փորձ ձեռք բերել և առաջատարի համբավ վաստակել:

Համաժողովի կազմակերպմամբ  ընկերության ներկայացուցիչները հույս ունեն ներկայացնելով միջազգային և հայաստանյան փորձը, քննարկել Արցախում դրա կիրառման վերաբերյալ գործնական խնդիրները և դրանց լուծման ուղիները:

 Իսկ Արցախում կամաց կամաց կարծես թե դրվում է արևային էներգետիկայի հիմքը. ինչպես հայտնի է, ՙՙԵզնիկ Մոզյան՚՚ արհեստագործական ուսումնարանի ջանքերով Քարին տակ գյուղում պիլոտային ծրագիր է կենսագործվել:  Արդեն քայլեր են արվել նաև օրենսդրական կարգավորման ուղղությամբ՝ մոտ  մեկուկես  ամիս  առաջ  ԱՀ խորհրդարանն   ընդունել է   արևային  էներգետիկային   նպաստող  օրենսդրություն: Այն    թույլ է  տալիս  հասարակ    բնակիչներին  և  բիզնես  ոլորտի    ներկայացուցիչներին  տեղադրել  արևային  կայաններ  և  դրանք    միացնել   «Արցախէներգո»-ի  ցանցին:

Արևային էներգիայի կիրառումը   պետք է, որ լավ  հնարավորություն  ստեղծի   հատկապես գործարար շրջանակների համար, դառնալով  բիզնեսի  ֆինանսական   խնայողության  գործիք՝  հաշվի  առնելով հանգամանքը, որ   էլեկտրաէնեգիայի    սակագինն  ավելի  բարձր  է:

 

«Շտիգեն»  ընկերության     մարկետինգի  գծով  տնօրեն  Անի  Աղաջանյանը  համաժողովի մասնակիցներին ներկայացրել  է ընկերության կողմից իրականացված նախագծերը, դրանց առավելությունները, բացերը, զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ իրենց բիզնես առաջարկը էներգետիկայի ոլորտի պետական և ոչ պետական կառույցների, էլեկտրաէներգիայի մեծ ծախս ունեցող ընկերությունների, տաք ջրի զգալի սպառում ունեցող ընկերությունների, ոլորտում ներդրում անելու պատրաստ գործարարների համար է և ակնկալում են, որ Արցախում նույնպես կա այդ պահանջարկը: Նա տեղեկացրել է, թե ինչպես կարելի է ձեռք բերել արևային կայաններ, որքան կկազմի տարեկան խնայողությունը, ինչքան՝ նախնական ներդրումը, քանի տարվա մեջ կապահովվի հետգնում, որքան է արևային կայանների շահագործման ժամկետը և այլն: Ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնում տեխնիկական ու խորհրդատվական օժանդակության տրամադրման գործում:

Համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն» ընկերության   հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը, ով ներկայացրել է ընկերության քաղաքականությունը,  հաճախորդներին, նրանց հետ հարաբերությունների կառուցման ռազմավարությունը, օրենսդրությունը՝ որով կարգավորվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտը, հնարավորությունները, որ կարող են ստեղծվել՝ իրենց նախագծերից օգտվելու դեպքում և ասել է, որ   իրենց   նպատակն է, որ  ոլորտի   տարբեր   շահագրգիռ  կողմերը հնարավորինս   արագ օգտագործեն  այդ  հնարավորությունը: Նա նշել է, որ բիզնես- ներկայացուցիչները կարող  են  լինել ավելի  մրցունակ, ավելի  արագ  զարգացնել  իրենց  բիզնեսը  և    բարձրացնել  որակը:  ՙԵթե  նախկինում  պետք էր  խնայել  էլեկտրաէներգիան   ֆինանսական  միջոցների  սուղ  լինելու  պատճառով, ապա  այժմ  Արցախում  գործող    բանկերի  և  վարկային  կազմակերպությունների միջոցով այն  կարող  են  ստանալ  ավելի  մատչելի    ապառիկ  վարկավորումամբ: Մոտ  5-6  տարվա  ընթացքում  մարելով  վարկերը՝  քաղաքացիները   շուրջ   25  տարի  օգտագործելու  են     անվճար  էլեկտրաէներգիա»,-մասնավորապես  ասել  է  Հ. Շեկյանը: 

 

Շտիգեն՚՚-ն իր հետ Արցախ է բերել նաև իր ֆինանսական գործընկերներին, որոնք համաժողովի ընթացքում շահագրգիռ կառույցներին ներկայացրել են իրենց վարկային առաջարկները՝ հավաստիացնելով, որ արևային էներգետիկան կարող է մատչելի լինել: Խմբի հետ Արցախ  է ժամանել նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչը:

 Ընկերության հիմնադիրը նշել է, որ   իրենք    բնակիչներին   առաջին  հերթին   առաջարկում  են   արևային տաք  ջուր, որը հատկապես շահավետ առաջարկ է ոչ  այնքան  զարգացած    ենթակառուցվածքներ  ունեցող  բնակավայրերի    քաղաքացիների համար, ովքեր   կարող  են  ունենալ   կյանքի  այլ  որակ՝   ողջ  տարին  ունենալով  շահավետ  էներգիա: Արևային էներգետիկ համակարգերից դեպքում կգրանցվի    նաև բնապահպանական  մեծ  օգուտ.   անտառահատումներ   շատ  չեն  լինի:

ՙ՚ Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար Լեռնիկ  Հովհաննիսյանը,  պետական  պաշտոնյաներ, բիզնես  ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր: Համաժողովի  ընթացքում   ներկաներն  առաջադրել են   իրենց  հարցերը, կազմակերպիչները ներկայացրել Արցախի արևայնացման ճանապարհային քարտեզ՝ մշակված գործնական քայլերով՝ սահուն անցման համար:  

Այնպես որ  Արցախի արևայնացման առաջին քայլերը կարծես թե արված են: Թե ինչպիսի   առաջընթաց  կգրանցեն դրանք, որքան մրցունակ կլինի արևային էներգետիկան  ավանդական՝ հիդրոէներգետիկայի  նկատմամբ՝  ցույց կտա ժամանակը և շուկան: