ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ք. Ասկերան
Պատմության սեփականությունը դարձավ 2019 թվականը։ Ժամանակն է ի մի բերելու նաև գյուղատնտեսության բնագավառում գրանցված հաջողությունները, ձեռքբերումներն ու բացահայտելու թերացումները։ Գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, այնքան էլ բարեհաջող չէր, քանզի կարկտահարությունը, հրդեհներն ու երաշտն իրենց բացասական ազդեցությունն են թողել բերքի հասունացման և բերքահավաքի վերջնական արդյունքների վրա։
Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանից, հաշվետու տարում շրջանում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 16481.5հա:
Ինչպես և նախորդ տարիներին, 2019-ին ևս ցանքատարածքների գերակշռող մասը կազմել են հացահատիկային մշակաբույսերի տարածքները։
Շրջանում բերքի իրացման խնդիր չի առաջացել։ Ավանդական դարձած բերքի տոնին շրջանի հողօգտագործողներն ու ֆերմերները ներկայացել են սեփական արտադրանքի և վերամշակված գյուղմթերքի բազմապիսի և հետաքրքիր տեսականիով, որոնք իրացվել են բավականին շահավետ գներով։
Քանի որ գյուղատնտեսության բնագավառում բացակայում է ապահովագրական համակարգը, ուստի կառավարությունն անմասն չի մնում հողօգտագործողներին բնական աղետներից կրած վնասի դիմաց աջակցություն տրամադրելուց։ Գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը մեղմացնելու նպատակով իրագործվում են մի շարք ծրագրեր եւ կիրառվում աջակցության տարբեր մեխանիզմներ։
Հաշվետու ժամանակաշրջանում կարկտահարությունից 80-100 տոկոսով տուժել է 873 հա ցանքատարածք։ Կառավարության համապատասխան որոշման համաձայն 15 համայնք ստացել է 41696500 դրամ դրամական փոխհատուցում։ Բացի այդ, կարկտահարությունից եւ երաշտից վնաս կրած հողօգտագործողներն ազատվել են 2019 թվականի համար հաշվարկված եւ վճարման ենթակա հողի հարկի ու վարձակալության վճարների գումարներից, որոնք կազմել են ավելի քան 22 միլիոն դրամ։ Պահուստային ֆոնդի 1197.7հա հողերի մասով՝ երաշտի և կարկտի պատճառած վնասի փոխահատուցման շրջանակներում, կատարվել է 7186200 դրամ գումարի չափով հողի վարձավճարից ազատում։
Ա. Ղուլյանի տեղեկատվությամբ, վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք բավականին դրական ազդեցություն են ունեցել բնագավառի վրա: 2019 թվականին բուսաբուծության ճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումներն իրականացվել են բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի տեսքով։ Իրականացվել է գարնանացան մշակաբույսերի սերմերի եւ հանքային պարարտանյութերի անհատույց տրամադրման ծրագիր, որի նպատակն է բանջարաբոստանային եւ հացահատիկային մշակաբույսերի հետ մեկտեղ մշակության մեջ դնել գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են հնդկացորենը, արևածաղիկը, կտավատը, հլածուկը, սոյան, սիսեռը, ոլոռը, ոսպը, առվույտը, կորնգանը։ Կարելի է փաստել, որ կառավարության հետևողական գործունեության արդյունքում վերջին մի քանի տարիներին ընդլայնվել է տրամադրվող գարնանացան կուլտուրաների տեսակային կազմը։
Հարկ է նշել, որ ընթացիկ տարում հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի տարածքները բավականին ընդլայնվել են։ Իսկ բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում արևածաղկի, հլածուկի եւ սոյայի սերմերի հետ միասին տրամադրվել է նաև հանքային պարարտանյութ։ 2019 թվականին գարնանացան մշակաբույսերի ցանքս իրականացնող հողօգտագործողներին հնարավորություն է ընձեռվել սերմերի հետ միասին (բացառությամբ արեւածաղկի, հլածուկի, սոյայի սերմերի) սուբսիդավորված գներով ձեռք բերել նաև դիզելային վառելիք:
Բանջարեղենի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագրի իրականացման շնորհիվ զգալիորեն ավելացել է բանջարեղենի արտադրությամբ զբաղվողների թիվը:
Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում 2019 թվականին նախապատվությունը տրվել է նռան այգիների տարածքների ընդլայնմանը։ Անցած տարում շրջանի մի շարք հողօգտագործողների անհատույց տրամադրվել են նռան տնկիներ, հիմնադրվել է 158.5հա նռան այգի։ Գործընթացը շարունակվել է նաև աշնանը, ևս 102.7հա նռան այգի հիմնադրելու համար տնկիներ են տրամադրվել՝ համաձայն գյուղբաժին ներկայացրված հայտերի։ Իսկ ծովի մակարդակից 900մ բարձրության վրա գտնվող համայնքներին 45հա պտղատու այգի հիմնելու նպատակով անհատույց տրամադրվել են ընկուզենու, սալորի, խնձորենու, տանձենու, կեռասենու, արքայանարնջի, սերկևիլենու, տխլենու տնկիներ։ Հարկ է նշել, որ այգեգործության զարգացման ծրագրերի իրականացման շնորհիվ աճել են բազմամյա տնկարկների արտադրական նշանակության՝ մասնավորապես նռան այգիների տարածքները, որոնք շրջանում հասնում են շուրջ 850 հեկտարի։
Ծխախոտագործությունը խթանելու նպատակով նախատեսվում է ծխախոտի մշակությունից ստացված բերքի մթերման համար հողօգտագործողներին տրամադրել մեկ կիլոգրամի դիմաց 10 դրամ լրավճար, ինչը ոչ միայն կնպաստի ծխախոտի տարածքների ավելացմանը, այլ նաև բնակչության զբաղվածության հարցի լուծմանը։
Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման թռիչքային ծրագրով նախատեսվում է աստիճանաբար անցնել մեքենայացված անասնաբուծությանը:
Ներկայում շրջանում շարունակվում է աշնանացան մշակաբույսերի ցանքսը։
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության բաժնի գյուղատնտես-մասնագետ Գագիկ Գաբրիելյանը, բաժնում շարունակվում է գարնանացան մշակաբույսերի ցանքսի համար հայտերի հավաքագրումը, որի պահանջարկը ներկա դրությամբ կազմում է 5175հա։
Խոսելով գյուղատնտեսության բնագավառում անելիքների և խնդիրների, գյուղատնտեսության զարգացնելուն ուղղված պետության կողմից առաջարկվող ծրագրերի մասին, Ա. Ղուլյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ մի շարք գործոններ դեռևս խոչընդոտում են գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը։ Նշանակալից արդյունքների հասնելու համար կառավարության կողմից շարունակվելու են հողօգտագործողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերը։ Ուստի հողօգտագործողները բարձր բերքատվությունն ու մթերատվությունն ապահովելու համար պետք է օգտվեն նորարարական տեխնոլոգիաներից, այսինքն` քայլեն ժամանակին համահունչ, ինչը կնպաստի գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը եւ տնտեսական աճի ապահովմանը։
Ա. Ղուլյանը նշեց, որ բաժինը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա հիմնախնդիրները, գյուղատնտեսությամբ զբաղվողներին մեթոդական օգնության ցուցաբերումը: