comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Մելիք Եգանի ապարանքում դարձյալ տոնախմբություն էր
Logo
Print this page

Մելիք Եգանի ապարանքում դարձյալ տոնախմբություն էր

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Հադրութի շրջանի Տող գյուղում, Մելիք Եգանի ապարանք-արգելոցի տարածքում,  կայացել է ամենամյա գինու փառատոնը՝  թվով վեցերորդն արդեն:  Այն  կազմակերպվել է  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու  Արցախի գինեգործների և խաղողագործների միության համատեղ ջանքերով:

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկել է ժամը 3-ին, բայց արգելոցի տարածքում եռուզեռը սկսվել էր դեռ վաղ առավոտից:

Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, Ազգային  ժողովի    նախագահ  Աշոտ  Ղուլյանը,  կառավարության անդամներ, հյուրեր՝  ՀՀ-ից  և  արտերկրից:

ՄԵՀԶ նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  այս տարի կազմակերպված միջոցառումը չնայած  իր մեջ կրում է փառատոնի՝ արդեն ձևավորված ավանդույթները, այնուամենայնիվ մի շարք նորարարություններով աչքի է ընկնում. ընդլայնվել  է փառատոնի  անցկացման  տարածքը, քանի  որ   մասնակցության հայտ ներկայացրած  գինեգործների  թիվը բավականին  շատացել  է, աղբահանության կազմակերպման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել. որպես   նորություն,  այս  անգամ արգելոցին կից  կանգնեցվել  է աղբահան  մեքենա: Նման ձևով կազմակերպիչները  փորձել են  պահպանել  տարածքի     մաքրությունը:  Տպագրվել են տեղեկագրեր՝ փառատոնի վերաբերյալ օգտակար տեղեկատվությամբ, այդ թվում և քարտեզով, որպեսզի զբոսաշրջիկներն ու մյուս հյուրերը հեշտ կողմնորոշվեն տարածքում: Հոգացել են նաև հասարակական զուգարանների մասին, որի բացակայությունը  նման միջոցառումների  ժամանակ խիստ զգացվում է:

Ա. Գրիգորյանն իրազեկել է, որ այս տարի    փառատոնին  մասնակցում  է  շուրջ  30   գինեգործ՝  նախորդ  տարվա  21-ի  փոխարեն: Խոսքը  գործարանային արտադրությամբ զբաղվող ընկերությունների մասին է, որոնք արդեն ունեն իրենց բրենդավորումը, վաճառքի կետերը և այլն: Փառատոնում ներկայացված էին նաև տնական գինի և այլ խմիչքներ արտադրող անհատներ: Տաղավարներ էին հատկացված  հուշանվերների, ձեռքի աշխատանքների  համար:    Ձևավորվել  է ավելի քան    80  տաղավար:   Արգելոցի տարածքում տեղակայված էին գինիների տաղավարները, այլ գյուղատնտեսական մթերքների, ուտեստների տաղավարները հիմնականում արգելոցի տարածքից դուրս էին:

 Գործում  էր   նաև   տեղեկատվական  երկու  կետ, որտեղ  փառատոնի  վերաբերյալ    բուկլետներ էին   բաժանվում  մարդկանց:  Գնային կարգավորում կազմակերպիչները չեն կատարել. փառատոնը   յուրատեսակ  ազատ  գոտի    է, որտեղ     յուրաքանչյուր  ոք   իր   ապրանքատեսակներն    է    վաճառում, բայց նման տոնավաճառները, ըստ  երևույթին,  ենթադրում են, որ  գներն այստեղ  շուկայականից ցածր պետք է լինեն:

Ա. Գրիգորյանի  խոսքով՝ փառատոնի հանդեպ  մեծ  էր տուրիստական գործակալությունների  հետաքրքրությունը: Նախարարությունը  նախնական մոնիթորինգ էր անցկացրել, որի տվյալներով հայաստանյան խոշոր տուրօպերատորները և հյուրանոցային տնտեսությունները  այս  միջոցառման հաշվարկով են նաև դեպի Արցախ շրջագայություններ նախանշել:

Ա. Գրիգորյանը տեղեկացրել է, որ կազմակերպվել են  նաև ուղևորափոխադրումներ: Հատկացված 15 ավտոբուսներից 12-ի  համար  տոմսերը ժամը 12-ի  դրությամբ լրիվությամբ վաճառված էին:  Փառատոնի ընթացքում ներկայացվել է մեծ ու հետաքրքիր համերգային  ծրագիր՝ Արցախի և Հայաստանի մենակատարների, դերասանների ու մշակութային խմբերի մասնակցությամբ. ազգային երգի  ու պարի ռիթմերը Մելիք Եգանի ապարանքում հնչել են մինչև ուշ երեկո:

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.