comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՏԻՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՏԻՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Նոյեմբերի 29-ին  գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանի և Արամ րիգորյանի նախագահությամբ տեղի  ունեցած ԱՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրինագծում նախատեսված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման վերաբերյալ հարցը։ Ներկա են եղել Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ Դ. Սարգսյանը, շրջվարչակազմերի ղեկավարները։

Քաղաքապետի  ներկայացրած տվյալների համաձայն, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2020 թվականի բյուջեն եկամուտների գծով նախատեսվում է 1 միլիարդ 950 միլիոն դրամի չափով։  Ստեփանակերտ քաղաքի 2020 թվականի  բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  նույնպես նախատեսվել է 1 միլիարդ 950 միլիոն  դրամ։

Հարկային եկամուտները և տուրքերը ծրագրվել են 486 միլիոնի չափով։ ույքային հարկերը` 378,5 միլիոն։ Տեղական տուրքերը կկազմեն  73 միլիոն դրամ, համայնքի բյուջե վճարվող  պետական տուրքերը՝ 20 միլիոն դրամ։

 Շինարարության ոլորտի աշխատանքների, մասնավորապես՝ շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսվել է 180 միլիոն դրամ։ Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսվել է  գրեթե 1.5 մլն  դրամ։ Կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը նախատեսվել են 380 միլիոն դրամի չափով։ Այդ գումարից  շենքերի և շինությունների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն է նպատակաուղղվելու  199 միլիոն դրամ։ 190մլն  էլ հատկացվելու է  փողոցների լուսավորության ծրագրին։

 Դ. Սարգսյանը  ներկայացրել է նաև մշակույթի, կրթության, սպորտի ոլորտների հատկացումների մասին տվյալներ։

2020 թվականի Մարտունու շրջանի համայնքային բյուջեի նախագծում,  շրջվարչակազմի ղեկավար Ա. Մելքումյանի տեղեկատվությամբ,  2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի համաձայն եկամուտները պլանավորվում են 201 միլիոն  դրամի չափով՝ 2019 թվականի 188 միլիոն դրամի փոխարեն։ Ստացվում է՝ դրանք կավելանան գրեթե 13 մլն-ով։ 

Հողի հարկը նախատեսվում է 647 հազար դրամի, փոխադրամիջոցների գույքային հարկը՝ 9 միլիոն 616 հազար դրամի, պետական տուրքը՝ 700 հազար, հողի վարձավճարը՝ 900 հազար և տեղական վճարները՝ 500 հազար դրամի չափով։

Ա. Մելքումյանը նշել է, որ ծախսերը 2020 թվականին նախատեսվում են  375 միլիոն 310 հազար դրամ՝ 2019 թվականի 316 միլիոն 78 հազար դրամի փոխարեն։ Ծախսերի ավելացումը պայմանավորված է Մարտունի քաղաքում սանմաքրման համար հատկացվող 34 միլիոն դրամի գումարի պլանավորմամբ և Մարտունու մարզադաշտի՝ 7 միլիոն 368 պահպանման ծախսերի նախատեսմամբ։ Պետբյուջեից հատկացվող դոտացիոն գումարը նախատեսվում է գրեթե  185 միլիոն դրամի չափով։ 2020 թվականին  շրջանի վարչակազմի նախահաշիվը  նախատեսվում է 157 միլիոն 741 հազար դրամ՝ 2019 թվականի 144 միլիոն 738 հազար դրամի փոխարեն։

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հ. Ղահրամանյանը, մինչև բուն քննարկվող հարցին անցնելը, անդրադարձ կատարեց 2019 թվականին շրջանում կատարված աշխատանքներին: Նա իրազեկեց, որ պետպատվերի շրջանակներում  1մլրդ 352 մլն դրամի շինարարություն է կատարվել, 500 ընտանիքի  158 մլն դրամի չափով շինանյութերի ձևով աջակցություն է տրվել։

2020 թվականին, ընթացիկ տարվա համեմատ  Ասկերանի շրջվարչակազմի բյուջեի նախատեսված պլանի համաձայն, եկամուտների  և ծախսերի ավելացում  է կատարվել։ 334 մլն դրամ կհատկացվի պետական պատվերով բնակարանաշինությանը։ 78 մլն դրամ բյուջեով նախատեսվում է աղբահանության խնդիրների լուծմանը։ 100 մլն դրամի չափով ճանապարհաշինական աշխատանքներ են նախատեսվում։

Հադրութի շրջանի բյուջեի տվյալներով, ինչպես նշեց շրջվարչակազմի ղեկավար Կ. Պետրոսյանը,  եկամուտները նախատեսվում են  74 մլն դրամ, որն անցյալ տարվա համեմատ ավելի է 8 մլն դրամով։ Ծախսերը կկազմեն 326 մլն դրամ։ Այն 2019 թվականի համեմատ աճել է 66 մլն դրամով։

Մարտակերտի շրջանի  վարչակազմի ղեկավար Է. Հարությունյանի խոսքով, շրջանի տարեկան ծախսերը 2020 թվականին կկազմեն 167 մլն դրամ։  Համայնքային բյուջեն 2020 թվականին էականորեն չի տարբերվի իր նախորդից, սեփական եկամուտները կկազմեն 128 մլն769 հազ դրամ, ծախսային մասը կկազմի  463 մլն դրամ։  

Շուշիի շրջանի վարչակազմի և համայնքային բյուջեն գրեթե անփոփոխ է և վարչակազմի ղեկավար Վ. Կասյանը դրանց մասին տվյալները չներկայացրեց՝ միանգամից պատասխանելով պատգամավորների հարցերին։

Քաշաթաղի շրջանում, ինչպես իրազեկեց  նրա ղեկավար Ս. Սարգսյանը,  սեփական եկամուտները 2020 թվականին կկազմ?ն 152 մլն, որը 15 տոկոս աճ կունենա 2019 թվականի համեմատ։  Ծախսերը նույնպես աճելու են 15 տոկոսով` կազմելով  472 մլն դրամ։

Շահումյանի շրջանի վարչակազմի  ֆինանսավորումը,  շրջվարչակազմի ղեկավար . Մարտիրոսյանի տեղեկատվությամբ,  կկազմի 129 մլն 588 հազ դրամ։  Շահումյանի շրջանի 2020 թվականի համայնքների բյուջեն, ներկայացված  օրինագծի համաձայն, ծախսային մասով  պլանավորվում է 149 մլն դրամ։  Եկամուտները պլանավորվում են 9 մլն 510 հազար դրամի չափով:

Նիստն անցել է բուռն քննարկումների մթնոլորտում. պատգամավորներն իրենց մտահոգությունները բարձրացրին կարևոր մի շարք հարցերի առնչությամբ, որոնք արգելակում են համայնքների համաչափ զարգացումը։  Խոսվեց գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինների՝ տարբեր մակարդակներում փոխհամագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին։  Մի քանի պատգամավորներ կարծիք հայտնեցին Պետական բյուջեի՝ պրոֆիցիտով կազմման անտրամաբանական լինելու մասին, առկա՝ շտապ լուծում պահանջող խնդիրների առկայության ֆոնին։

;