ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում հանքարդյունաբերությունն ավելի շատ թափոն է առաջացնում, քան որևէ այլ ոլորտ: Ուստի, մարդկանց առողջությանը սպառնացող վտանգից և երկարաժամկետ բնապահպանական ռիսկերից զերծ մնալու, հանքարդյունահանման տարածքներում ընդերքօգտագործման թափոնների պատշաճ կառավարումն ապահովելու, ինչպես նաև լքված, կոնսերվացված հանքավայրերի տարածքի և հատկապես շրջակա միջավայրի համար առավել վտանգավոր համարվող ընդերքօգտագործման թափոնների քանակի և վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից մշակվել է Արցախի Հանրապետության տարածքի լքված, կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիթորինգի ծրագիր, որի շրջանակներում նախարարության համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրականացվում են տեղազննման երթուղիներ՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար:
Ըստ ծրագրի, նախատեսվում է դիտայցեր հանրապետության բոլոր շրջանների համայնքների ուղղությամբ: Որպես առաջնային խնդիր` նախատեսվում է կազմել օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված կամ տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտներին վերաբերվող տեղեկատվական բազա։
Ս.թ. առաջին կիսամյակում իրականացվել է 10 այց Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ` 21 համայնքի վարչական տարածքներ: Ինչպես տեղեկացրեց ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետ Սևակ Ստեփանյանը, կատարված աշխատանքների ընթացքում Ասկերանի շրջանում հայտնաբերվել են 8 ավազակոպճագլաքարային կոնսերվացված հանքավայրեր, Մարտակերտի շրջանում՝ 4 ավազակոպճագլաքարային, 3 կրաքարային, մեկ հաբրո-պորֆիրիտ և մեկ քարածխի (ընդհանուր թվով՝ 9 կոնսերվացված հանքավայր նշված շրջանում), Մարտունու շրջանում? 3 ավազակոպճագլաքարային, մեկ ոսկու, մեկ հաբրո-պորֆիրիտ և մեկ կրաքարի (6 կոնսերվացված հանքավայր)։ Աշխատանքների ընթացքում իրականացվել է նմուշառում Դրմբոնի երեք պոչամբարներից, Զարդանաշենի և Մաղավուզի հանքավայրերից:
Նմուշների անալիզն իրականացվել է ՙԱպագա սերունդների հիմնադրամի՚ երկրաբանական փորձարկման լաբորատորիայում՝ ռենտգենասպեկտորային մեթոդով:
Երկրորդ եռամասյակում դաշտային ուսումնասիրություններ են իրականացվել Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 3 լքված տարածքներ և 3 փակված պոչամբարներ:
Ս. Ստեփանյանի խոսքով՝ ստացված տեղեկատվական բազայի ամփոփման արդյունքները թույլ են տալիս ամրագրել հետագա գործողությունների նախնական ընդհանրական ծրագիր, ինչը նպատակաուղղված կլինի շրջակա միջավայրի և ազգաբնակչության առողջության և անվտանգության համար առավել վտանգավոր տեղամասերի սահմանազատմանը, դրանց տարածքներում ուսումնասիրությունների կատարմանը, բացասական ազդեցությունների չեզոքացմանն ու ռիսկերի հնարավոր նվազեցմանը: