comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բերքի համաժողովրդական տոն էր Արցախում
[ARM]     [RUS]     [ENG]

Բերքի համաժողովրդական տոն էր Արցախում

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտի Վերածննդի  հրապարակում տեղի ունեցավ տարվա ՙՙամենահամեղ՚՚՚ միջոցառումը. Արցախում Բերքի տոն էր:  ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն  արդեն իններորդ տարին է, ինչ Գյուղատնտեսության աշխատողի օրը նշում է այսպես՝ մեծարելով հողվորին, նրա վաստակը:  Իրենց բերք ու բարիքը ցուցահանդես-վաճառքի էին հանել Արցախի բոլոր շրջանները. ընդհանուր առմամբ  տեղադրվել էր  500 տաղավար, տեղ էր հատկացվել նաև մեքենաների համար: Մասնակիցների քանակը գերազանցում էր հազար երկու հարյուրը: ԱՀ  գյուղատնտեսության  նախարար  Ժիրայր  Միրզոյանը նշել է,  որ   ամեն  տարի   Բերքի տոնի  մասնակիցների   թիվն    ավելանում  է, նախորդ  տարիների  համեմատ   այս  տարվա  միջոցառումն  ամենաբազմամարդն  էր: Բերքի  տոնի ցուցահանդես-վաճառքին    մասնակցելու  համար  լիազոր մարմին հայտ էին ներկայացրել 1020  անհատ:  Գերատեսչությունը հոգացել է, որ չհայտագրվածները ևս   ապահովվեն  անվճար  տեղերով: Նախարարությունը հոգացել է նաև  տրանսպորտային բոլոր ծախսերը, ինչն իր ազդեցությունն է թողել տոնավաճառ հանված ապրանքների գների վրա. տնտեսվարողները դրանք  վաճառել են  շուկայականից ցածր գներով։ 

Շահումյանի շրջանը Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին մասնակցեց 12 տաղավարով, 17 մեքենայով:   Նրանց մեքենաների շարասյունը  կեսգիշերին է դուրս եկել  շրջանից: ինչու այդքան վաղ՝ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռ. Բաբաջանյանը պարզաբանեց, որ անվտանգ տեղ հասնելու միտումներից ելնելով. գիշերը երթևեկությունն ավելի թեթև է, իսկ իրենց ճանապարհը երկար է:  Առավոտյան ժամը 4-ին նրանք արդեն պատրաստ էին ընդունելու գնորդներին, հյուրասիրելու Նոր Շահումյանի անարատ մեղրով, գոմեշի մածունով ու ռեժանով, մյուս բարիքներով: Ասկերանի շրջանը մեծ կազմով է ներկայացել. ունեին 77 տաղավար, մասնակցել է 36 համայնք: Գյուղատնտեսական տարին երաշտի պատճառով մի քիչ բարենպաստ չի եղել, բայց մշակի տքնաջան աշխատանքի շնորհիվ հաջողվել է բավարար ցուցանիշներով ամփոփել այն: Շրջվարչակազմի գյուղբաժնի պետ Ա. Ղուլյանի խոսքով, քանակ ապահովելը  միակ  նպատակը չէ ասկերանցիների: Նրանք ամեն ինչ արել են, որ  տաղավարները լինեն գեղեցիկ, իսկ ցուցադրվող և վաճառվող ապրանքը՝ որակով:

Իրենց  տաղավարներն առավել ներկայանալի ցուցադրելու իսկական մրցավազք էր  Վերածննդի  հրապարակում.  ամեն ինչ անչափ հետաքրքիր էր ներկայացված, և ոչ միայն գյուղատնտեսական ապրանքների տեսքով: Շուշին   արվեստի գործեր, ձեռքի աշխատանքներ  էր ցուցադրել, Հադրութը՝  իր անմահական թթուների տեսականին,  Մարտակերտը՝ արևադարձային պտուղներ, Մարտունին՝ անթերի խաղող ու նուռ: Բայց ամենաօրիգինալն ու ակտիվը, ինչպես յուրաքանչյուր տարի՝ Քաշաթաղն էր: Շրջանը զբաղեցրել է 224 տաղավար, ներկայացել են 448 մեքենայով: Տաղավարի ձևավորմամբ նրանք նույնպես առանձնանում էին: Նելլի Թաթոսյանը, ով շրջվարչակազմում վերաբնակեցման հարցերով պատասխանատուն է, ներկայացրեց, թե ինչ  խորհրդանիշներ են օգտագործել   տաղավարի ձևավորման ընթացքում. կամարը, որն ապահովում էր մուտքը դեպի գլխավոր տաղավար, և որի վրա գրված էր  ՙՙՈւժեղ Քաշաթաղ՚՚, Արցախն ու   Հայաստանը իրար  կապող ճանապարհն է խորհրդանշում, որ անցնում է Բերձորով, գրությունը  վկայում է այնտեղ ապրողների ուժեղ կամքի, ստեղծարար մտքի ու ամուր ոգու մասին: 25 թվանշանով տորթը վերածնված Քաշաթաղի խորհրդանիշն է: Տաղավարում ներկայացված էին անտառային հատապտուղներից  ու արևադարձային էկզոտիկ մրգերից   ձևավորումներ, հետաքրքիր դեկորացիաներ: Այս անգամ բավականին ակտիվ մասնակցություն է ապահովել Մարտակերտի շրջանը.՝ զբաղեցնելով 30 տաղավար, 60 մեքենա: Յուրաքանչյուր շրջան իր գլխավոր տաղավարն այցելող պաշտոնական պատվիրակությանը  դիմավորում էր երգ ու պարով կամ փոքրիկ բեմադրությամբ:  Հանրապետության մշակութային խմբերն ապահովել են   մասնակիցների բարձր տրամադրությունն ու տոնակն մթնոլորտը: 

Որպես  նորություն՝Բերքի տոն-2019-ին  առաջին անգամ տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակիցներ կային  Հայաստանի Հանրապետությունից, մասնավորապես, ներկայացված է եղել  յոթ մարզ: Տաղավարներ են տրամադրվել նաև հայտ ներկայացրած վերամշակող կազմակերպություններին՝ 22-ը, հանրային սննդի օբյեկտներին ու անհատներին՝ 8-ը և այլ կազմակերպությունների՝ 19-ը: Որպեսզի միջոցառումն ավելի կազմակերպված լինի, նախաձեռնողները հրապարակի կենտրոնում տեղադրել են նաև ցուցանակ՝ Բերքի տոնի ցուցահանդես վաճառքի տաղավարների սխեմայով:

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկել է Բերքի օրհնանքով՝ Արցախի թեմի առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանի  կողմից: Բացմանը ներկա են գտնվել   Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բազմաթիվ հյուրեր:

 

Խոսելով բերքի  տոնին   ամենաշատ     պահանջարկ   ունեցող   գյուղմթերքների մասին՝ Ժ.  Միրզոյանն  առանձնացրել  է սոխը, կարտոֆիլը  և  մսամթերքը:

Նախարարն  ասել է  նաև, որ   գյուղատնտեսական  տարին    այնքան  էլ  բարեհաջող  չի  եղել՝ մանավանդ    դաշտավարային   մշակաբույսերի  համար, իսկ  բանջարեղենի  և  այգեգործության  ճյուղերում   ավելի   լավ  ցուցանիշներ   են  արձանագրվել, քան  նախորդ  տարի:

 

 Ժ.  Միրզոյանը   Բերքի   տոնը    համաժողովրդական  տոն   է համարում,  քանի  որ   յուրաքանչյուր արցախցի այս կամ այն    կերպ  առնչվում է   գյուղատնտեսության  հետ: 

Ցուցահանդես վաճառքի արդյունքները կամփոփվեն առաջիկայում: